Ողջունել է

25/02/2012

ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ` երեկ քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը հանդես է եկել հայտարարությամբ` գնահատելով «Հանրապետության» երեկ արտահայտված դիրքորոշումը ՀԱԿ համամասնական ցուցակի վերաբերյալ: «Անկախ այսօրվա իմ քաղաքական կարգավիճակից` «Հանրապետություն» կուսակցությունում են մեկտեղված իմ ամենալավ ընկերները, ովքեր անուրանալի ավանդ ունեն հատկապես Արցախյան պատերազմում: Խորհրդարանական առաջիկա ընտրություններին կուսակցության պասիվ մասնակցության մասին հայտարարությունն իմ ընկերների քաղաքական կամքի, քաղաքացիական կեցվածքի խոսուն դրսեւորումն է: Այդպես կվարվեր Հայաստանի յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի, ով ականատես է մի իրականության, որի մի կողմում` չբարեփոխվող իշխանությունն է, մյուս կողմում` բարեփոխման հետ չասոցիացվող ընդդիմությունը»,- հայտարարել է Սուրեն Սուրենյանցը` շեշտելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր քվեն տալու է ՀԱԿ-ին` «բացառապես այն պատճառով, որ այդ ցուցակի երրորդ համարում հանդիպելու է լուսավոր մի մարդու անվան»: Սուրեն Սուրենյանցը նաեւ հույս է հայտնել, որ մի օր նախագահական ընտրություններում արժեւորված կհամարի իր քվեն` քվեաթերթիկում տեսնելով Արամ Սարգսյանի անունը: «Ես հավատարիմ եմ սպարապետ Վազգեն Սարգսյանի արժեքային համակարգին ու քաղաքական ժառանգությանը»,- հայտարարել է Ս. Սուրենյանցը: