Եվս 15 միլիոն

23/02/2012

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար 15մլն ԱՄՆ դոլարի վարկ հատկացնել: Այդ մասին նշված է ՀԲ Երեւանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Ծրագրի նպատակն է` նպաստել ջրի որակի եւ ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում` Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) եւ Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքներում եւ հարակից 15 գյուղական բնակավայրերում: Ենթադրվում է, որ կբարելավվի շուրջ 133.000 բնակիչների ջրամատակարարումը, խմելու ջրի մատակարարման տեւողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը: Բացի այդ, շուրջ 21.000 բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր: Ծրագրի ընդհանուր արժեքը 18մլն ԱՄՆ դոլար է, որից 3 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի տրամադրած 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով: