Մեծամասնականի գերիները

25/02/2012

«Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների կողմից հեղինակած 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 28-ին: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն, երեկ բացասական եզրակացություն տվեց այդ օրինագծին: Ընդդիմադիր խմբակցություններն այն քննարկման կներկայացնեն արտահերթ կարգով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հանձնաժողովում օրինագիծը ներկայացնելիս` ասաց, թե Ընտրական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբում նախապես պայմանավորվածություն է եղել, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է գործի միայն 100 տոկոս համամասնական ընտրակարգ, սակայն, անհայտ պատճառներով, այդ պայմանավորվածությունը խախտվել է: Բացի այդ, ՀՀ քաղաքական գրեթե ողջ դաշտը համաձայն է այս փոփոխությանը` բացառությամբ ՀՀԿ-ի: Հենց դրա համար էլ այդ նախաձեռնությունը քաղաքական դաշտում ստացավ «Կոնսենսուս-1» անվանումը: Խորհրդարանական ընդդիմության կողմից երեկ կրկին տեսակետներ հնչեցին, որ մեծամասնական ընտրակարգը իշխանություններին հնարավորություն է տալիս վերընտրվել ընտրակաշառքի եւ այլ ապօրինի միջոցներ կիրառելու շնորհիվ: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, թե մեծամասնական ընտրակարգ ունենալը 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին թույլ տվեց խորհրդարանում ունենալ 51 տոկոսից ավելի, այն դեպքում, երբ համամասնական ցուցակով ստացել էր 34 տոկոս ձայն: «Համարո՞ւմ եք արդյոք, որ հասարակական պատկերացումներին ու կամքին համապատասխան է այն վիճակը, որ պառլամենտում իշխանությունը պետք է պատկանի մեկ քաղաքական ուժի, այն դեպքում, երբ հասարակությունն այդ ուժին գործուղել է 34 տոկոսով»,- հարցրեց Ա.Մինասյանը: «Հարցն ավելի շատ քաղաքական հարթության մեջ է: Եվ այս տեսակետից ես կարծում եմ, որ այս նախագիծն անընդունելի է»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` կարծես թե խոստովանելով, որ հենց ՀՀԿ-ին է ձեռնտու, որ համամասնականի հետ զուգահեռ` պահպանվի նաեւ մեծամասնական ընտրակարգը: «Սա մի համակարգ է, որը հնարավորություն է տալիս, որ ձեւավորվի կայուն իշխանություն: Հասկանում եմ, որ սա կարող է դիտվել ոչ շատ դրական երեւույթ փոքրիկ, աննշան կուսակցությունների համար, որոնց համար 100 տոկոս համամասնականին անցումն ավելի շատ տեղեր ունենալու հնարավորություն կտա: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ խորհրդարանական մեծամասնությունը պետք է ղեկավարվի այդ նույն սկզբունքով: Մեր հիմնական տեսակետը քաղաքական առումով բացասական է»,- ավելացրեց նա` հույս հայտնելով, որ օրինագիծը կմերժվի թե հանձնաժողովում, թե լիագումար նիստում:

Հիշեցնենք, որ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախապես նույնպես հայտարարել էր 100 տոկոս համամասնական ընտրակարգին իրենց կողմ լինելու մասին, սակայն, երբ ՀՀԿ-ի հետ ունեցած լարվածությունը թուլացավ, այդ խմբակցության անդամները թուլացրեցին իրենց շահագրգռվածությունը մեծամասնական ընտրակարգը վերացնելու նկատմամբ: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը դեռ չի քննարկել, թե ՀՅԴ-ի ու «Ժառանգության» այս օրինագծին ինչպե՞ս պետք է քվեարկի` այն դեպքում, երբ այս երկու խմբակցությունների հետ միասին ստորագրել էր խորհրդարանական լսումներ անցկացնելու պահանջի տակ: Ամեն դեպքում, եթե նույնիսկ ԲՀԿ-ն կողմ քվեարկի, միեւնույն է, 100 տոկոս ընտրակարգին անցնելու մասին այս օրինագիծը չի ընդունվի, որովհետեւ միայն ՀՀԿ խմբակցությունն ավելի շատ պատգամավորներ ունի, քան խորհրդարանական մյուս խմբակցությունները միասին: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից, փետրվարի 28-ին ԱԺ-ում ներկայացնելու է այս հարցը: