Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին` լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Տ. Սարգսյանի գրության մասին պատմող պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, «բացի լրամշակման նպատակով» արտահայտությունից, ոչինչ ասված չէ օրինագիծը հետ տանելու հիմնավորումների մասին: Հիշեցնենք, որ խոսքն այն օրինագծի մասին է, որը ենթադրում է նաեւ բանակի օգտագործումը արտակարգ ռեժիմի ժամանակ եւ սահմանում է, թե որ դեպքում եւ ինչպես պետք է օգտագործվեն զինված ուժերը: Հիշեցնենք նաեւ, որ այս օրինագծի ընդունման եւ փաստը, եւ դրանում ներառված բազմաթիվ ձեւակերպումներ բուռն քննադատության արժանացան թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության կողմից: Սակայն իշխանություններն ընդամենը մեկ շաբաթ առաջ այնքան անդրդվելի էին այս օրինագիծն անցկացնելու իրենց ցանկության մեջ, որ ԱԺ-ում դրա քվեարկությունն ապահովեց ՀՀԿ-ական մի քանի պատգմավորների կողմից գործընկերների փոխարեն քվեարկելու միջոցով: Անկախ օրինագիծը հետ կանչելու դրդապատճառներից` պետք է արձանագրել, որ կառավարությունը հերթական անգամ հայտնվում է ծիծաղելի իրավիճակում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ-ում այդ օրինագծի քննարկումների ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կրծքով պաշտպանում էր այդ օրինագիծն այնպես, ինչպես մեծամասնական ընտրակարգի պահպանումն էր հիմնավորում` հղում անելով անգամ Չիչոլինային: Ստացվում է, որ Արդարադատության նախարարը, իրեն չխնայելով, պաշտպանում էր մի օրինագիծ, որը լրամշակման կարիք ունի, այսինքն` թերի է: Հետեւաբար, կամ իսկապես օրինագիծը լրամշակման կարիք ունի, կամ արդարադատության նախարարը, իսկ ավելի կոնկրետ` կառավարությունն ամբողջությամբ վերցրած, քանի որ Հրայր Թովմասյանն ընդամենը հանձնարարություն էր կատարում: