Նկատելով հայացքս` կինը փորձում է թիկունքում թաքցնել սեւացած ձեռքերը: «Իրիկվա կողմ Լեննականի լուբոյ փողոցի աղբարկղի մոտ ընձի կըրնաք տեսնիք զիբլի արկղը քջջելով: Ըդուր համար էլ ձեռքերս էս օրին են, վառելիք կհավաքեմ` թուղթ, յուղի աման, պլասմասե շիշ, ինչ հնարավոր է վառել, կբերեմ տուն, օր պեչկը վառենք, յոլա էրթանք, գոնե նպաստն էլ տանք հաց առնինք ուտենք»,- մի տեսակ ամաչելով ու քաշվելով` հայտնում է 55-ամյա Ժենյա Գրիգորյանը: Կնոջ դեմքին գծագրվող ժպիտը բավական խղճուկ է ստացվում, ասում է` հայ կնոջը վայել չէ, ինչ անում է, ամաչում է, երբ աղբարկղի մոտ իրեն ծանոթ մարդիկ են տեսնում, բայց ապրել պետք է` թեկուզ աղբարկղից վառելիք հայթայթելու գնով: «Հետո միշտ մտածել եմ, օր լավ մարդիկ հըլը չեն վերացել էս երկրի վրայից ու մե օրմ էլ իմ ու աղջկաս համար լույս կբացվի մե տեղիցմ»,- ինքն իրեն հուսադրում է Ժենյա Գրիգորյանը:
Չնայած ձայնի մեջ հնչող լավատեսական նոտային, այնուամենայնիվ, խոստովանում է, որ մի պահ թույլ է գտնվել եւ ցանկացել է ինքնասպան լինել, որովհետեւ ինքն ու 14-ամյա դուստրը օրերը կիսասոված են մթնեցնում, երեխան ցրտից կապտած մատները մի կերպ տաքացնելով է փորձում դպրոցում հանձնարարված գրավոր աշխատանքները կատարել, ու ինքը` որպես ծնող, իրավիճակը շտկելու հնարավորություն չունի: «Էդ օրն էլ էնքան էի հուսահատվել, օր կմտածեի` երեխուս ձեռից բռնեմ, էրթամ ընձի մոստից գցեմ: Ըսիկ ինչ ապրել է, օր մենք կապրինք, ոչ նորմալ տուն ունինք, ոչ աշխատանք ունինք: Հըմի մենակ 25-30 տարեկաններին գործի կընդունեն: Ես գործից փախնող չեմ: Ես դվոռնիկ աշխատելու համար քաղաքապետարան էլ եմ գնացել, ընձի կըսեն` գնա, գարունը բացվի` գուկաս: Ըբը ես սաղ աշուն-ձմեռ ինչո՞վ ապրիմ: Օր 50 տարեկան ենք` հաց ուտել չենք ուզե՞, օր 50 տարեկան ենք` շոր հագնել չենք ուզե՞, մարդամեջ դուրս գալ չենք ուզե՞: Երեխա կպահենք վերջը: Միակ գործն, օր արդեն եղավ, 5-6 տարի կենեմ, Զբաղվածության կենտրոնի ծրագրերին մասնակցելս է: Ապրի տիկին Ադամյանի արեւն, օր ամեն անգամ էդ աշխատանքներում ընձի կընդգրկե»,- ասում է Ժենյա Գրիգորյանը:
Տիկին Ժենյան 14-ամյա դստեր`Սյուզաննայի հետ ապրում է նախկին թիվ 11 դպրոցի կիսաքանդ շենքի մի սենյակում, որտեղ ոչ զուգարան կա, ոչ ջրի ծորակ: Շաբաթներով չեն կարողանում լողանալ, լվացքն անում են ամիսը կամ 2 ամիսը մեկ անգամ: Ժենյա Գրիգորյանն անօթեւանի կարգավիճակ չունի, իսկ դա նշանակում է, որ պետությունը նրան բնակարան չի հատկացնելու:
Ընդամենը 20.000 դրամ նպաստ են ստանում Գրիգորյաններն ու շատ հաճախ չգիտեն` հա՞ց առնեն այդ գումարին, թե՞ դեղորայք: Սյուզաննան լյարդ-լեղապարկի հիվանդություն ունի: Երեխան սովորում է Գյումրիի թիվ 29 դպրոցի 7-րդ դասարանում: Այս ուսումնական տարում արդեն 200 ժամ բացակայություն է գրանցվել Սյուզաննայի անվան դիմաց: «Շատ ժամանակ չի գնացել, նեղվել է, օր դպրոցում դասագրքի, ֆոնդի փող են ուզել, չենք կարողացել տալ: Չի գնացել, որովհետեւ ցրտերին համապատասխան հագուստ ու կոշիկ չի ունեցել: Էս ձմռան ցրտին երեխես ուրիշի տված կարկատած սապոգներով դասի կերթա: Հիմի նորից մրսել, հիվանդացել է, արդեն շաբաթ մը էղավ` անկողնային պառկած է, կհազա, մենք էլ, 3-րդ օրն է` թաղային բժշկին կսպասենք, հըլը չի էկել, օր տեսնինք` ինչ դեղ ու դարման պիտի էնենք երեխուս,- ասում է տիկին Ժենյան ու հետն էլ նեղսրտում,- Չնայած օր դեղ էլ գրե, հեչ չիդեմ, թե ինչով պիտի առնիմ: Էն օրը գնացել էի Ապարի` Վարդեւան Գրիգորյանի գրասենյակ, իրան չտեսա, բայց ընդեղ նստած աղջիկն ընպես կոպտեց, օր դռան տեղը մոռացա: Մեր նմաններին իրանք մենակ ընտրության օրերին կհիշեն, էդ վախտ մեկ էլ կհասկնան, օր մարդ ենք, փողոցի անտեր շուն չենք»:
Սյուզաննային հարցնում եմ, թե ինչ է անելու, եթե հանկարծ բացակայությունների պատճառով դուրս թողնեն հանրակրթական դպրոցից: «Եսիմ,- աղջիկն ուսերն է թոթվում,- Կարող ա դուրս չմնամ: Դե ինչ էնեմ, օր շուտ-շուտ կհիվանդանամ»: Սյուզաննան ասում է, որ դպրոցում սիրած առարկաները հայոց լեզուն ու հայ գրականությունն են, թեպետ միջին գնահատականներ է ստանում նույնիսկ այդ առարկաներից, իսկ աշխարհում ամենաշատը պարել է սիրում: Մեկուկես տարի է` Սյուզաննան հաճախում է «Կումայրի» պարի ստուդիա: Մայրն անչափ գոհ է ստուդիայի ղեկավարից, ով հաշվի առնելով իրենց ընտանեկան սուղ պայմանները, հրաժարվում է վարձ վերցնել իր աշխատասեր ու ընդունակ սանուհուց:
Երանուհի ՍՈՂՈՅԱՆ
hetq.am