Գարնանն ընդառաջ
Դեմքի խնամք. Տրորեք խաշած կարտոֆիլը (տաք վիճակում), ավելացրեք մեկ հարած ձու, 1 թ/գ մեղր, քիչ քանակի բուսայուղ։ Զանգվածը քսեք դեմքին, 15-20 րոպեից լվացեք տաք ջրով։ Մշակեք դեմքը սնուցող քսուքով։
Ճարպոտ մաշկ. 2 ճ/գ քերած գազարը խառնեք ձվի սպիտակուցի հետ, ավելացրեք 1 թ/գ կարտոֆիլի ալյուր։ Դիմակը 20 րոպեից լվացեք գոլ ջրով։
Բազուկով դիմակ. Խառնեք մեկական թ/գ բազուկի հյութ եւ սերուցք։ Բարակ շերտով քսեք դեմքին, լվացեք 10 րոպե անց։
Խնձորով դիմակ. Խառնեք 1 միջին խնձորի քերվածք, 1 ձվի հարած սպիտակուց, 2 ճ/գ կարտոֆիլի ալյուր։ Լվացեք 15 րոպեից։
Վիտամինային. Խառնեք 1-ական թ/գ լոռամրգի հյութը կարտոֆիլի ալյուրի հետ, ավելացրեք 1 ձվի հարած սպիտակուց, պահեք դեմքին 15 րոպե, լվացեք սառը ջրով։
Թարմացնող թուրմ. Մեկ ճ/գ չորացրած, փոշիացրած լորենու ծաղիկները 15 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ, ավելացրեք կես թ/գ մեղր։ Մշակեք դեմքը։ Ունի նաեւ սպիտակեցնող հատկություն։
Գազարով դիմակ. Խառնեք 2 միջին գազարի քերվածք, 1 ձվի հարած դեղնուց, 2-3 կաթիլ նշի կամ ձիթապտղի յուղ։ Վրձնի օգնությամբ քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք տաք ջրով։
Չոր մաշկ.
– Փոշիացրեք 1 ճ/գ չորացրած մասուրի ծաղկաթերթերը, խառնեք նույն քանակի մանկական քսուքին, քսեք դեմքին, պահեք 15-20 րոպե։ Մաքրեք բամբակե խծուծով, լվացեք դեմքը տաք ջրով։
– Խառնեք հավասար քանակությամբ քերած սոխ, սերուցք եւ 1 ձվի դեղնուց։ 10 րոպե անց լվացեք տաք ջրով։
Ճարպոտ մաշկ. Խառնեք 1-ական ճ/գ թարմ սոխի հյութը եւ հալած մեղրը։ Բարակ շերտով քսեք դեմքին, 10 րոպեից լվացեք դեմքը տաք, այնուհետեւ սառը ջրով։
Ձեռքերը փափկացնող. Գրեյպֆրուտի կեղեւի ներքին սպիտակ մասով շփեք մատները եւ դաստակը։
Մաշկային բորբոքումներ. Խառնեք 2-ական ճ/գ երիցուկի, լորենու, նարդոսի եւ դաղձի ծաղիկները, 3 լ ջրով եփեք 30 րոպե, քամեք, ավելացրեք լոգանքի ջրին։
Աչքամաշկի մանր կնճիռներ. Մաղադանոսի 1 թ/գ թարմ շիլայատիպ զանգվածը դրեք կոպերին, ծածկեք խոնավացրած բամբակե խծուծով։ 15 րոպե անց լվացեք գոլ ջրով, չորացրեք թղթե անձեռոցիկով։
Հոգնած աչքերը սնուցող- Կիսեք խաղողի հատիկը, կորիզը հեռացրեք, քսեք աչքերի ներքեւի կոպերի ուղղությամբ։ Մաշկը ստանում է բնական սնուցում։
Մազերի խնամք
Մազարմատներն ամրացնող.
