Հեռուստատեսությամբ հաճախ են ցուցադրում ռեպորտաժներ, թե ինչպես են մարդիկ անդամակցում իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին (ՕԵԿ-ին անդամակցողներին կա՛մ չարամտորեն չեն ցուցադրում, կամ բնության մեջ այդպիսիք արդեն չկան): Սովորաբար, ՀՀԿ-ական դառնալու արարողությունը տեղի է ունենում գյուղերի մշակութային օջախներում` գյուղամիջի ակումբում: Հնամաշ կոստյումներով մարդիկ դեմ չեն ստանալ ՀՀԿ-ի անդամատոմս: Նրանց կարծիքով` այն ինդուլգենցիայի պես թուղթ է: Նորընծա ՀՀԿ-ականների համար էլ ապագան պայծառ է թվում. Մենուա Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի ճակատագրերը հույս են ներշնչում, որ մի օր իրենք էլ կարող են երջանիկ լինել: ԲՀԿ-ական են դառնում մեծ սրահներում. ցանկացողները շատ են: Եթե տարիքն առած մարդկանց դեպքում կուսակցական դառնալն ինչ-որ տեղ բացատրելի է, ապա հնարավոր չէ հասկանալ` այդ կապակցությամբ վարսավիրանոցում մազերը հարդարած աղջնակի ինչի՞ն է պետք կուսակցական անդամատոմսը: Ընդ որում, խոսքը նման հարյուրավոր երիտասարդների մասին է. վերցնում են կուսակցական տոմսերը, միմյանց շնորհավորում` չխկացնելով շամպայնի գավաթները, տեսախցիկների առաջ շնորհակալություն հայտնում ԲՀԿ առաջնորդին, ում հետ, պարզվում է, կապում են իրենց վերջին հույսը:
Սակայն բարեբախտություն է, որ կան նաեւ այլ երիտասարդներ: Մաշտոցի պուրակում նրանց հաստատ տեսած կլինեք: Այդ երիտասարդները կուսակցական չեն: Նրանց շարժման առանձնահատկությունն այն է, որ նրանք, ովքեր ինչ-որ ժամանակ կանգնում են նրանց կողքին, այդքան ժամանակով էլ ապակուսակցականացվում են` ավտոմատ վերածվելով Երեւանի Բնակչի: Սա է հիմնավորումը, թե ինչու Մաշտոցի պուրակի պահպանության խնդիրն այսքան համակիրներ ունեցավ: Ինքս գիտեմ այդ երիտասարդներից մի քանիսին: Արտասահմանում կրթություն ստացած, գիտական աստիճաններով, իրենց մասնագիտությանը գերազանց տիրապետող, ինտելիգենտ երիտասարդներ են: Գիտեն մի քանի լեզուներ, սակայն այդ փաստից ամենեւին զարմացած չեն. միմյանց հետ շփվում են բացառապես մաքուր հայերենով: Լավ կրթությունն ու բարձր գիտակցությունը նրանց դարձնում են ազատ` իրենց մտքերով ու գործողություններով: Նրանք վախվորած հայացք չեն գցում Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի վրա` ինչ-որ բան ասելուց առաջ: Նրանք ընդգծված անտարբեր են Ծառուկյանի հարստության ու Սերժ Սարգսյանի իշխանական լծակների հանդեպ: Եթե իշխանական վերնախավը մտածում է այս երկրի ապագայի մասին, պետք է անի ամեն ինչ` այս երիտասարդների կամքը չկոտրելու համար: Պետք է անի ամեն ինչ, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող երիտասարդները հանկարծ չհուսահատվեն ու չհիասթափվեն: Այլ կերպ ասած` դադարեն իրենց զգալ այս երկրի տերը: Իսկ նման փորձեր արվում են. սեփական անդիմությունը քողարկելու նպատակով` կարելի է հայտարարել, թե Թեղուտի անտառների կամ Մաշտոցի պուրակի պահպանության համար բողոքող երիտասարդների թիկունքին ինչ-ինչ ուժեր են: Կարելի է այդ երիտասարդներին տարբեր պիտակներ փակցնել: Սակայն նրանք այն երիտասարդներն են, ում կարիքը Հայաստանը վաղուց ուներ: Եվ նրանց կորցնել արդեն չի կարելի:
88-ին դեռեւս դպրոցում սովորողներիս համար մեծ հեղինակություններ էին Ազատության հրապարակում նստացույց անող ուսանողները: Պայծառ երիտասարդների սերունդ էր: Այդ երիտասարդները կանգնած էին Շարժման առաջին գծում: Ունեին իդեալներ:
Ի՞նչ եղան նրանք, որտե՞ղ են հիմա: Մի մասը զոհվեց Արցախում: Պատերազմից հետո այդ երիտասարդների մեծ մասը բարոյապես կոտրվեց: Պատերազմում չզոհված շատ տղաներ, ովքեր ժամանակի բերումով չկարողացան կրթություն ստանալ, բարձրանալ սոցիալական սանդուղքով, այսօր ապրում են իրենց գյուղերում` կարիքի ու մոռացության մեջ: Ճարպիկներին այլ ճակատագիր բաժին ընկավ: Այդ երիտասարդների սպասելիքները եւ իրականությունը հայտնվեցին վտանգավոր հեռավորության վրա: Բարոյական անջրպետը հասավ իր բարձրակետին, երբ այդ սերնդի ներկայացուցիչներից մեկը` Նաիրի Հունանյանը, հոկտեմբերի 27-ին գիտակցված գնաց խորհրդարան` ավտոմատը ձեռքին: Սպանվեցին երկրի առաջին դեմքերը: Այդ սերնդի առանցքային ֆիգուրներից մեկն էլ Տիգրան Նաղդալյանն էր: Նրան եւս սպանեցին ավելի ուշ: Մյուսները, ում մասին խոսելիս անունները չեն շեշտում, այլ ասում են` «եւ այլք», տեղ զբաղեցրեցին պետական ապարատում:
Եվ ի՞նչ են անում օլիգարխներն ու իշխանական չինովնիկները, ովքեր 88-ին այդ «եւ այլք»-ն էին, այս էլ քանի տարի` օգտվելով մարդկանց սոցիալական վատ վիճակից, հաճախ` տգիտությունից, ցանկանում են բոլորին կուսակցականացնել: Թե որքան է ՀՀԿ-ականի կամ ԲՀԿ-ականի ազատության աստիճանը, դժվար չէ ֆիքսել: Խոսելուց առաջ նրանք անպայման նկատում են. «Ինչպես Սերժ Սարգսյանը` հանրապետության նախագահն է ասում», կամ` «Այդ մասին լիազորված է խոսել միայն մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»: Եվ, ահա, կուսակցականացնելով, երիտասարդներին ուղղակի ու անուղղակի ներգրավում են ընտրակեղծիքների մեջ, սահմանափակվում է նրանց` երիտասարդ, այսինքն` ազատ լինելու անփոխարինելի իրավունքը: Բակերում երիտասարդ անգործ տղաները սպասում են ընտրություններին: Սա նրանց համար սեզոնային աշխատանք է. իրենց ծառայությունն են առաջարկում իշխող կուսակցություններին: Քաղաքական էլիտայի համար նրանք փոքրիկ, հարգանքի ոչ արժանի գործիքներ են, որոնց օգտագործելուց հետո մոռանում են:
Երիտասարդ լինել` նշանակում է` լինել ազատ, մաքսիմալիստ, անկախ, չհիմնավորված համարձակ: Գնացեք Մաշտոցի պուրակ: Այնտեղ կանգնած երիտասարդներն այդպիսին են: Եվ, ի ուրախություն բոլորիս, նրանք ասում են` մենք այս քաղաքի, այս երկրի տերն ենք: