Ժողովուրդը կարող է դառնալ «ներքին թշնամի»

25/02/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երեկ հերթական անգամ քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունը մինչ այժմ չի ունեցել արտակարգ դրության հետ կապված որեւէ օրենք: Այդ հարցը կարգավորվել է միայն ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն` «սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում ՀՀ նախագահը խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ` հայտարարում է արտակարգ դրություն»: Եվ հիմա Կառավարությունը ներկայացնում է մի օրինագիծ, որը Սահմանադրության շրջանակներում պետք է սահմանի արտակարգ դրության հետ կապված բոլոր ռեժիմները: Սակայն օրինագիծն արժանացավ մի շարք քաղաքական ուժերի բուռն քննադատությանը, որովհետեւ այն թույլ է տալիս նաեւ Զինված ուժերն օգտագործել արտակարգ դրություն հաստատելու դեպքում: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ օրինագծի այս դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ի դեպ, ԱԺ նիստերի ժամանակ նման հայտարարություն է արել նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Այնուամենայնիվ, օրինագիծը փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում: Սակայն այդ քննադատություններին ինչ-որ չափով տեղիք տալով` լրամշակելու նպատակով Կառավարությունը մի քանի օր առաջ այն 1 օրով ետ կանչեց եւ որոշակի փոփոխություններից հետո երեկ նորից ԱԺ ուղարկեց: Բայց որոշ փոփոխություններից հետո անգամ պահպանեց այն դրույթը, որի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Զինված ուժերը կարող են ներգրավվել: Օրինագիծը Պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ նորից արժանացավ այնպիսի բուռն հակազդեցության, որ պատգամավորները մոտ 3 ժամ քննարկելուց հետո չհասցրեցին հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյա նիստ ընդգրկելու համար այն հաստատել կամ մերժել: Որոշեցին քննարկումը շարունակել երկուշաբթի առավոտյան` մինչեւ լիագումար նիստի սկսվելը:

Կառավարությունից օրինագիծն այս անգամ ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ լրամշակված տարբերակով նույնպես Զինված ուժերը կարող են «ներգրավվել մի շարք խնդիրների իրականացման համար այն դեպքում, եթե Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ուժերը բավարար չեն»: Բայց արդյո՞ք դա չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: «Մեր Սահմանադրությունը ամրագրում է, որ Զինված ուժերը կարող են օգտագործվել երկրի անվտանգության, պաշտպանության ապահովման համար: Անվտանգությունն ունի 2 բաղադրիչ` ներքին եւ արտաքին: Սահմանադրական կարգին սպառնացող վտանգները, որոնք այլ կերպ հնարավոր չէ չեզոքացնել, քան արտակարգ դրություն հայտարարելու միջոցով, ուղղակի սպառնալիք են մեր ներքին անվտանգությանը: Հետեւաբար` Սահմանադրությունը լիարժեք հնարավորություն է նախատեսում հայտարարելու արտակարգ դրություն եւ գործադրելու Զինված ուժերը, բայց մի շարք սահմանների եւ սահմանափակումների պահպանման պարագայում, ոչ թե լիարժեք ազատության պայմաններում»,- ասաց փոխնախարարը, սակայն խուսափեց ուղղակիորեն հարցին պատասխանել:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված շատ են քննարկվել Զինված ուժերի օգտագործման եւ դրա հակասահմանադրականության եւ անօրինականության հետ կապված հարցերը: Գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ եթե նորից կրկնվեն Մարտի 1-ի նման իրադարձությունները, այս օրինագծի համաձայն` իշխանությունները նորի՞ց օգտագործելու են Զինված ուժերը: Այս հարցին Գ.Մուրադյանը նորից անուղղակի, բայց դրական պատասխան տվեց. «Այս օրենքը ինքնին կոչված է կանխարգելելու, որպեսզի չկրկնվեն Մարտի 1-ի նման դեպքերը: Եթե այդ կանխարգելումը հնարավոր չէ, եւ հայտարարվում է արտակարգ դրություն: Այդ պայմաններում այս օրենքը դնում է մի շարք բացառություններ ուժ կիրառելու եւ իշխանությունը կիրառելու համար` չբացառելով, այո, զինված ուժերի ներգրավումը, բայց բացառելով նրանց ներգրավումը` որպես մարտական ուժ: Դա հնարավոր է միմիայն ոստիկանական զորքերի համար սահմանված ընթացակարգերով»:

Այսպիսով փոխնախարարը կարծես թե հաստատեց այն մտահոգությունները, թե այս օրենքն ընդունվում է օրինականացնելու համար բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին, թեեւ դա հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Գ.Մուրադյանը նաեւ հաստատեց, որ բանակը կարող է ներգրավվել նաեւ, այսպես ասած, զանգվածային անկարգությունների ժամանակ: Նրա խոսքերով, բանակն այդ ընթացքում չպիտի լինի քաղաքացիների հետ շփման առաջին գծում, ետին շարքերում պահպանելու է հատուկ պահպանվող օբյեկտները` ատոմակայան, Ազգային ժողով, նախագահի նստավայր, եւ այլն: Սակայն, եթե այդ ժամանակ որեւէ հարձակում լինի այդ օբյեկտների վրա, ապա բանակը կարող է արդեն գործուն միջամտություն ունենալ: Մարտի 1-ի դեպքերի դատաքննությունների ժամանակ ընդդիմությունը բազմաթիվ փաստեր ներկայացրեց, որ այդ բախումները երբեմն հրահրվել են իշխանությունների կողմից ուղարկված ինչ-որ սադրիչների միջոցով: Նույնիսկ դատավարությունների ժամանակ այդ դեպքերին մասնակից որոշ մեղադրյալներ անզգուշորեն բացահայտել էին, որ իրենք իշխանությունների կողմնակիցն են եղել: Այս պարագայում նույնպես դժվար չէ զանգվածային միջոցառումների ժամանակ սադրանքներ կազմակերպել եւ այդ հատուկ պահպանվող օբյեկտների վրա միջոցառմանը մասնակից մարդկանց կողմից հարձակման տպավորություն ստեղծել: Այդ պարագայում արդեն բանակը քաղաքական գործընթացներին միջամտելու իրավունք կունենա: Սադրելու հանգամանքն ընդունեց նաեւ փոխնախարարը, սակայն չհամաձայնեց, որ այն կարող են հրահրել իշխանությունները:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նորից անթույլատրելի եւ հակասահմանադրական համարեց բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին: Նա նաեւ խնդրահարույց համարեց ԱԺ-ի դերակատարումը արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված: «ԱԺ-ին թողել են ընդամենը դակիչի դերում, այն դեպքում, երբ շատ հստակ պետք է լիներ, թե ինչ դեպքերում ԱԺ-ն չպետք է հաստատի արտակարգ դրության հետ կապված հրամանագիրը: Մենք, ըստ էության, լեգիտիմացրել ենք մարտիմեկյան իրավիճակը` որոշ սվաղված ձեւակերպումներով»,- ասաց պատգամավորը: