Կարեւորը գործընթացն է

23/02/2012

«Շոտլանդիայում այս օրերին քննարկվում է անկախության մասին հանրաքվե անցկացնելու հարցը, ինչը կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ով վերջերս է վերադարձել Շոտլանդիայից: Բեքարյանին զարմացրել են այս հարցի քաղաքակիրթ քննարկումները հատկապես շոտլանդացիների շրջանում, ինչպես նաեւ` խնդրի նկատմամբ թե՛ Անգլիայի եւ թե՛ Շոտլանդիայի վերաբերմունքը: Հարցին` ինչ ազդեցություն կունենա Շոտլանդիայի անկախացումը ԼՂ հարցի կարգավորման վրա, Կարեն Բեքարյանն ասել է, որ կարեւոր է ոչ այնքան արդյունքը, որքան գործընթացը: «Տարիներ շարունակ Ադրբեջանը շոշափում էր այն խնդիրը, որ Մինսկի խմբից դուրս գա Ֆրանսիան եւ փոխարենը մտնի Անգլիան: Վերջին շրջանում Ադրբեջանը չէր տալիս Մեծ Բրիտանիայի անունը, փոխարենը` Գերմանիայինը,- ասել է նա` ավելացնելով,- Հնարավոր է` սա կապ ունի: Այս գործընթացում կարեւոր է այն, որ ոչ մեկը չի ասում` հանրաքվեն պետք է դրվի ամբողջ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում: Ոչ ոք չի կասկածում, որ շոտլանդացիները այդ հանրաքվեի անցկացման իրավունքն ունեն, եւ ոչ ոք իրար վրա թուր չի ճոճում»: Կ. Բեքարյանը համոզված է, որ ԼՂ հարցի շուրջ բանակցություններից կարելի է արդյունք ակնկալել, եթե զուգահեռ բոլոր երեք կողմերի միջեւ կնքվի ուժի եւ ուժի սպառնալիքի բացառման մասին պայմանագիր: «Եթե այդ երեւույթը դուրս մղվի, դիսկուրսը կդառնա քաղաքակիրթ: Բանակցությունները իրենց էության մեջ անիմաստ են դառնում, երբ զուգահեռ զոհեր են լինում»,- ասել է նա: