Նաեւ Ստամբուլում

23/02/2012

Ստամբուլի Filmmor կանանց միջազգային կինոփառատոնում կցուցադրվի նաեւ Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Այդ մասին նշված է փառատոնի պաշտոնական կայքում: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 15-16-ին, Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում: Կինոփառատոնը կանցկացվի մարտի 9-19-ը, որից հետո ֆիլմը կցուցադրվի նաեւ Վանում, Հաքյարըում եւ Չանաքքալեում: «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ թեեւ փառատոնին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն չի կարող ներկա գտնվել` զբաղվածության պատճառով: Նա հույս է հայտնել, որ ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում ճնշումների չի ենթարկվի: Ֆիլմի ծանուցման մեջ գրված է. «Մեծ մայրս մի քիչ տարօրինակ էր, ոչ ոք նրան չի սիրել, նրան երբեք չեն գրկել: Նրա ձեռքի եւ դեմքի վրայի կապույտ դաջվածքները սարսափազդու էին: Սատանայական նշաններ հիշեցնող այս դաջվածքները վախ էին ներշնչում: Ո՞րն էր մեծ մորս սխալը, ինչո՞ւ էր նա այդքան տարօրինակ: Ո՞վ էր այդ դաջվածքներն արել. նման հարցեր տալը սխալ էր: Մեծ մոր մասին խոսելն արգելված էր»:

Նշենք, որ վերջերս ֆիլմը ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղի թուրքական համայնքը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նրանք հազարավոր բողոքի նամակներ են ուղարկել հեռուստաընկերությանը: