Ինչպես «նվիրել» 43 միլիարդ

25/02/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին երկու օրերին հայրենի հեռուստաընկերությունները, մեկը մյուսին հերթ չտալով եւ նախանձելի հիացմունքով, խոսում են կառավարության դարակազմիկ նախաձեռնության մասին՝ «43 միլիարդանոց» նվերի։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ, «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց որոշակի ժամանակահատվածում եւ որոշակի չափով ազատել չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։ «Սա կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջ է քաշել ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը: Մեր մարզային այցելությունների ժամանակ գյուղացիներն այս հարցը մշտապես բարձրացնում են` ավելացնելով այն փաստարկը, որ ճգնաժամային տարիները նույնպես ստեղծել են լուրջ բարդություններ հարկային պարտավորությունների կատարման առումով: Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով` շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում: Կարծում եմ` սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաեւ տնտեսական աճի խթանման առումով, որովհետեւ գյուղատնտեսության վրա հարկային բեռն էապես նվազելու է»,- վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կառավարության նիստում ասված այս խոսքերը այնքան շատ են եթեր հեռարձակվել, որ Հայաստանի բնակչությունն արդեն հասցրել է անգիր անել։ Եվ մինչ հեռուստատեսությունն ու իշխանամետ ԶԼՄ-ները սա ներկայացրին որպես սեփական բնակչության հանդեպ կառավարության (կամ ՀՀԿ-ի) հոգատարության փայլուն դրսեւորում, ընդդիմադիր ԶԼՄ-ներն առանց խորանալու մանրամասների մեջ՝ շտապեցին դա ներկայացնել որպես նախընտրական PR քայլ։ Մինչդեռ արժեր խորանալ. այս նախագիծն իր մեջ այնքա՜ն հետաքրքիր «նրբերանգներ» է պարունակում, որ դրանք բացահայտելու ընթացքում գնալով ավելի ու ավելի ես զարմանում մեր իշխանավորների մտքի թռիչքների վրա։ Մենք ընդամենը կփորձենք առանց ավելորդ հուզականության, ըստ կետերի ներկայացնել այս հերոսական նախաձեռնության որոշ հետաքրքիր փաստեր։

Ո՞վ է իրականում հեղինակը

Սա ամենախճճված հարցն է։ Խճճված, որովհետեւ պաշտոնյաների հայտարարությունից մի բան է ստացվում, պաշտոնական փաստաթղթերից՝ մեկ այլ բան։ «Սա կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջ է քաշել ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը»,- ասել էր վարչապետը։ Այս խոսքից կարելի է հասկանալ, որ նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցությունն է։ Այդպես էլ ներկայացվեց եւ այդպես էլ հասկացվեց։ Մինչդեռ, եթե այցելեք ՀՀ ԱԺ-ի կայք, ապա լրիվ ուրիշ բան կպարզեք։ Մասնավորապես, օրենքների նախագծերի բաժնում կարելի է տեսնել, որ «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ներքեւում նշված է` «Հեղինակ՝ ՀՀ կառավարություն»։ Եթե օրենքի նախագիծը ներկայացնում է ԱԺ խմբակցությունը կամ առանձին պատգամավորներ, ապա կայքում գրվում են նրանց անունները։ Այսինքն, ֆորմալ առումով, նախագծի հեղինակը կառավարությունն է։ Ովքեր ցանկանում են սրանում համոզվել, կարող են այցելել ԱԺ կայքը (http://www.parliament. am/drafts.phpգsel= introduction&lang=arm)։ Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ՀՀԿ-ն։ Այնպես չէ, որ ոչ մի կապ չունի։ ՀՀԿ խմբակցությունն իրոք դեռ 2009թ. հանդես էր եկել նման նախաձեռնությամբ։ «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը, սակայն, վերաբերում էր միայն գույքահարկին, ընդ որում՝ ոչ թե մայր գումարներին, այլ միայն տույժերն ու տուգանքները ներելուն։ Ըստ այդ նախագծի, եթե ֆիզիկական անձինք 01.01.2010թ. դրությամբ ունեին գույքահարկի գծով տույժեր եւ տուգանքներ, ապա մեկ տարվա ընթացքում մայր գումարը մուծելու դեպքում ազատվում էին տուգանքներից ու տույժերից։ Այսինքն՝ ՀՀԿ պատգամավորների առաջարկածն ավելի համեստ բան էր, քան կառավարության առաջարկածը։ Սակայն, ամենաուշագրավն այն է, որ կառավարությունը 2009թ.՝ ճգնաժամի ժամանակ, հավանություն չի տվել այդ օրինագծին՝ նշելով, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի, քանի որ հստակեցված չէ տվյալների բազան։ Ավելին, կառավարությունը` որպես տարբերակ, առաջարկել էր դրա փոխարեն քննարկել մինչեւ 2002թ. կուտակված գույքահարկն ու տույժերը զիջելու հարցը։ Իսկ այժմ, հանկարծ, որոշեցին զիջել մինչեւ 2002 թվականի պարտքերը՝ գույքահարկից բացի, ավելացնելով նաեւ հողի հարկը, քանի որ գյուղացիները ճգնաժամից տուժել են։

«Նվերի» իրական արժեքը

Որքա՞ն է իրականում զիջում կառավարությունը։ Կարծում եք` 43 միլիա՞րդ։ Դե, այդ թիվն է շրջանառվում ամենուր, եւ այդ թիվը հայտարարել է վարչապետը՝ ասելով. «Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով` շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում»։ Որտեղի՞ց է վերցվել այս թիվը։ Պատասխանը կարելի է գտնել օրենքի հիմնավորման մեջ. «2012թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է 16,4 մլրդ դրամ հողի հարկի ապառք, 9,8 մլրդ դրամ տույժեր եւ տուգանքներ: Գույքահարկի գծով ապառքը կազմում է 11,6 մլրդ դրամ, տույժերը, տուգանքները` 6,0 մլրդ դրամ»։ Գումարը կազմում է շուրջ 43 միլիարդ, ուշադրություն դարձրեք, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ։ Սակայն պետությունը իրո՞ք զիջում է այդ ամբողջը։ Որքան էլ զարմանալի լինի՝ ոչ։ Որովհետեւ, ըստ օրենքի երկրորդ կետի, լիակատար «զիջումը» վերաբերում է մինչեւ 2008թ. հունվարի 1-ը չվճարած հարկերին եւ տույժ-տուգանքներին։ Իսկ 2008-2011թ. հունվարի մեկը՝ 3 տարվա ընթացքում կուտակված ապառքների դեպքում պետությունը զիջում է միայն տույժ ու տուգանքը։ Այն էլ` միայն այն դեպքում, եթե քաղաքացին սահմանված ժամանակացույցով մարում է մայր պարտքը։ Կարճ ասած, 43 միլիարդ դրամից պետք է հանել վերջին 3 տարվա գույքահարկի եւ հողի հարկի ապառքները (առանց տույժ ու տուգանքի), քանի որ պետությունը դա չի ներում։ Իսկ որպեսզի պատկերացնեք, թե մոտավորապես որքան է պակասում այդ 43 միլիարդը, միայն մեկ տվյալ բերենք։ Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը երկու օր առաջ նշել է, որ գույքահարկի գծով ապառքը 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 6.5 միլիարդ դրամ (http://www.hhpress.am/գsub= hodv&hodv= 20100721_2&flag=am)։ Աղմուկ հանած օրենքի հիմնավորումից էլ տեղեկանում ենք, որ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ գույքահարկի գծով ապառքը կազմել է 11.6 միլիարդ դրամ։ Այսինքն՝ միայն 1 տարվա ընթացքում գույքահարկի գծով (առանց հաշվելու տույժերն ու տուգանքները) կուտակվել է 4.6 միլիարդ դրամի ապառք։ Դա պետությունը չի զիջելու, եւ դա պետք է հանել վերը նշված 43 միլիարդից։ Չի զիջելու նաեւ 2008 եւ 2009 թվականների ընթացքում կուտակված գույքահարկը եւ 2008-2010թթ. ընթացքում կուտակված հողի հարկը։ Այսինքն՝ պետությունը իրականում զիջում է ոչ թե 43 միլիարդ, այլ` շատ ավելի քիչ։

Իրական նպատակը

Ինչի՞ համար է կառավարությունը (կամ ՀՀԿ-ն) առաջ քաշել այս օրինագիծը։ Վարչապետի՝ վերը նշված ելույթից կարելի է եզրակացնել, որ դրա հիմնական նպատակը ճգնաժամից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնելն է, նրանց հարկային բեռը թեթեւացնելն ու տնտեսական աճին նպաստելը։ Լավ, եթե այդպես է, ինչո՞ւ այդ նպատակների մասին ոչ մի խոսք չկա օրենքի հիմնավորման մեջ։ Այնտեղ, օրինակ, նշված է. «1. Անհրաժեշտությունը։ Սույն փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հողի հարկի եւ գույքահարկի ապառքների, տույժերի, տուգանքների մարման անհուսալիությամբ, հողի հարկի եւ գույքահարկի բազաների անճշտություններով»։ Կամ, օրինակ, այս մեկը. «6. Ակնկալվող արդյունք։ Օրինագծի ընդունումը կնպաստի ավելի իրատեսական համայնքային բյուջեների կազմմանը, համայնքների բյուջետավարման գործընթացի հստակեցմանը, հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտմանը»։ Որեւէ խոսք չկա գյուղացիների վիճակը թեթեւացնելու կամ տնտեսական աճի խթանման պոտենցիալի մասին։ Իսկ, այնուամենայնիվ, ինչո՞ւ են զիջում։ Դրա անկեղծ պատասխանն էլ կարելի է գտնել օրենքի հիմնավորման մեջ։ «2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված ապառքների մարումը անհուսալի է` պայմանավորված բնակչության սոցիալապես անապահով վիճակով, հանրապետությունից բացակայությամբ, սեփականատերերի մահվան եւ ժառանգների կողմից սեփականությունը չգրանցելու հանգամանքով, հողի հարկի դեպքում` հողերի մշակման համար անբարենպաստ պայմաններով»։ Հիմա պա՞րզ է։ Պետությունը ունի մի քանի տասնյակ միլիարդ դրամի «սառույցին գրած» պարտք, որը միայն խանգարում է նորմալ աշխատել։ Դրա համար ավելի լավ է այն ընդհանրապես մաքրել. միեւնույն է՝ այդ գումարները հնարավոր չէր լինի ստանալ։ Պետությունը ոչինչ չի կորցնում, քանի որ կորցնում են ունեցած բանը։ Փոխարենը շահում է՝ զուտ աշխատանքային բնույթի նախաձեռնությունն անցկացնելով դարակազմիկ բարեգործության տեղ։ Իսկ գյուղացի՞ն։ Ըստ էության, գյուղացու համար էլ միեւնույն է. նա, այսպես թե այնպես, չէր մուծելու այդ պարտքերը։ Որովհետեւ մուծում են այն դեպքում, երբ ունեն։

Հարցի բարոյական կողմը

Իսկ ի՞նչ են շահում նրանք, ովքեր պարտաճանաչ կատարել են բոլոր վճարումները եւ ոչ մի պարտք չունեն։ Ըստ էության՝ շահում են միայն խաբվածության զգացում։ Փոշմանում են, որ պարտաճանաչ են եղել եւ չեն խախտել օրենքը՝ իրենց կաշվից դուրս գալով պարտքերը մուծելով։ Ընդ որում, մեծ հարց է, թե ո՞վ է ավելի անապահով եւ ավելի շատ օգնության կարիք զգում՝ ապառք ունեցո՞ղը, թե՞ չունեցողը։ Կան մարդիկ, ովքեր ապահովված լինելով հանդերձ՝ պարզապես չեն կատարում վճարումները, «խասյաթի» համաձայն։ Կարծում ենք՝ յուրաքանչյուր ընթերցող այս պահին մտաբերեց առնվազն մեկ հարեւանի։ Կան նաեւ այնպիսիք, ովքեր չունեցած տեղից, պարտք անելով, կատարում են բոլոր պարտականությունները։ Ու ստացվում է, որ պետությունը վիրավորում է նրանց՝ պարտաճանաչ քաղաքացիներին։ Իսկ ի՞նչ անեին՝ մյուսներին էլ չօգնեի՞ն։ Թող օգնեին, բայց արդարացի կլիներ, եթե պետությունը ապառքներ չունեցող մարդկանց մուծած հարկերի գոնե մի մասը հաշվանցեր՝ որպես հաջորդ ժամանակաշրջանի համար նախապես մուծված հարկեր։ Պետությունն, իհարկե, արդար է, սակայն այդքան «շռայլ» չէ։

Վերջաբանի փոխարեն

Ամփոփենք։ Նախ՝ իրականում 43 միլիարդ թիվը խիստ ուռճացված է։ Երկրորդ՝ օրենքի մարդասիրական նպատակը, գյուղացիների ստացած օգուտն ու տնտեսական աճը խթանելու պոտենցիալը խիստ չափազանցված են. առաջին հերթին դա արվում է տվյալների բազաները մաքրելու համար։ Երրորդ` նախաձեռնության հեղինակը կառավարությունն է, սակայն առաջին պլան է մղվում կոնկրետ մեկ կուսակցություն։ Եվ չորրորդ՝ օրենքը սեփական քաղաքացիներին մղում է լինել ավելի անպարտաճանաչ։ Այսքանից հետո, հաշվի առնելով նախագծի շուրջ բարձրացած էյֆորիկ աղմուկը, կարելի՞ է սա համարել նախընտրական PR։ Իհարկե… ոչ։ Որովհետեւ ցանկացած նորմալ ու մտածող հասարակության մեջ այսքան «կիքսեր» ունեցող PR-ն իրականում հակաPR է։ Իսկ մեր հասարակությունը մտածող հասարակություն է։