Երկարակեցություն պարգեւող թանթրվենին

23/02/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Թանթրվենի սեւը` Sambucus nigra, ինչպես նաեւ` բռնչի սովորականը (նույն ինքը` «ձնագնդին») պատկանում են այծատերեւազգիների ընտանիքին։ Թանթրվենին, ըստ հնէաբանների` ուղեկցել է մարդուն դեռեւս քարե դարում։ Համարվել է, թե տան մոտ գտնվող թանթրվենին ապահովում է բարի աստվածների հովանավորությունը, իսկ բույսի տարբեր մասերն առողջություն, երկարակեցություն, պայծառատեսություն են պարգեւում։ Միջնադարում բույսի պտուղը եւ կանաչ ծիլերը կիրառել են որպես վերքամոքիչ, լուծողական, որդաթափ միջոց։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել. «Եթե տերեւները եփեն եւ ուտեն, կամ ջուրը խմեն, կտարրալուծի սեւ մաղձը։ Իսկ արմատը գինով խմելու դեպքում կօգնի ջրգողության բուժմանը։ Եթե եփեն ջրով եւ լոգանք ընդունեն, կօգնի արգանդի ուռուցքի դեպքում եւ կբացի խցանումները։ Թանթրվենին մազերը սեւ կներկի։ Եթե դրա կանաչ տերեւները գարե ալյուրի հետ խառնեն, ջերմախյուս պատրաստեն եւ դնեն տաք ուռուցքի վրա, կօգնի։ Հյութը խմելու դեպքում կօգնի կոտրվածքների, վնասվածքների եւ կատաղած շան կծածի դեպքում»։

Բույսի ծաղկաթերթերն օգտագործվել են որպես համեմունք սնունդի, կոմպոտների, գինու, զովացուցիչ ըմպելիքների մեջ։ Բարձր է գնահատվում հյութալի պտուղների ալ կարմիր հյութը, դրանով ներկել են մանվածքը եւ մազերը։ Մեր ժամանակներում բույսը պահպանում է իր տնտեսական նշանակությունը։ Եվրոպայում թանթրվենին հայտնի է` որպես «շվեյցարական թեյի» հումք։ Սկանդինավյան երկրներում թանթրվենու պտուղից ապուր են պատրաստում։ Հայերենում բույսն ունի այլ անվանումներ.

– Կտտկենի. Հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ վաղ աշնանը հասունացող պտուղը պահպանվում է թփի վրա մինչեւ հաջորդ տարվա գարուն եւ առատորեն կտտկվում թռչունների կողմից։

– Շամբուկ. Ենթադրաբար ծագում է շամբ = «թփուտածածկ ճահիճ» բառից, բույսը աճում է խոնավ, հատկապես հաճարենու անտառներում, թփուտներում, կիրճում, խոնավ վայրերում, թեեւ կա կարծիք, որ անվանումն առաջացել է հունարեն «sambux»=«կարմիր» բառից։ ՀՀ սահմաններում եւ միայն մեր հայրենիքի բնական պայմաններում աճում է նաեւ թանթրվենի Տիգրանի ենթատեսակը։ Աճում է Արզնիում։ Արայի լեռան վրա, Նիգ-Ապարանում, Վայքում, Ծաղկունյաց լեռնալանջերի քարքարոտ վայրերում, թփուտներում։

Հասկանալի է. բույսի թե՛ սեւ եւ թե՛ Տիգրանի ենթատեսակներն անհիշելի ժամանակներից ծանոթ են հայ մարդուն եւ ունեն հայեցի անվանումներ։ Թանթրվենին 2-6 մ բարձրությամբ տերեւաթափ թուփ է, հաճախ ծառի տեսք է ունենում։ Մոխրավուն ճյուղերը ծածկված են ոսպնյակներով։ Տերեւը բաղկացած է 4-12 սմ երկարությամբ մեկից չորս զույգ եւ մեկ գագաթային տերեւիկներից` վերեւից` մուգ կանաչ, տակից` սպիտակավուն կանաչ, սղոցաեզր, սրագագաթ։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, դեղնաճերմակ, հավաքված մինչեւ 10-20 սմ տրամագծով վահանաձեւ ծաղկաբույլերի մեջ։ Մեղրատու բույս է, նաեւ ծաղկափոշու մատակարար, ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին։ Պտուղը մանուշակագույն գնդիկ է, ունի մի քանի օվալաձեւ կորիզներ։ Փայտանյութը թեթեւ է, ամուր, բաց դեղնավուն, պատրաստում են մանր կենցաղային իրեր, շվի, նաեւ պարսկական «սամբուկ» կոչվող եռալար նվագարան։ Բույսն ունի դեկորատիվ կիրառություն, գեղեցիկ է` նախշազարդ տերեւներով, բազմերանգ ծաղիկների գրավիչ բուրմունքով, գեղեցիկ պտղաբույլերով։ Բույսի բոլոր մասերը հագեցած են օգտակար նյութերով.

– արմատը պարունակում է սապոնին, դառնանյութ, դաբաղանյութ,

– կեղեւը` ուրսոլաթթվի եթեր, բետուլին, սպիրտներ, ֆիգոսթերին, քոլին, եթերային յուղ, պեկտին, դաբաղանյութ, կալցիումի օքսալատի բյուրեղիկներ,

– տերեւը` լուծողական հատկություն ունեցող նյութեր, խեժ, թարմ վիճակում` կարոտին եւ մինչեւ 280 մգ ասկորբինաթթու` 100 գ հումքի մեջ, չոր տերեւներում կա 110 մգ գլիկոզիդ սամբունիգրին,

– ծաղիկները` սամբունիգրին 2-3 տոկոս եթերային յուղ, քոլին, ռուտին, կարոտին, ասկորբինաթթու, խեժ, լորձ, դաբաղանյութ, տերպեններ, օրգանական թթուներ, ալկալոիդ սանգվինարին, եւ այլն,

– պտուղը` անտոցիաններ, մինչեւ 10-50 մգ ասկորբինաթթու, կարոտին, ռուտին, սամբուցին, քրիզանթեմին, 300 մգ դաբաղանյութ, տիրոզին ամինաթթու, 5-6 տոկոս շաքարներ, եթերային յուղի հետք, լուծվող պեկտին, կալիումական աղեր, ռետինոլ, եւ այլն։

Չհասունացած պտուղը դառն է, գլիկոզիդ սամբունիգրինն ավելի շատ է բնության մեջ աճող բույսի պտուղներում։ Տրոհվելիս առաջանում են բենզալդեհիդ, գլյուկոզա, ցիանի թթու։ Հասունացած պտուղն անվնաս է, չորացրած կամ ջերմային մշակման ենթարկված վիճակում։

– Տարեց բույսի վրա աճում է «Հուդայի ականջ» կոչվող սունկը (Hirneola auricular-judae), որը հաճույքով ուտում են ճապոնացիները եւ չինացիները։ Ուռենու մոտակայքում գտնվող թանթրվենու վրա աճում է ճագոմի թուփը, որի խոտը կիրառվում է ընկնավորության բուժման համար։

– Բույսը հեշտությամբ է բազմանում սերմերով, կանաչ եւ փայտացած շիվերով։

Ծաղիկները հավաքում են ծաղկման շրջանում, մեկ-երկու օրից առանձնացնում ծաղկակիրից, չորացնում օդափոխվող տարածքում, պահում չոր տեղում (խոնավությունը` 8-14 տոկոս)։

Հումքն ունի հաճելի քաղցր համ։ Թարմ ծաղիկներից անգլիացիները պատրաստում են ավանդական Elderflower cordial կոչվող ըմպելիքը։

Պտուղը մթերում են օգոստոս-սեպտեմբերին, թփից կտրված ողկույզները մի քանի օր թողնում են արեւի տակ, հետո չորացնում 60-65 C ջերմաստիճանի տակ, ձեռքով հատիկ առ հատիկ հավաքված եւ արեւի տակ վերջնական հասունացած պտուղներից Շվեյցարիայում պատրաստում են բրենդային հյութ (Biotta AG ֆիրմա)։

Չոր պտուղն ունի թույլ բուրմունք, քաղցրաթթվաշ համ։

– Կեղեւը մթերում են երկու տարեկան ճյուղերից` գարնանը, երբ չի սկսել շարժվել հյութը, հեռացնում են մակերեսային գորշավուն շերտը, չորացնում են մինչեւ 70 C ջերմաստիճանի տակ։

– Արմատը մթերում են աշնան վերջում, չորացնելուց հետո փոշիացնում եւ պահում են այդ վիճակում։ Հումքն արագ է կլանում խոնավությունը, պահպանման ժամկետը` չոր, օդափոխվող տարածքում` պտուղների համար, 6 ամիս է, ծաղիկներինը` 2 տարի, իսկ փոշիացրած կեղեւինը` 3։

– Պտղի կորիզներից ստանում են յուղ, որը օգտակար է թրջոցի ձեւով` հոդատապի, մրսածության դեպքում։

Թանթրվենու ծաղիկների թեյն ունի քրտնամուղ, հակամանրէ հատկություն, բարձրացնում է դիմադրողականությունը, օգտակար է ռեւմատիզմի եւ պոդագրայի դեպքում։ Ծաղիկները լայնորեն կիրառվում են բազմաթիվ բուժիչ դեղաբույսերի փնջերում։ Կեղեւն ունի լուծողական հատկություն, կիրառվում է երիկամաբորբի, այտուցի դեպքում։

Պտուղների օշարակը մաքրում է օրգանիզմը թույներից եւ բարձրացնում դիմադրողականությունը։ Բուլղարացի բժիշկ Պետր Դիմկովը («Մոսկվա» ամսագիր, թիվ 1, 1975թ.) առաջարկել է կիրառել թանթրվենու օշարակը` որպես կանխարգելիչ օժանդակ միջոց որոշ բարորակ եւ չարորակ ուռուցքների բուժման ընթացքում` մաշկի, ստամոքսի, թոքերի, կանացի օրգանների, պրոստատիտի։

– Խառնեք թանթրվենու հասունացած պտուղը եւ շաքարավազը (1։1) թրմեք արծնապատ կաթսայում` մինչեւ շաքարը լուծվի, քամեք հյութը եւ պահեք սառը տեղում։ Սնվելուց 10 րոպե առաջ խմեք զտված ջուր, իսկ սնվելուց հետո` 1 ճ/գ օշարակ։ Կատարեք օրը 3 անգամ, շարունակեք 45 օր, ընդմիջեք 20-30 օր եւ կրկնեք եւս մեկ կամ երկու անգամ։

Օշարակը հանգստացնում է նյարդային համակարգը, լավացնում տեսողությունը, մաքրում արյունը, բթացնում է սովի զգացումը։ Ունի բարերար ազդեցություն սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի, հոդերի, շնչառական օրգանների վրա,

– Երկուսից երեք տարեկան երեխաներին կարելի է խմեցնել 0,5-1թ/գ` տաք 50 մլ ջրի հետ,

– Մինչեւ վեց տարեկան` 1-2 թ/գ` տաք 100 մլ ջրի հետ,

– 6-12 տարեկան` 2-3 թ/գ։ Բոլոր դեպքերում` օրը 2 անգամ, սնվելուց առաջ։

Զգուշացում։ Հակացուցված է խոցային կոլիտի, ոչ շաքարային դիաբետի, հղիության դեպքում։ Չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց, փսխում, լուծ։

Շագանակագեղձի բորբոքում. Երկու ճ/գ թանթրվենու ծաղիկը թրջեք 500 մլ օղու մեջ մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Տասը օրից քամեք, հումքը մզեք։ Խմեք 30-40-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ` տաք ջրով։

Հոդատապ. Հավասար քանակությամբ խառնեք երիցուկի, լորենու, թանթրվենու ծաղիկները, սրոհունդի խոտը։ Հումքի 20 գրամը եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա` փակ արծնապատ կաթսայի մեջ` 300 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։

Կամ`

– Հումքի 2 ճ/գ թրմեք 1,5 ժամ ջերմապահում, 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ (մինչեւ ժամը 16-ը), սնվելուց 30-40 րոպե առաջ։ Միաժամանակ թուրմը խմելուց 10 րոպե անց խմեք 0,5-1 թ/գ ծաղկափոշի, այն պետք է 20-30 րոպե թրմեք տաք ջրում։ Կարելի է փոխարինել մեղվահացով եւ խմել սառը կամ գոլ ջրով։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 5 օր, կրկնեք։

Կոնյուկտիվիդ. Խառնեք կեսական ճ/գ տերեփուկի եւ թանթրվենու ծաղիկները, 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում` փակ տարայում։ Զտեք մանրացանց քամիչով կամ կտորով։ Լվացեք աչքերը օրը 2-3 անգամ։

Շաքարային դիաբետ. Խառնեք հապալասի եւ եղինջի տերեւները, թանթրվենու ծաղիկը (2։1։1)։ Հումքի 1 ճ/գ եփեք 200 մլ եռջրում։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Կամ`

– Մեկ ճ/գ չոր պտուղը 3 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց հետո։

Հոդացավ. Խառնեք կեսական ճ/գ թանթրվենու ծաղիկը, եղինջի տերեւը, մաղադանոսի արմատը, ուռենու ճյուղի կեղեւը։ Ավելացրեք 400 մլ եռջուր։ Թրմեք 1 ժամ ջերմապահում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ։

Անգինա, ստոմատիտ. Խառնեք 1-ական ճ/գ թանթրվենու եւ փիփերթի ծաղիկները, եղեսպակի տերեւը։ 30 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Կատարեք ողողումներ։

Գրիպ, բրոնխիտ. Խառնեք 1-ական ճ/գ եղեսպակի, դաղձի տերեւը, թանթրվենու ծաղիկը, եփեք 5-10 րոպե 250 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք քնելուց առաջ, տաք վիճակում։

Ատամի ցավ, պարոդոնտոզ. Խառնեք 1-ական ճ/գ գետնամորու տերեւը, սրոհունդի խոտը, թանթրվենու ծաղիկը, 30-40 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Կատարեք ողողումներ։

Ձայնի խռպոտություն. Խառնեք մանր կտրատած 2 պճեղ սխտորը, 2 ճ/գ թանթրվենու ծաղիկները, 15 րոպե թրմեք 400 մլ եռջրում, ավելացրեք 3 ճ/գ մեղր։ Թրմեք եւս 15 րոպե։ Քամեք։ Խմեք 20-30-ական մլ յուրաքանչյուր 2 ժամը մեկ` 100 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք 3 օր։

Փորկապություն. Տասը գրամ չոր պտուղը 2 ժամ թրմեք 200 մլ եռացրած-սառեցրած ջրում։ Խմեք 100-200 մլ` օրը 1-2 անգամ։ Պտուղները ճզմեք թուրմի մեջ։

Արյունը մաքրող. Երեք ճ/գ չոր ծաղիկները 2 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 150-200-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ` 0,5-1թ/գ մեղրով։

Երիկամաբորբ, այտուց. Թանթրվենու 8 գ թարմ կեղեւը կամ 5 գ չոր կեղեւի փոշին 5-6 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5-6 անգամ։

Հոդացավ, նեւրալգիա. Խառնեք երիցուկի եւ թանթրվենու ծաղիկները (1։1), լցրեք պարկիկի մեջ եւ դրեք ցավոտ տեղին։

Սեւ թանթրվենին` մաշկի խնամքի համար

Ծաղիկների թուրմը խմեք ալերգիայի, թարախային պզուկների, մազաթափության, արեւայրուքի, պսորիազի դեպքում։

– 2 թ/գ ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 5-6 անգամ։

Պիգմենտային բծեր. Քառատակ ծալած թանզիֆը թրջեք ծաղկի գոլ թուրմի մեջ (1։10) դրեք բծերի վրա։ Կրկնեք 5-6 անգամ` 5 րոպե ինտերվալներով։ Շարունակեք, մինչեւ ստանաք համապատասխան արդյունք, որից հետո կրկնեք շաբաթական 1-2 անգամ։ Օգնում է նաեւ պեպենների դեպքում։

Սպիտակեցնող լոսյոն. 20 գ թարմ ծաղիկները 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Ավելացրեք 200 մլ օղի։ Թրմեք 1 շաբաթ, քամեք թանզիֆով։ Պահեք մութ տեղում։ Օգտագործեք քնելուց առաջ։

Մաշկը փափկացնող, թարմացնող. 2 ճ/գ վարսակի փաթիլը եփեք 100 մլ կաթով, խառնեք 2 ճ/գ սեւ թանթրվենու ծաղիկի թուրմ, քսեք դեմքին ու պարանոցին, 20 րոպեից լվացեք` գոլ եւ ցայեք` սառը ջրով։

Զգայուն մաշկ. 5 գ կեղեւի փոշին 30 րոպե թրմեք 200 մլ սառը ջրում, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, թրմեք 30 րոպե, քամեք։ Դրեք թրջոցներ։

Բարձր քրտնարտադրություն. Լոգանքի ջրին ավելացրեք ծաղիկների թուրմ կամ տերեւի կաթնային եփուկը։

Այրվածք. 2-3 ճ/գ տերեւը եփեք 100-150 մլ կաթով։ Դրեք թանզիֆե պարկիկի մեջ, ամրացրեք ցավոտ տեղի վրա։ Օգտակար է նաեւ չիբանի դեպքում։

Լոսյոն ճարպոտ մաշկի համար. Խառնեք 3-ական ճ/գ տխլենու (պնդուկենի) տերեւը եւ թանթրվենու ծաղիկը, 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 400 մլ եռջրով։ Թրմեք 1 ժամ, քամեք։ Մեկ թ/գ բորաթթուն լուծեք 4 ճ/գ վարդաջրում եւ խառնեք ծաղկի եփուկին։ Քամեք թանզիֆով, պահեք մուգ ապակե տարայի մեջ` հով, մութ տեղում։ Մաքրեք դեմքը առավոտյան եւ երեկոյան։