– Խառնեք հավասար քանակությամբ վաղենակի ծաղիկ, կեչու տերեւ, կռատուկի արմատ, գայլուկի կոն։ Հումքի 50 գրամին ավելացրեք 200 մլ բաց երանգի գարեջուր։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Օգտագործեք գոլ վիճակում մազերը ցայելու համար։
– Խառնեք 1 ճ/գ կոնյակ, 1 ձվի հարած դեղնուց, 2 թ/գ մեղր։ Քսեք մազերին, փաթաթեք, 1 ժամից մազերը լվացեք տաք կիտրոնաջրով։
– Խառնեք սոխի քերվածքը եւ մեղրը (2։1)։ Ներմերսեք մազարմատներին, 30 րոպեից լվացեք։ Կարգավորում է արյան շրջանառությունը, ունի հակամանրէ հատկություն։
– Պատրաստեք կարմիր կծու պղպեղի 10 տոկոսանոց ոգեթուրմ (10 գրամ պղպեղ, 100 մլ օղի)։ Թրմեք 10 օր, քամեք։ Լուծեք ոգեթուրմը եռջրի մեջ (1։10) եւ ներմերսեք մազարմատներին։ Կատարեք շաբաթը 2-3 անգամ։
– Խառնեք 2 ճ/գ սերուցքը, 1-ական թ/գ խաղողի կորիզներից պատրաստած յուղը, կիտրոնի հյութը։ Քսեք խոնավ մազերին, լվացեք տաք ջրով։
– Խառնեք 1-ական ճ/գ երիժնակի յուղ, 5 ճ/գ յոգուրտ եւ հարած ձու։ Քսեք մազարմատներին, սրբիչով փաթաթեք մազերը, 30 րոպեից լվացեք տաք ջրով։
– Խառնեք հավասար քանակի եզան լեզվի, եղինջի, եղեսպակի չորացրած տերեւները, երիցուկի եւ խնկածաղկի ծաղիկները։ Հումքի 5 ճ/գ-ն 1 ժամ թրմեք ջերմապահում 1 լ եռջրում, քամեք։ Ցայեք մաքուր լվացած մազերը։ Օգտագործեք ճարպոտ մազերի դեպքում։
– Խառնեք 1-ական ճ/գ սոխի քերվածք եւ ձիթապտղի յուղ։ Շիլայատիպ զանգվածը քսեք մազարմատներին` մազերը լվանալուց 2-3 ժամ առաջ։ Արդյունավետ միջոց է մազաթափության դեմ։
Չոր մազերն ամրացնող. Խառնեք հավասար քանակի մանրացրած կաղնու կեղեւ, սոխի կճեպ, դաղձի տերեւ, 200 գ չոր հումքին ավելացրեք 1 լ տաք ջուր, եռացրեք։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Ավելացրեք տաք ջուր եւ ցայեք լվացած մաքուր մազերը։
Կոտրվող մազեր.
– Խորհուրդ է տրվում մերսել գլխամաշկը գոլացրած որեւէ բուսայուղով, գերադասելի է երեիժնակի յուղը։ Ծածկեք գլուխը պոլիէթիլենային գլխարկով եւ սրբիչով։ Մեկ ժամից լվացեք օճառահեղուկով եւ ցայեք կիտրոնաջրով։ Կրկնեք ամիսը երկու անգամ։
– Օգտակար է մազերը ցայել լորենու, դաղձի, երիցուկի ծաղիկների կամ կեչու տերեւի թուրմերով։
– Խառնեք 1-ական ճ/գ արեւածաղկի յուղ, մեղր, հինայի փոշի, կոնյակ, 1 հարած ձվի դեղնուց։ Քսեք մազերին, փաթաթեք, 1 ժամից լվացեք օճառահեղուկով։
– Խառնեք հավասար քանակի մանրացրած խատուտիկի, եղեսպակի խոտերը։ Հումքի 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 200 մլ եռջրով։ Քամեք, ցայեք մազերը։
Մազերի ճերմակումը կանխարգելող
Բաց երանգի մազեր. Խառնեք հավասար քանակությամբ մանրացած երիցուկի եւ եղեսպակի ծաղիկները, ուրցը։ Հումքի 3 ճ/գ-ն տաքացրեք 2 լ եռջրում` մինչեւ եռալը, թրմեք 1 ժամ, քամեք։ Լվացեք մազերը։
Մուգ մազեր. Խառնեք կաղնու կեղեւը, գայլուկի կոնը, խնկեղեգ ճահճայինի արմատը, ընկույզի տերեւը։ Պատրաստեք վերը նշված ձեւով։
Մազերի թեփ. 1 ճ/գ սոխի կճեպը 30 րոպե եփեք 500 մլ եռջրով` ջրային բաղնիքի վրա, քամեք, լվացեք մազերը։