– Դուք առաջադրվելո՞ւ եք մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում:
– Անձամբ ես չեմ ցանկանում, որովհետեւ հիմա ինձ խորհրդարանում չեմ տեսնում: 2003թ. ընտրվել եմ մեծամասնականով, բայց ԱԺ չեմ գնացել, որովհետեւ ընտրություններն արդար չէին անցկացվել: Չեմ կարծում, թե հիմքեր կան, որ այս ընտրություններն արդար կանցկացվեն:
– Զուտ այդ հանգամա՞նքն է մտահոգում, թե՞ ՀԱԿ-ում հակասություններ կան: Համենայնդեպս մամուլում հրապարակումներ կան, թե ՀԱԿ անդամների միջեւ հակասություններ կան:
– Ոչ, հակասություն չկա: ՀԱԿ-ի հետ հակասություն կարող է լինել մի բանում` կարծում եմ, որ պայքարը պետք է փողոցում շարունակել: Մինչդեռ ՀԱԿ-ը մտածում է, որ պետք է նաեւ խորհրդարանում շարունակել:
– Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ միայն փողոցում պետք է շարունակել, եւ չարժե զուգահեռ նաեւ խորհրդարանում պայքարել:
– Որովհետեւ այս ընտրություններին նորից իրական պատկերը չեն ներկայացնելու: Պատկերացնո՞ւմ եք, վերջին չորս-հինգ տարիներին ՀՀԿ-ն նորից իշխանության է, երկրի ու ժողովրդի վիճակը շատ ավելի է վատացել, ու հանկարծ նորից այդ կուսակցությունն ընտրություններում հաղթում է: ՀԱԿ-ը գիտի, չէ՞, որ դրանք կեղծված ձայներ են: Ակնհայտ է, որ Հրազդանի ընտրություններին կարող էր մասնակցել ամենաշատը 18 հազար մարդ: Թիվ են տվել, թե մոտ 25 հազար մարդ է մասնակցել: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենալու ԱԺ ընտրություններին: ԱԺ ընտրություններին կարող է մասնակցեն 700-750 հազար մարդ, 2007-ին ցույց են տվել 1 մլն 350 հազար մարդ: Մոտ 600 հազար քվեաթերթիկ լցրել են: Անիմաստ է ՀՀԿ-ի հետ որեւէ կերպ ընտրությունների գնալ:
– Այսինքն` ընտրական գործընթացները պետք է թողնել միայն իշխանությունների՞ն:
– Պետք է պայքարել ու այս ընտրությունները դարձնել իշխանափոխության շարժում: Եթե այս ընտրությունները դիտենք որպես իշխանափոխության միջոց, կարող է արդյունավետ լինի, իսկ եթե գտնում ենք, որ պետք է ԱԺ գնանք, արդյունավետ չի լինի: Ես անձամբ ցանկացած պարագայում չեմ ուզում լինել ԱԺ-ում:
– Այդ դեպքում ո՞րն է պայքարի կամ իշխանափոխության Ձեր տարբերակը:
– Փողոցում ժողովրդի հետ միասին պայքարել այս հանցագործ իշխանությունների դեմ:
– Բայց չէ՞ որ 3-4 տարվա այդ փողոցային պայքարն այդքան էլ արդյունք չտվեց:
– Պետք է շարունակել: Այս պահից սկսած պետք է հզոր պայքարի ալիք բարձրացնել:
– Իսկ ինչո՞ւ չեք բարձրացնում:
– Երեւի մարտի 1-ից կսկսվի: Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք հզոր շարժում բարձրացնել: Եթե ալիքը բարձրացնենք ու գնանք ընտրությունների, այդ ընտրությունները կդառնան իշխանափոխության հիմքը:
– Իսկ ՀԱԿ նախընտրական ցուցակի քննարկումներն ի՞նչ փուլում են:
– Կոնգրեսին հարցրեք, այնտեղ են քննարկում, ինձ անձնապես բավականին քիչ է հետաքրքրում այդ ցուցակը: Ինձ ավելի շատ մարդկանց, ժողովրդի տրամադրությունն է հետաքրքրում: Մարդիկ փոփոխություններ են ուզում, չեն ուզում այսպես ապրել: Ազատ չեն մարդիկ, ազատություն, ազատ երկիր են ուզում, որ կարողանան ապրել ու շնչահեղձ չլինել: Այս երկրում մարդիկ շնչահեղձ են լինում: Շնչահեղձ լինելուց փախնում են երկրից: Դա ահավոր բան է:
– Միգուցե հասարակության մեջ գերիշխո՞ղ է այն տրամադրությունը, թե պայքարն անիմաստ է, եւ հեռանում են երկրից:
– Պետք է հուսադրել, որ պայքարի հույս կա, առաջնորդող կա: Եթե կարողանանք դա ցույց տալ, մարդիկ չեն հեռանա, կպայքարեն, ինչպես 2003 եւ 2008 թվականներին էին ոտքի կանգնել: Պարզապես այստեղ խնդիր կա, մարդիկ չեն կարող իրենց ռեսուրսն անվերջ դնել, եւ այդքան ռեսուրս էլ չունեն, որ անընդհատ դնեն ու հաջողության չհասնեն: Բայց միգուցե մենք դատապարտված ենք տեւական պայքարի: 10 տարի է` փողոցում պայքարում ենք ազատությունների համար: Ամեն դեպքում, ես մարդկանց կոչ եմ անում չհուսահատվել եւ մասնակցել այդ պայքարին: Չթողնեն երկիրը եւ հեռանան: Չգնան այլ տեղ ու օտար դառնան: Ամենադաժան բանը օտար լինելն է:
– Ի՞նչ եք անելու, եթե այս անգամ էլ ընդդիմությանը չհաջողվի հաջողության հասնել: Կշարունակե՞ք պայքարել, թե՞ դա անիմաստ կհամարեք:
– Ես միշտ պայքարելու եմ այս հանցագործ իշխանությունների դեմ, միշտ պայքարելու եմ ազատ երկիր ունենալու համար:
– Իսկ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի դեմ կառաջադրվե՞ք:
– Դա նրա տարածքը չէ, դա՞ էլ են սեփականաշնորհել: Վերջնական որոշում մոտ օրերս, առաջիկա շաբաթվա ընթացքում կկայացնեմ: Բայց ես հակված չեմ առաջադրվել: Իմաստը ո՞րն է, ենթադրենք` հաղթեցի: 2003-ին ես Ս.Ալեքսանյանից ոչ պակաս հակառակորդի եմ հաղթել` Սամվել Աբրահամյան, Վարազդատ Զատիկյան: Երկուսն էլ` ՀՀԿ-ի կողմից: Ես որ առաջադրվեմ, առաջադրվելու եմ հաղթելու համար: Համոզված եմ, որ կհաղթեմ, բայց նորից ծանր ընտրության առաջ չեմ ուզում կանգնել` ընտրվել եւ ԱԺ չգնալ:
– Դուք այնտեղ բարձր վարկանիշ, թիմ եւ ազդեցության լծակներ ունեք: Միգուցե իսկապես որպես ընդդիմադիր թեկնածու փորձեք հաղթել:
– Հիմնականում տեղի թիմի պահանջն է, որ առաջադրվեմ, դա է, որ ինձ պահում է: Իրենց հետ վերջնական որոշում կայացնելուց հետո կհայտարարեմ:
– Իսկ եթե Դուք չառաջադրվեք, եւ այնտեղ Կոնգրեսից կամ այլ կուսակցությունից ընդդիմադիր որեւէ այլ թեկնածու առաջադրվի, Ձեր թիմով, ազդեցության լծակներով կօգնե՞ք նրան:
– Կառաջադրվի` կօգնենք: