«Շատ ցավալի է, որ մարդիկ մի քանի քայլ չեն կարողանում հաշվել: Քաղաքական ուժ կար, որը հայտարարում էր, թե «Մենք «կողմ» կքվեարկենք, «կողմ» կքարոզենք, բայց եկեք, արտահերթ ընտրություններ արեք, ի՞նչ կլինի»: Այս մասին ոչ միայն հրապարակավ է ասվել, այլ նաեւ գրավոր խնդրանքով դիմել էին պարոն Ֆրիդին՝ Կոնդոլիզա Ռայսի տեղակալին: Նրա Հայաստան կատարած այցի ժամանակ խնդրել էին, թե՝ «Պարոն Քոչարյանին ասեք, որ մենք սահմանադրական փոփոխություններին կողմ կլինենք, եթե ԱԺ-ն լուծարի, նոր ընտրություններ կազմակերպի»: Բացարձակապես այստեղ որեւէ տրամաբանություն չկա: Եթե վատն է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա թող դեմ լինեն, եթե լավն է՝ թող «կողմ» արտահայտվեն: Ի՞նչ կապ ունի այստեղ արտահերթ ընտրությունները: Այդ ընտրությունները նախագծի որակը փոխո՞ւմ են»,- «Հայելի» ակումբում Ալբերտ Բազեյանի հետ բանավեճի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Թեեւ պարոն Թորոսյանը որեւէ անուն չտվեց, սակայն ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում է «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին: Ըստ Տ. Թորոսյանի՝ բոյկոտի, «այո»-ի կամ «ոչ»-ի կողմնակիցները կարող են իրենց տեսակետն արտահայտել, բայց նրա համար անհասկանալի է ընդամենն օրերի տարբերությամբ տրամագծորեն տարբեր արտահայտություններ անելը: «Ընդհանրապես, եթե հանրաքվեն համընկնում է համապետական ընտրություններին, ապա ընտրության գնացողների թիվն ավելի մեծ է լինում: Ընդդիմությունն իր հանդիպումների ընթացքում, տեսնելով, որ «ոչ» ասողների թիվը շատ քիչ է, որոշեց բոյկոտ հայտարարել, որպեսզի տարբեր քաղաքացիներին նույնպես ընդգրկի իրեն աջակցողների շարքում: Ես նրանց խորհուրդ կտամ` նկատի ունենալ, որ բնակչության 45 տոկոսը չի մասնակցելու հանրաքվեին եւ, իրենց աջակիցների թիվը պարզելու համար, 45 տոկոսին նախապես հանել հաշվարկից: Եթե մարդիկ անընդհատ որոշումներ են փոխում, դա նշանակում է` որեւէ հիմք չունեն այս նախագիծը մերժելու համար: Իհարկե, դա պարոն Բազեյանին չի վերաբերում»,- ընդդիմության բոյկոտի մասին հայտարարեց Տիգրան Թորոսյանը: Այս ամենին ի պատասխան` Ալբերտ Բազեյանն ասաց, որ ինքն ընդունում է ընդդիմության հասցեին հնչեցված մեղադրանքները: «Գնահատականները, որոնք հասցեագրվեցին ընդդիմությանը, վերագրում եմ նաեւ մեզ՝ որպես քաղաքական կուսակցություն: Շնորհակալ եմ, որ իշխանությունների ներկայացուցիչները մտահոգված են ընդդիմության վարքագծով, անորոշ գործելակերպով»,- ի պատասխան Թորոսյանի մեղադրանքների` ասաց Ալբերտ Բազեյանը: Սակայն ըստ նրա՝ ընդդիմությունը միասնական է իր դիրքորոշման մեջ: Իսկ մնացածը մարտավարական խնդիրներ են: «Ինչ մարտավարություն կարող է ընտրել ընդդիմությունը, կախված է տվյալ պահի քաղաքական իրավիճակից»,- արձագանքեց Բազեյանը: