Բարոյական դաշտում

25/02/2012

«Քաղաքական ուժերը կեղծիքներ կատարելու միտում ունեն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` խոսելով ներքաղաքական զարգացումների եւ նախընտրական շրջանի մասին: Ըստ նրա, դա չի քննադատվում, չի ընկալվում որպես մի այնպիսի բան, որի համար պետք է ներողություն խնդրել կամ բացատրություն տալ: «Հակառակը, դա արդարացվում է, օրինակ` հետեւյալ բանաձեւով` դա հանցագործություն չէ: Սա երկար շահարկվելու է, մինչեւ հստակ չընդունվի, որ առնվազն բարոյական դաշտում դա անընդունելի է բոլորիս համար»,- ասել է Լ. Ալավերդյանը, ում փորձել է հակադարձել ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը` ասելով, թե ՀՀԿ-ն այդ քաղաքական կամքն ունի, եւ դա դրսեւորելու է` նորմալ, առանց ընտրակեղծիքների ընտրություններ անցկացնելու համար: «Ցանկալի է, որ այս ընտրարշավը առողջ պայմաններում ընթանա, բայց դա միշտ չէ մեր ցանկությամբ»,- ասել է Աճեմյանը: «Իսկ ո՞ւմ վրա է պատասխանատվությունը, որ ընտրակաշառքներ չեն բաժանվի»,- հարցրել է Լարիսա Ալավերդյանը: Կարինե Աճեմյանն ասել է, որ դրա պատասխանատուն իշխանությունն է, սակայն, ըստ նրա, հասարակությունը նույնպես պետք է մասնակցի դրան եւ տեր կանգնի իր քվեին: