Զարգացման հայկական բանկը հանդես գալով նոր դիրքավորմամբ` որպես նոր որակի բիզնես մշակույթի եւ կորպորատիվ հարաբերությունների ձեւավորող, ներկայացնում է բանկային նոր ծառայությունների փաթեթ` ուղղված մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսության իրական հատվածում արվող ներդրումներին:
Մասնավորապես առաջարկելով բանկային 14 կարեւորագույն ծառայություններ անվճար, Զարգացման հայկական բանկը հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ է ստեղծում հետճգնաժամային կառավարման փուլում առավել արդյունավետ օգտագործելու սեփական ֆինանսական ռեսուրսներն` էապես նվազեցնելով բանկային գործարքներին ուղղվող ծախսերը:
Միեւնույն քաղաքականության տրամաբանության ներքո Զարգացման հայկական բանկն իր բոլոր հաճախորդների բանկային հաշիվներում առկա միջոցների եւ ժամկետային ավանդների համար առաջարկում է բարձր տոկոսադրույքներ, երկարաժամկետ եւ մատչելի տոկոսադրույքով վարկեր, ինչպես նաեւ` նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել նաեւ մարզերում` երկրի բնակչության այդ շրջաններում առավել մրցունակ բանկային ծառայություններ առաջարկելու նպատակով:
Բանկի նոր դիրքավորումը մեծամասամբ պայմանավորված է 2011 տարում արձանագրած ֆինանսական ցուցանիշներով:
2011 թվականին ակտիվների աճը կազմել է ավելի քան 60%, որում համարժեք աճ է արձանագրել վարկային պորտֆելը: Վարկային ներդրումների գերակշիռ մասը փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկեր են:
Տարվա ընթացքում բանկի հաճախորդների քանակն ավելացել է 56%-ով: Այն սպասարկում է մոտ 11 հազ. հաճախորդի, որոնցից 10 հազարը ֆիզիկական անձինք են: Կրկնակի աճ է գրանցել բանկի ավանդային պորտֆելը` հասնելով մոտ 22 մլրդ դրամի:
Ավանդատուների քանակն ավելացել է 2.3 անգամ, ինչը բանկի հանդեպ ունեցած բարձր վստահության մասին է վկայում:
Բանկն էական աճ է գրանցել նաեւ քարտային բիզնեսում: Ակտիվ քարտերի քանակն ավելացել է 44%-ով, ինչի արդյունքում` դրանց քանակը կազմել է մոտ 7 հազար:
Բանկի շահույթը կազմել է 770 մլն դրամ, ընդ որում, սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 10.7%, իսկ ակտիվների շահութաբերության գործակիցը` ROA-ն` 2.6%: