Ստատուս-քվոն անընդունելի է

23/02/2012

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը` ընդգծելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, այդ թվում` տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժ չկիրառելու սկզբունքները: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) համանախագահող երկիր` մենք աջակցում ենք մթնոլորտի բարելավմանը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար: Իսկ դա վկայում է այն մասին, որ մենք չենք կարող պաշտպանել կողմերից մեկին: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կողմից օգտագործվող արտահայտությունները կողմերի միջեւ հակասություն չառաջացնեն, այլ մերձեցնեն նրանց,- ասել է նա` ավելացնելով,- Մենք հավատում ենք, որ Մինսկի խումբը միակ գործուն ձեւաչափն է, որն ի վիճակի է առաջ մղել պայմանավորվածության ձեռքբերմանն ուղղված գործընթաց: Նման ողբերգական իրադրությունում ստատուս-քվոն անընդունելի է: Ես այդ մասին հայտարարել եմ նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Մեզ համար բացարձակապես անընդունելի է ստատուս-քվոն: Իրադրությունը վտանգավոր է: Մենք, սակայն, հավատում ենք, որ այն շրջանակը, որում մինչ օրս գործել ենք, լավագույնն է պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Եվս մեկ անգամ անիվ հայտնագործելու անհրաժեշտություն չկա, քանի որ նման պայմաններում մենք կարող ենք կորցնել նաեւ այն, ինչը մինչ այժմ ձեռք ենք բերել»: