Գրում են կրկին

23/02/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել: Բայց բոլոր քաղաքական ուժերն ինքնաբուխ սկսել են հասարակական կարծիքի մշակման գործընթացը: Ով ինչպես կարող է: Սոցիալ-տնտեսական կյանքն ամբողջությամբ հայտնվել է նախընտրական աստղակերպի տակ: Համարյա բոլոր լուրերի թիրախում ապագա ընտրություններն են: Օրինակ. Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարել է, որ խոշոր մասշտաբի բացահայտումներ է արել պետական գնումների համակարգում: Պարզվում է, որ մեկուկես տասնյակ ընկերություններ խախտել են դեղերի ձեռքբերման ընթացակարգը եւ յուրացրել աղքատ հիվանդներին դեղեր մատակարարելու համար նախատեսված պետական փողերը: Ընդ որում, հանձնաժողովն այնքան է շտապում, որ այս տեղեկությունները հրապարակում է դեռ ուսումնասիրությունը չավարտած: Հրապարակում ու հայտարարում է, որ հնարավոր է` նոր խախտումներ հայտնաբերեն: Չի կարելի միանշանակ պնդել, թե հանձնաժողովը խախտումների ցուցակ չմտած ընկերություններին ակնարկում է ներկայանալ ու լեզու գտնել իր հետ: Պարզապես, սա իշխող քաղաքական ուժի տեղեկատվական ռեսուրսն է ընտրություններից առաջ՝ «Տեսեք-տեսեք, թե ինչ արդյունավետությամբ ենք պայքարում գանձագողության ու կոռուպցիայի դեմ» շաբլոնով: Թե այն ինչ ազդեցություն կունենա հասարակական կարծիքի վրա, դժվար է ասել: Փոխարենը` կարելի է հիշել, որ այս՝ առողջապահության ոլորտում տնտեսագիտական ու քաղաքագիտական այբուբենին հակառակ, ոլորտի խոշորագույն սեփականատիրոջը «կարգել ենք» ոլորտի մենեջեր՝ նախարար: Հիշել ու չզարմանալ արձանագրված փաստերի վրա: Հետեւաբար` Տնտեսական մրցակցության հանձնաժողովի զարմանք-բացահայտումները, մեղմ ասած, խիստ սպասելի էին: Նման տեղեկատվությունը բացառապես իշխող կուսակցության` ՀՀԿ-ի նախընտրական ռեսուրսն են: Ինչպես տնտեսական ու բանկային բոլոր հրապարակումները, որ արվում են այս օրերին: Դրանցում, բնականաբար, մի գլուխ տնտեսական աճ է ներկայացվում: Ավելի բարդ է կոալիցիոն, բայց տարանջատված ներկայացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պարագան: Այս կուսակցությունն էլ նրբորեն է սկսել նախընտրական քարոզարշավը: Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն սեփական սոցիալ-տնտեսական ծրագիր է մշակել: Ավելին՝ արտասահմանյան տնտեսագետներ է վարձել մեր երկրի համար զարգացման ծրագիր գրելու (կամ՝ լրամշակելու) համար: Հայտնի է, որ այդ տնտեսագետները հրավիրվել էին Արեւելաեվրոպական երկրներից (ներառյալ` նաեւ Ուկրաինան ու Ռուսաստանը): Իհարկե, կարելի է ուրախանալ, որ հրավիրված մասնագետների մեջ չկային տնտեսագիտության ակադեմիկոսներ Բելառուսից: Այս մասնագետների լրամշակած ծրագիրն առայժմ չի հրապարակվել: Բայց մամուլում արդեն ենթադրություններ կան, որ այն տարբերվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի (իմա՝ ՀՀԿ-ի) տնտեսական ծրագրից: Թե որքանով է հնարավոր օտար երկրի համար մի քանի օրում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր գրելը, այլ հարց է: Փոխարենը` տնտեսագիտությունից տարրական գիտելիք ունեցող ցանկացած մեկը գիտի մեր տնտեսության հիմնական թերությունները: «Ինչպե՞ս վարվել հնարավոր առավելագույն աստիճանի մոնոպոլիզացված օլիգարխիկ տնտեսության հետ» հարցի պատասխանը շատերը կարող են տալ: Բայց խնդիրը պատասխանն իմանալը չէ, այլ այն իրագործելու կամքը: Քաղաքական կամքը, որ մեր քաղաքական ուժերն ամենեւին չեն դրսեւորում: Խոսքն առաջին հերթին ազդեցիկ քաղաքական ուժերի մասին է: Երեկ մեր սոցիոլոգներն այդ ուժերի ռեյտինգներն էին հրապարակում: Թվերը տարբեր էին, պատկերը՝ նույնը: Առաջին երկու տեղերը խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են զբաղեցնելու: Սոցիոլոգները զարմացած արձանագրել էին, որ հասարակությանը կուսակցությունների սոցիալ-տնտեսական ու քաղաքական ծրագրերը բոլորովին չեն հետաքրքրում: Համաձայնեք, որ հակառակն իսկապես տարօրինակ կլիներ: Անգամ ուտոպիստ մտածողները չեն կարող երեւակայել մի հասարակություն, որ նախընտրական ծրագրեր է կարդում: «Իսկ ինչո՞ւ չեն կարդում մասնագետները» հարցն իրավամբ հռետորական է: Բոլորն էլ գիտեն, որ նախընտրական ծրագրերը գրվում են, քրդերեն ասած` «էյթիբարի» համար: Երկրորդը՝ ի՞նչ նոր բան կարող է լինել մեր վարչապետի տնտեսական ծրագրում: Մարդը համարյա ամեն օր հրապարակային ելույթներ է ունենում: Ունենում ու պատմում է իր պատկերացումները հարազատ տնտեսության մասին: Պատմում ու կառավարում է: Այդքան եթե իմաստասեր Իմանուիլ Կանտը խոսեր, կես տարուց հետո նոր միտք չէր գտնի ասելու: Նույն տրամաբանությամբ հռետորական է նաեւ «Ինչո՞ւ կարդալ ԲՀԿ-ի տնտեսական ծրագիրը» հարցը: Անկախ այն բանից, թե որ երկրի ակադեմիկոսներ են դրանք գրել: Կուսակցության առաջնորդը հասարակության աչքի առաջ է տնտեսվարում: Տնտեսվարում ու ճարտարապետական հերթական գլուխգործոցն է կառուցում: «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» հայտնի բանաձեւով: Ի վերջո, հինգ տարին մեկ կարելի է փող ծախսել «էյթիբարի» համար գրվող տնտեսական ծրագրերի համար: Փող ծախսել, բայց 5 հազարանոցները պատրաստ պահել` ընտրության օրը ճիշտ տեղում ու ճիշտ ընտրողին տալու համար: «Մնացյալը», ինչպես կասեր դասականը, «լռություն է»: