Անկախությունից հետո ՀՀ օրենսդրության մեջ առհասարակ բացակայել է բազմազավակ ընտանիքի վերաբերյալ բնորոշումը, կարգավիճակը եւ սահմանումը:
Այսինքն` մեր երկրում այդքան արժեւորվող ընտանիքի մոդելը պաշտպանված չէ օրենքով, հետեւաբար` պետությունը, բացի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ պաշտպանություն (սոցիալական, տնտեսական եւ այլն) չի իրականացնում: Ընտանիքն իր իրավունքը պաշտպանում է Ընտանեկան օրենսդրությամբ, որը հիմնականում կարգավորում է միջանձնային իրավական հարաբերությունները: Մասնավորապես սոցիալական պաշտպանության ոլորտում ընտանիքի մոդելն իրացվում է միայն ընտանեկան նպաստ համակարգում, որտեղ, սակայն, հաճախ «ընտանիք» է համարվում նաեւ մեկ անձը: Սովետական տարիներից առայսօր, որպես ընտանիքի գնահատման կամ կարգավիճակ տալու հիմնավորում, շրջանառվում է «բազմազավակ ընտանիք» տերմինը: Սա` այն դեպքում, երբ պետական որեւէ փաստաթղթում ամրագրված չէ բազմազավակ հասկացությունը: Այսինքն` մենք չգիտենք նույնիսկ, թե քանի եւ ավելի երեխա ունեցող ընտանիքն է համարվում բազմազավակ: Ներկայումս երկու կամ վեց երեխա ունեցող ընտանիքները որեւէ չափանիշով կամ պետական փաստաթղթերով չեն տարբերակվում եւ պետության համար ունեն միեւնույն իրավունքներն ու նշանակությունը: Այն դեպքում, երբ ժողովրդագրական խնդրի մասին արդեն ահազանգում են ոչ միայն տեղական կառույցները, այլ նաեւ` միջազգային կազմակերպությունները: Ստացվել է այնպես, որ անխտիր բոլոր պաշտոնյաներն ազգաբնակչությանը կոչ են անում շատ երեխաներ ունենալ, եւ ծնելիության մակարդակը բարձրացնելուն ուղղված զանազան միջոցառումներ են իրականացնում: Մինչդեռ ամենակարեւոր հարցը` բազմազավակ ընտանիքի օրենքով պաշտպանությունը, տարիներ շարունակ տեղում դոփում է:
Վերջերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը հայտարարեց, որ ներկայումս տվյալներ չկան, թե մեր երկրում քանի բազմազավակ ընտանիք կա` խոստանալով բազմազավակ ընտանիքների թիվը հրապարակել 2011թ. հեկտեմբերին իրականացրած մարդահամարի տվյալների վերջնական ամփոփումից հետո: Նրա այս խոստումը շատ զարմանալի է բազմազավակ ընտանիքի նույնիսկ սահմանումը չունենալու ֆոնին, քանի որ պարզ չէ, թե Վիճվարչությունը քանի եւ ավելի երեխա ունեցողներին է այդ կարգավիճակով հաշվարկելու: Ընդ որում` օրենքի բացակայության պայմաններում:
Ինչեւէ, վերջին տարիներին Ազգային ժողովում շրջանառության մեջ մտավ «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը, թեեւ երկարատեւ քննարկվում էր, այդուհանդերձ այդ նախագիծը, կարծես, սառեցվեց: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր, «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» նախագծի համահեղինակ Գագիկ Մելիքյանը, սակայն, պնդում է, որ օրինագիծը չի «սառեցվել», եւ հիմա էլ այն քննարկման փուլում է: «Նախագիծը շրջանառության մեջ է, բավականին բարդ պրոցես է գնում: Պետք է նշեմ, որ չկա մի քաղաքական ուժ, առավել եւս` Հանրապետական կուսակցությունը, որ այս բնագավառի օրենսդրական նախաձեռնության համար առաջընթացին ուղղված քայլեր չկատարի: Ֆինանսական առումով մեծ խնդիր կա, քանի որ նախագիծը 50մլրդ դրամից ավելի արժեք ունի: Նախագահի կողմից Կառավարությանը հանձնարարություն կա` այդ միջոցները ստեղծելու ուղղությամբ»,- վստահեցնում է Գ. Մելիքյանը, ով վերջերս հայտարարեց, որ, այնուամենայնիվ, այս նախագիծը կյանքի կոչելու եւ ֆինանսներ հայթայթելու վերաբերյալ առաջիկայում ժողովրդին ասելիք կունենան: Ի դեպ, այս հայտարարությունը շատերը որակեցին որպես նախընտրական «կուտ»: Այս առնչությամբ Գ. Մելիքյանն ասաց. «Ինչպես ու ոնց ուզում են` մտածեն, միեւնույն է` մեզ համար կարեւորն այն է, որ նախագիծը դառնա իրականություն, որովհետեւ դա զուտ նախընտրական խոստում չէ եւ նոր չէ, որոշ դրույթներ արդեն իրենց տեղը գտել են Կառավարության կողմից կայացված որոշումների մեջ»: Գ. Մելիքյանը հավատացնում է, որ առաջիկայում եթե նույնիսկ ամբողջ նախագիծը չկարողանան իրականացնել, ապա մի մասը` Կառավարության կողմից բնակարանային շինարարության հետ կապված հիպոթեքային վարկավորման տոկոսների սուբսիդավորումը, ինչպես նաեւ` անհատույց հողհատկացումները, կիրականացվեն: Համաձայն «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրինագծի` նախատեսվում է բնակարանի գնման համար 25 տարի մարման ժամկետով վարկի տրամադրում` ՀՀ կառավարության սահմանված կարգով: Սեփականության իրավունքով տրամադրված հողամասում բնակարան կառուցելու համար 25 տարի մարման ժամկետով վարկի տրամադրում, ինչպես նաեւ` բնակարանի գնումից կամ վարկի տրամադրումից հետո ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի հաշվարկով կատարվում է սուբսիդավորում` վարկի մարման մնացորդային գումարի 10%-ի չափով: «Այսինքն` նախագծի արագ ապահովման եւ բազմազավակ ընտանիքներին նպաստելու, նրանց սոցիալական իրավիճակը թեթեւացնելու համար ավելի հավանական է այն շրջանառության մեջ մտցնել փուլ առ փուլ: Նախագծի որ հոդվածի հետ կապված միջոցները շատ արագ հայթայթվեն` այդ հոդվածը շատ ավելի արագ կսկսի գործել: Ամբողջ նպատակն այն է, որ նախագիծն արագ մտնի շրջանառության մեջ, եւ այդ առումով հենց ՀՀ նախագահի կողմից մեծ ուշադրություն է դարձվում բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակի թեթեւացմանը: Պատահական չէ, որ տարեմուտի միջոցառումների շարքում նախագահը հանդիպում ունեցավ բազմազավակ ընտանիքների հետ»,- ասում է պատգամավոր Գ. Մելիքյանը` այս նախագծի իրականացումը համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը: Ի դեպ, Գ. Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե նախագծի 50 մլրդ արժողությունն ի՞նչ սկզբունքով է հաշվարկվել, այն դեպքում, երբ հայտնի չէ, թե քանի՞ եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներն են համարվում բազմազավակ, հետեւաբար` կոնկրետ տվյալ գոյություն չունի, թե ազգաբնակչության մեջ այդ (դեռեւս օրինական ուժ չստացած) կարգավիճակն ունեցողներն ինչ ցուցանիշ են կազմում: Գ.Մելիքյանը մեջբերեց «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» նախագիծը, ըստ որի` «Բազմազավակ են համարվում ՀՀ-ում բնակվող այն ընտանիքները, որտեղ ծնվել եւ (կամ) որդեգրվել են եւ խնամվում են չորս եւ ավելի երեխաներ»: «Մենք հաշվարկը կատարել ենք համապատասխան նախագծի այն դրույթի, որով հստակեցված է` չորս եւ ավելի երեխա ունեցողներն են համարվում բազմազավակ ընտանիքներ: Այնպիսի հոդվածներ կան, որ, իրոք, բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակի թեթեւացմանը բավականին նպաստելու են, ինչպես նաեւ` նպաստելու են նաեւ դեմոգրաֆիական խնդիրների լուծմանը, որը մեր հանրապետության համար լուրջ խնդիր է»,- ասում է Գ. Մելիքյանը` հավելելով, որ ներկայումս բազմազավակ ընտանիքներն իսկապես պետության աջակցության կարիքն ունեն, ինչը հաշվի առնելով էլ օրենսդրական նախաձեռնության իրականացումը հնարավորինս արագացվում է: Այդուհանդերձ, բնակչության վերարտադրությանը, բազմազավակությունը խթանելուն ուղղված միջոցառումները, ըստ Գ. Մելիքյանի` առաջիկայում նույնպես լինելու են Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում. «Իմիջիայլոց, նախագծի հիմնավորման հիմքում դրված են մեր` Հանրապետական կուսակցության նախընտրական բուկլետի ծրագրային հիմնադրույթները, որի ուղղությամբ կուսակցությունն իր աշխատանքները տանում է: Կարծում եմ` նախագիծն ավելի շուտ իրականություն կդառնար, եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ այսպիսի լուրջ վիճակի մեջ չդներ: Այնուամենայնիվ, ճգնաժամը ժամանակային իմաստով այս նախագծի իրականացման վրա իր կնիքը դրեց»: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ 50մլրդ-ից ավելի գումարն, ըստ Գ. Մելիքյանի` ապահովելու են բյուջետային մուտքերից: Հանրապետական պատգամավոր Գ. Մելիքյանին հիշեցրինք, որ 2007թ. նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն սոցիալական ոլորտին առնչվող բավականին մեծ խոստումներ էր տվել, եւ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նրան գոհացնում են հինգ տարվա իրենց աշխատանքի արդյունքները։ «Դուք շատ ճիշտ եք նկատել մեր նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտի ուղղվածությունը, եւ պատահական չէ, որ ոչ միայն ծրագրեր կային, այլեւ` մեր բյուջեի 47%-ից ավելը ծախսային մասով հենց սոցիալական ուղղվածություն ունի: Դա բխում է մեր նախընտրական ծրագրից, որի իրականացման համար Կառավարությունը, իշխանությունները մտահոգ են, եւ միջոցներն էլ ուղղորդվում են սոցիալական նպատակներին: Շատ ծրագրեր ավելին կիրականացվեին, եթե ֆինանսական ճգնաժամը չլիներ: Եկեք ընդունենք, որ ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ սոցիալական ուղղությամբ ծախսերի նվազեցման առումով, բայց համենայնդեպս որեւէ մեկը չի կարող հիմնավորել, որ սոցիալական ուղղվածությամբ բոլոր այն ծախսերը, որ եղել են մինչեւ ճգնաժամ, ապա ճգնաժամի տարիներին եթե դրանք չեն ավելացվել` գոնե պահպանվել են»,- ասում է Գ. Մելիքյանը` մատնանշելով տնտեսապես զարգացած մի շարք երկրներ` Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, որտեղ սոցիալական ուղղվածությամբ ծախսերը խիստ անկում են ապրել եւ մինչ օրս էլ` այդ ծախսերը նվազեցվում են:
Խոստումը կատարել են, բայց…
Գ. Մելիքյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի 2007թ. նախընտրական ծրագրում զետեղված սոցիալական ոլորտի բոլոր հիմնադրույթները կատարվել են: Նրա խոսքով` որոշ խոստումներ այս հինգ տարվա ընթացքում չեն իրականացվել տնտեսական ճգնաժամի հետեւանքով, բայց դրանք, ըստ նրա` առաջիկայում կկատարվեն: Մենք ՀՀԿ նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտից ընդամենը մեկ նախադասություն մեջբերեցինք. «Հաշմանդամների տեղաշարժման լիարժեք ապահովում»: Այսինքն` առաջին հերթին թեքահարթակների կառուցում: Ինչո՞ւ գոնե ծրագիրն այս մասով ամբողջովին կատարված չէ. «Այո, իրականացվել են այդ ծրագրերը, եւ՛ փողոցներում կառուցվել են այդ թեքահարթակները, եւ ավտոբուսների, սայլակների հետ կապված ծախսերը շատացել են»: Իսկ ինչո՞ւ այդ ծրագիրը հեղինակած կուսակցությունն իր գրասենյակում չի կառուցել թեքահարթակ. այս հարցին Գ. Մելիքյանը պատասխանեց. «Պետք է տեխնիկական հնարավորությունները հաշվի առնել: Եթե կուսակցության շենքում թեքահարթակ չկա` այդ պարագայում կուսակցության առաջնորդներն ավելի նպատակահարմար են գտնում հենց տարածքում` մուտքի մոտ հանդիպել հաշմանդամներին: Հաշմանդամի թիվ մեկ խնդիրը հանդիպումն է: Եթե ես չեմ զլանում, նրա պահանջով գնում եմ այնտեղ, որտեղ ինքն է, կարծում եմ` դա շատ ավելի պատիվ է բերում»: Կարծում ենք, 2012թ. ԱԺ ընտրությունների իր նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն` «Հաշմանդամների տեղաշարժման լիարժեք ապահովում» տողում սրբագրում կանի, ասենք, հետեւյալ շեշտադրմամբ` հանրապետականները հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով կզբաղվեն կուսակցության շենքի առջեւ` փողոցում, որտեղ հանրապետական ջիփերի առատությունից դժվարանում են ազատ տեղաշարժվել նույնիսկ ոչ հաշմանդամները: