«Տաշիրը» գնո՞ւմ է Cavalli-ն

23/02/2012

Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը ցանկանում է գնել աշխարհահռչակ իտալական «Ռոբերտո Կավալի» ապրանքանիշը: Ռուսական ԶԼՄ-ներն այդ լուրը հրապարակել են` հղում անելով իտալական առաջատար «Il Sole 24 Ore» գործարար պարբերականին: Ըստ այդմ, որ գործարքի հնարավոր արժեքը կարող է կազմել 500 մլն եվրո: Ռուսական որոշ աղբյուրներ նշում են, որ, ամենայն հավանականությամբ, սա մի քանի տարի առաջ Սամվել Կարապետյանի ընկերության կողմից գործարկված Casa Italia նախագծի շրջանակներում իրականացվող գործարք է: Նշենք, որ Casa Italia-ի շրջանակներում նախատեսվում է Մոսկվայի Կարմիր հրապարակի եւ Կրեմլի հարեւանությամբ բացել իտալական ամենահայտնի բրենդերի խանութներ: Իտալական թերթի տեղեկության համաձայն` Roberto Cavalli-ում դիտարկում են նաեւ այլ ներդրողների առաջարկներ եւս, այդ թվում` Չինաստանից: Այժմ նորաձեւության տունը պատկանում է Erreci հոլդինգին, որի հասույթը 2010թ. գերազանցել է 170 մլն եվրոն, իսկ շահույթը կազմել է 25 մլն եվրո: Նորաձեւության տան հիմնադիր Ռոբերտո Կավալին երբեք չի թաքցրել, որ բարձր է գնահատում իր ստեղծած բրենդը` համարելով, որ այն չի կարելի 1 մլրդ եվրոյից ցածր գնահատել, բայց միաժամանակ հերքել է այս պահին գործարքի առաջարկ քննարկելու մասին լուրը: «Ինչպես միշտ, մեզ առաջարկներ լինում են, բայց այս պահին կոնկրետ պոտենցիալ գնորդների հետ բանակցություններ չեն ընթանում»,- ասել է Կավալին: Նա նշել է, որ նման բանակցություններ վարելու դեպքում էլ խոսքը կարող էր վերաբերել նորաձեւության տան միայն մասնակի վաճառքին: «Ես պետք է իմ որոշումները համաձայնեցնեմ Եվայի եւ երեխաներիս հետ, իսկ նրանք դեմ կլինեն»,- նշել է Կավալին: Այնուամենայնիվ, նորաձեւության տան պաշտոնական հաղորդագրության համաձայն, ընկերությունը կտրականապես հերքում է «Տաշիրի» հետ որեւէ տեսակի հաղորդակցությունը: