Անդրե Ժիդ «Օսկար Ուայլդ»

23/02/2012 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

«Մի անգամ երկրի երեսին ապրում էր մեկը, ում բոլորը գյուղում սիրում էին, քանի որ նա կարողանում էր պատմություններ պատմել: Ամեն առավոտ նա հեռանում էր գյուղից, եւ երբ երեկոյան վերադառնում էր, գյուղի մշակները, ողջ օրվա տքնանքից խոնջացած, հավաքվում էին նրա շուրջն ու ասում էին. «Դե, պատմիր, այսօր ի՞նչ ես տեսել»: Եվ նա պատմում էր. «Անտառում ես տեսա այծեմարդուն, որ սրինգ էր նվագում, որի հնչյունների ներքո պար էին բռնել փոքրիկ այծոտանիները»:

«Պատմիր էլ ի՞նչ ես տեսել»,- հարցնում էին մարդիկ»: «Երբ ես ծովափ եկա, այնտեղ երեք սիրենների տեսա, որ տարուբերվում էին ալիքի կատարին, եւ ոսկե սանրով իրենց կանաչ վարսերն էին սանրում»: Եվ մարդիկ սիրում էին նրան, քանի որ նա նրանց պատմություններ էր պատմում:

Մի առավոտ նա, ինչպես միշտ, լքեց իր գյուղը, բայց երբ մոտեցավ ծովափին, ահա հանկարծ տեսավ երեք սիրեններին` երեք սիրեններին ալիքի կատարին, որ ոսկե սանրով իրենց կանաչ վարսերն էին սանրում: Եվ շարունակելով իր ճամփան, նա անտառեզրին տեսավ այծեմարդուն, որ սրինգ էր նվագում` պար բռնած ածոտանիների համար… Այդ երեկո, երբ նա իր գյուղը վերադարձավ եւ նրան, առաջվա պես, հարցրին. «Դե, պատմիր մեզ, ի՞նչ ես դու տեսել», նա պատասխանեց. «Այսօր ոչինչ»:

Ուայլդը դադար առավ, սպասեց, մինչեւ որ պատմությունն իր ազդեցությունը թողնի ինձ վրա, իսկ հետո դարձյալ սկսեց.

– Ինձ դուր չեն գալիս ձեր շուրթերը, նրանք բացարձակապես ուղիղ են, ինչպես մարդկանց մոտ, որ երբեք չեն ստում: Ես ուզում եմ ձեզ ստել սովորեցնել, այն բանի համար, որ ձեր շուրրթերը դառնան հիասքանչ ու կոր, ինչպես անտիկ դիմակի շուրթերը:

«Արդյոք դուք գիտե՞ք, թե որն է արվեստի ստեղծագործության եւ բնության ստեղծագործության էությունը: Գիտե՞ք, թե որն է դրանց միջեւ եղած տարբերությունը: Քանզի, ի վերջո, նարկիսոս ծաղիկը նույնքան հիասքանչ է, որքան եւ արվեստի ստեղծագործությունը, այն, ինչ նրանց տարբերում է, դա գեղեցկությունը չէ: Գիտե՞ք, թե դրանք ինչով են տարբերվում: Արվեստի ստեղծագործությունը միշտ բացառիկ է: Բնությունը, որ ոչ մի հարատեւ բան չի ստեղծում, անընդհատ կրկնվում է, որպեսզի նրա ստեղծածներից ոչ մեկը չկորչի: Գոյություն ունեն բազում գույների նարկիսոսներ` ահա թե ինչու նրանցից յուրաքանչյուրը կարող է ապրել մեկ օր: Եվ ամեն անգամ, երբ բնությունը նոր ձեւ է ստեղծում, նա այն անհապաղ կրկնում է: Ծովում ապրող ծովահրեշը գիտի, որ ուրիշ ծովում էլ կա ծովահրեշ, որ նման է իրեն: Երբ Աստված պատմության մեջ ստեղծում է Ներոնին, Բորջիային կամ Նապոլեոնին, նրանց կողքին նա դնում է մարդանց, որ նման են նրանց, մենք նրանց չենք ճանաչում, եւ դա կարեւոր էլ չէ, կարեւորն այն է, որ դրանցից մեկը հաջողվի, քանզի Աստված արարում է մարդուն, իսկ մարդն արարում է արվեստի ստեղծագործությունը:

«Ես գիտեմ… եղել է մի օր, երբ երկիրը մեծ անհանգստություն է ապրել, ինչպես, եթե բնությունը կամենար ինչ-որ անկրկնելի էակ ստեղծել, հիրավի ինչ-որ անկրկնելի մի բան, եւ երկրի երեսին ծնվեց Քրիստոս: Այո, ես հիանալիորեն դա գիտեմ… սակայն լսեք.

«Երբ Հովսեփ Արիմաթենեցին երեկոյան կողմ իջավ Գողգոթայից, ուր հենց նոր մահացել էր Հիսուս, նա տեսավ որ սպիտակ քարի վրա նստած էր մի պատանի, ով լալիս էր: Հովսեփը մոտեցավ նրան ու ասաց. «Ես հասկանում եմ, թե ինչու է քո վիշտն այդքան մեծ, քանզի այդ մարդն հիրավի սրբակյաց էր»: Բայց պատանին նրան պատասխանեց. «Օ, ոչ, ես դրա համար չէի լալիս: Ես լալիս եմ այն բանի համար, որ ես նույնպես հրաշքներ էի գործում: Ես վերադարձնում էի կույրերի տեսողությունը, ես բուժում էի տկարացյալներին եւ մեռյալներին հարություն էի տալիս: Ես նույնպես չորացրի անպտուղ թզենին եւ ջուրը գինու վերածեցի… Եվ մարդիկ ինձ չխաչեցին»:

Այն փաստը, որ Օսկար Ուայլդը համոզված էր իր առաքելության պատմականության մեջ, բազմիցս հառնում էր իմ առաջ:

Ավետարանը հուզում եւ տանջում էր հեթանոս Ուայլդին: Նա չէր կարողանում նրան ներել հրաշքները: Հեթանոսի հրաշքը` արվեստի ստեղծագործությունն է` քրիստոնեությունը հանդես էր գալիս բռնատերի դերում: Ամենայն ուժգին գեղարվեստական իռեալիզմ համոզված ռեալիզմ է պահանջում կյանքում:

Նրա առակներից ամենասրամիտները, նրա ամենաանհանգիստ հեգնանքները նպատակ ունեին համադրելու հեթանոսական նատուրալիզմը քրիստոնեական իդեալիզմի հետ:

– Երբ Հիսուս կամեցավ դարձյալ հայրենիք վերադառնալ,- պատմում էր նա,- Նազարեթն այնքան էր փոխվել, որ նա չէր կարողանում ճանաչել իր քաղաքը: Նազարեթը, ուր նա ապրել էր, հառաչանքներով ու արցունքներով լի էր, նոր քաղաքը երգ ու ծիծաղով էր լեցուն: Եվ Քրիստոս, մտնելով քաղաք, տեսավ ծաղիկներով ծանրաբեռնված ստրուկների, ովքեր փութանակի բարձրանում էին ինչ-որ ճերմակամարմարե տան մարմարյա աստիճաններով: Քրիստոս մտավ տուն եւ հասպիսե դահլիճի խորքում, ծիրանագույն գահի վրա տեսավ մի մարդու, նրա ցրված մազերի մեջ կարմիր վարդեր էին հյուսած, նրա շուրթերը կարմիր գինուց շառագունել էին: Քրիստոս մոտեցավ նրան, դիպավ նրա ուսին եւ ասաց. «Ինչո՞ւ ես դու այդպիսի կյանք վարում»։ Մարդը շրջվեց, ճանաչեց նրան ու պատասխանեց. «Ես բորոտ էի, եւ դու բուժեցիր ինձ: Մի՞թե ես այժմ կարող եմ այլ կերպ ապրել: Եվ Քրիստոս լքեց այդ տունը: Եվ ահա նա փողոցում մի կնոջ տեսավ, ում դեմքն ու հագուստները ներկված էին, իսկ ոտքերը մարգարտապատ սանդալներով էին, նրա ետքից փութում էր երկու տարբեր գույնի հագուստով մի մարդ, եւ նրա աչքերը ցանկությունից մշուշվում էին: Քրիստոս մոտեցավ, դիպավ նրա ուսին եւ ասաց. «Ինչո՞ւ ես դու գնում նրա ետեւից, ինչո՞ւ ես դու այդպես նայում այդ կնոջը»: Մարդը շրջվեց, ճանաչեց նրան ու ասաց. «Ես կույր էի, եւ դու բուժեցիր ինձ: Եվ ի՞նչ անեմ ես` տեսնողս»:

«Եվ Քրիստոս մոտեցավ կնոջը. «Ճանապարհը, որով դու գնում ես,- ասաց նա,- դեպի մեղք է տանում, ինչո՞ւ ես դու գնում դրանով»: Կինը ճանաչեց նրան ու ծիծաղելով ասաց. «Ճանապարհը, որով ես գնում եմ, հաճելի է, եւ դու իմ մեղքերին թողություն ես տվել»:

Եվ այդժամ Քրիստոսի սիրտը վշտացավ, եւ նա կամեցավ լքել այդ քաղաքը: Այնտեղից դուրս գալիս նա տեսավ, որ փոսի կողքին նստած էր մի պատանի ու լալիս էր: Քրիստոս մոտեցավ նրան եւ դիպչելով նրա գանգուրներին, հանկարծ հարցրեց. «Եղբայր, ինչո՞ւ ես դու լալիս»: Եվ Ղազարոսը իր հայացքը բարձրացրեց դեպի նա եւ ասաց. «Ես մեռած էի, եւ դու ինձ հարություն պարգեւեցիր. դե ուրեմն ի՞նչ անեմ ես»:

«Ուզո՞ւմ եք, ես ձեզ մի գաղտնիք բանամ,- սկսեց մի այլ անգամ Ուայլդը` ինձ հետ գտնվելով Էրեդիայի մոտ, նա ինձ մարդկանցով լեցուն սալոնի անկյունը տարավ,- մի գաղտնիք, բայց խոստացեք, որ ոչ մեկին չեք ասի… Գիտե՞ք, թե ինչու Քրիստոս չէր սիրում իր մորը: – Նա դա ասաց ականջիս, շշուկով եւ ասես ամաչելով: Նա փոքրիկ դադար առավ, բռնեց ձեռքս, մի քայլ ընկրկեց եւ ծիծաղելով, կարճ նետեց,- «Որովհետեւ նա կույս էր…»:

Ինձ թույլ կտամ մեջբերել եւս մի առակ, մեկն այն տարօրինակ առակներից, որի հանդեպ բանականությունը կարող է սայթաքել, եւ թող յուրաքանչյուրը հասկանա այնպես, ինչպես կամենում է, այն հակասությունը, որը, կարծես թե, Ուայլդն էլ չի հորինել.

«… Եվ ահա Աստծո դատաստանի Պալատում խորունկ լռություն տիրեց: Մեղավորների հոգին լիովին մերկ ներկայացավ Աստծո առաջ:

«Եվ Տերը բացեց մեղավորների կյանքի գիրքը.

«… Հիրավի, քո կյանքը չարությամբ լի էր` դու… (այնուհետեւ հետեւում էին մեղքերի զարմանալի, հրաշալի թվարկումները): Եվ քանի որ այդ ամենը դու ես արել, ես քեզ ուղարկում եմ Դժոխք:

– Դու չես կարող ինձ դժոխք ուղարկել:

– Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող դա անել:

– Որովհետեւ ես իմ ողջ կյանքն այնտեղ եմ անցկացրել:

Եվ այնժամ դարձյալ Աստծո Դատաստանի Պալատում խորունկ լռություն տիրեց:

– Լավ: Եթե ես չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, ես քեզ Երկինք կուղարկեմ:

– Դու ինձ չես կարող Երկինք ուղարկել:

– Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող դա անել:

– Որովհետեւ ես երբեք չեմ կարողացել այն պատկերացնել:

Եվ Աստծո Դատաստանի Պալատում նորեն լռություն տիրեց»:

Մի անգամ առավոտյան Ուայլդը ինձ մի հոդված տվեց, խնդրելով, որ կարդամ բավական կարճամիտ մի քննադատի բառերը, ով շնորհավորում էր նրան այն բանի համար, որ նա կարողանում է գեղեցիկ առակներ հորինել, որոնցում նա արտահայտում է իր մտքերը:

– Նրանք երեւակայում են,- ասաց Ուայլդը,- որ բոլոր մտքերը ծնվում են մաքուր վիճակում… Նրանք չեն հասկանում, որ ես կարող եմ մտածել միայն առակներով: Քանդակագործն ամենեւին էլ չի ձգտում իր միտքը փոխանցել մարմարի լեզվին, նա մեկեն մտածում է մարմարի մեջ:

«Աշխարհի երեսին ապրում էր մի մարդ, ով կարող էր մտածել միայն բրոնզով: Եվ մի անգամ այդ մարդու մեջ միտք հղացավ, միտք բերկրանքի մասին, որը մի ակնթարթ է տեւում: Եվ նա զգաց, որ իրեն անհրաժեշտ է այն արտահայտել: Բայց ողջ աշխարհում մի բրոնզի կտոր չգտնվեց, քանզի մարդիկ այն լիովին օգտագործել էին: Եվ մարդը զգաց, որ կխելագարվի, եթե իր միտքը չարտահայտի:

Եվ այնժամ նա մտածեց իր կնոջ գերեզմանի վրայի բրոնզի կտորի մասին, արձանի մասին, ոը նա քանդակել էր կնոջ գերեզմանը զարդարելու համար, միակ կնոջ համար, ում նա սիրել էր: Դա վշտի արձանն էր, որը լցնում է ողջ կյանքը: Եվ մարդը զգաց, որ կխելագարվի, եթե իր միտքը չարտահայտի:

Եվ ահա նա վերցրեց վշտի արձանը, որ լցնում է ողջ կյանքը, կոտրեց այն, ձուլեց եւ նրանից ստեղծեց բերկրանքի արձանը` բերկրանքի, որ տեւում է մի ակնթարթ»:

Ուայլդը հավատում էր արվեստագետի կանխորոշված ճակատագրին եւ համարում էր, որ գաղափարը մարդուց զորեղ է:

-Լինում է,- ասում էր նա,- արվեստագետի երկու տեսակ` մեկը պատասխաններ է բերում, մյուսը` հարցեր: Անհրաժեշտ է իմանալ, արդյո՞ք դու պատկանում ես նրանց թվին, ովքեր պատասխանում են, թե՞ նրանց, ովքեր հարցնում են, քանզի հարցնողը երբեք չի լինում նա, ով պատասխաններ է տալիս: Գոյություն ունեն ստեղծագործություններ, որոնք երկար սպասում են եւ որոնք երկար ժամանակ չեն հասկանում, բանն այն է, որ դրանք իրենց հետ բերել են պատասխաններն այն հարցերի, որոնք դեռեւս չեն դրվել, քանզի հարցերն անհընդհատ գալիս են պատասխաններից շատ ավելի ուշ:

Նա նաեւ ասում էր.

– Հոգին մարմնի մեջ ծեր է ծնվում` այն ջահելացնելու համար մարմինը ծերանում է: Պլատոնը` ահա Սոկրատեսի պատանությունը:

Եվ այնուհետեւ ես նրան երեք տարի չտեսա:

2

Այստեղ սկսվում են ողբերգական հիշողությունները:

Համառ լուրերը, որ ուժգնորեն տարածվում էին նրա հաջողությունների հետ կապված լուրերի հետ (Լոնդոնում նրա պիեսները խաղում էին միանգամից երեք թատրոններում), Ուայլդին տարօրինակ բարքեր էին վերագրում, որոնք ոմանք հակված են դատապարտելու դեռեւս միայն ժպիտով, իսկ մյուսները բնավ էլ չէին դատապարտում, ընդ որում, վստահեցնում էին, որ նա դրանք չի էլ թաքցնում, այլ անընդհատ նույնիսկ ի ցույց է դնում, ըստ ոմանց ասածի` համարձակությամբ, ըստ այլ տարբերակի` ցինիզմով կամ այլ տարբերակով` փայլելու մտադրությամբ: Զարմանքով լի, ես ականջ էի դնում այդ խոսակցություններին: Ուայլդի հետ իմ ծանոթության ողջ ընթացքում ոչինչ առիթ չէր տվել համանման ենթադրությունների համար: Եվ, այդուհանդերձ, նրա նախկին ընկերներից շատերը զգուշությունից ելնելով սկսեցին նրանից խուսափել: Ոչ ոք դեռ կտրուկ նրա հետ կապերը չէր խզել, բայց այլեւս նրա հետ հանդիպումներից խուսափում էին:

Արտասովոր դիպվածը նորից մեր ուղիները խաչաձեւեց: Դա 1895 թվականի հունվարին էր: Ես ճամփորդում էի` ինձ քշում էր մռայլ տրամադրությունը, ես ավելի շուտ մենություն էի փնտրում, քան նոր վայրեր: Սարսափելի եղանակ էր, Ալժիրից ես փախել էի Բլիդախ, պատրաստվելով այնտեղից Բիսկրա մեկնելու: Հոթելը լքելիս, անգործությունից կամ հետաքրքրասիրությունից ես նայեցի սեւ տախտակին, ուր գրանցվում էին կենվորների անունները: Ի՞նչ եմ ես տեսնում: Հենց իմ ազգանվան կողքին, համարյա կիպ կպած, Ուայլդի անունն էր… Ես արդեն ասացի, որ այն ժամանակ տառապում էի մենակ մնալու ծարավով, ես վերցրի սպունգն ու անունս ջնջեցի:

Դեռ դահլիճի կեսին չհասած, ես սկսեցի կասկածել, որ այդ իմ վարմունքը որոշակի վախ է պարունակում, հենց նույն պահին ես վերադարձա, հրահանգեցի ետ բերել իմ ճամպրուկները եւ իմ անունը դարձյալ գրել տվեցի տախտակի վրա:

Երեք տարվա ընթացքում, որ մենք չէինք հանդիպել (ես չեմ հաշվում այն թռուցիկ հանդիպումն անցյալ տարի Ֆլորենցիայում), Ուայլդն անկասկած փոխվել էր: Նրա հայացքի մեջ փափկությունը շատ ավելի քիչ էր, ծիծաղի մեջ ինչ-որ խուլ բան կար, զվարճանքի մեջ ինչ-որ մոլեգնություն կար: Թվում էր, թե նա շատ ավելի համոզված էր իր հմայքում եւ ավելի քիչ էր տենչում հասնելու հաղթանակների. նա ինչ-որ ավելի խիզախ, հաստատուն եւ հասուն էր դարձել: Տարօրինակ բան, նա այլեւս առակներով չէր խոսում, այն մի քանի օրվա ընթացքում, որ ես մնացի նրա հետ, ես նրանից ոչ մի հեքիաթ չկարողացա պոկել:

Հենց առաջին իսկ խոսքերից ես զարմանք հայտնեցի, որ նա Ալժիրում է:

– Ախ,- պատասխանեց նա ինձ,- այժմ ես խուսափում եմ արվեստի ստեղծագործություններից: Ես ուզում եմ պաշտել միայն արեւը… Դուք նկատել եք, որ միտքն ատում է արեւը` այն միշտ նրան ստիպում է ընկրկել եւ ստվերում կենալ: Սկզբում նա Եգիպտոսում էր բնակվում, սակայն արեւը գրավեց Եգիպտոսը: Երկար ժամանակ նա ապրում էր Հունաստանում` արեւը գրավեց Հունաստանը, հետո` Իտալիան, վերջապես` Ֆրանսիան: Այժմ բոլոր մտքերն ուղարկված են Ռուսաստան եւ Նորվեգիա, ուր երբեք արեւը չի գալիս: Արեւը խանդում է արվեստի ստեղծագործություններին:

Երկրպագել արեւը` դա կնշանակի` երկրպագել կյանքը: Ուայլդի քնարական երկրպագությունը դառնում էր վայրի ու ահարկու: Նրան ուղեկցում էր ճակատագիրը` նա չէր կարող եւ չէր կամենում դրանից խուսափել: Թվում էր, թե նա ջանք եւ ուժ չէր խնայում, որպեսզի գերապատկի իր ճակատագիրն ու ինքն իրեն հուսահատության հասցնի: Նա ձգտում էր հասնել հաճույքների այնպես, ինչպես ոմանք ձգտում են իրենց պարտքը կատարել: «Իմ պարտքը,- ասում էր նա,- սարսափի աստիճանի զվարճանալն է»: Ավելի ուշ Նիցշեն իմ մեջ առանձնահատուկ զարմանք չառաջացրեց, որովհետեւ ինձ բախտ էր վիճակվել Ուայլդից լսել.

– Միայն, ոչ երջանկությունը: Ոչ մի կերպ ոչ երջանկությունը: Հաճույքը: Միշտ հարկ է կամենալ ամենաողբերգականը…

Նա քայլում էր Ալժիրի փողոցներով, եւ նրա առջեւից, կողքից եւ ետեւից ընթանում էր վաշխառուների ամբոխը, նրանցից յուրաքանչյուրի հետ նա զրուցում էր, հիացած նրանց էր զննում եւ նրանց բռերով փող էր նետում:

– Հուսով եմ,- ասում էր,- որ ես կարողացա ալասերել այս քաղաքը:

Միտս եկան Ֆլոբերի խոսքերը, ով այն հարցին, թե ինչ տեսակի փառքն է նրան գայթակղում, պատասխանել էր.

– Այլասերողի փառքը:

Այդ ամենն իմ մեջ զարմանք, հիացմունք եւ վախ էր հարուցում: Ես տեղյակ էի Ուայլդի խախտված հեղինակության, նրա թշնամիների եւ նրա վրա հարձակումների եւ այն մռայլ անհանգստության մասին` որը նա ծածկում էր իր համարձակ զվարճանքով: Նա սկսեց խոսել Լոնդոն վերադառնալու մասին` մարկիզ Կ.-ն նրան վիրավորում էր, փախուստի մեջ էր մեղադրում:

– Բայց երբ դուք վերադառնաք, Ի՞նչ կլինի այդ ժամանակ,- հարցրի ես: -Դուք գիտե՞ք, թե ինչի եք գնում:

– Այդպիսի բաներն իմանալու հարկ չկա… Իմ ընկերները զարմանահրաշ մարդիկ են, նրանք ինձ խորհուրդ են տալիս զգույշ լինել: Բայց մի՞թե ես կարող եմ զգույշ լինել: Դա կնշանակեր ետ գնալ: Ես պիտի գնամ այնքան հեռու, որքան կարողանամ: Բայց ես չեմ կարող ավելի հեռուն գնալ… Ինչ-որ բան պիտի պատահի, բոլորովին այլ մի բան…

Հաջորդ օրն Ուայլդը մեկնեց:

Մնացյալն անհայտ է: «Բոլորովին այլ մի բանը», պարզվեց, hard labour-ն է` տաժանակիր աշխատանքը:

3

Բանտից դուրս գալուց անմիջապես հետո Օսկար Ուայլդը եկավ Ֆրանսիա: Բերիզվիլում, փոքրիկ անհայտ գյուղակում, Դիեպի ծայրամասում բնակություն հաստատեց ոմն Սեբաստիան Մելմոթ անունով մեկը. դա հենց նա էր: Քանի որ նրա բոլոր ֆրանսիացի ընկերներից վերջինը ես էի նրան տեսել, այժմ ես կամեցա նրան առաջինը տեսնել: Հենց ես ճարեցի նրա հասցեն, փութացի նրա մոտ:

Ես տեղ հասա կեսօրին մոտ, առանց նախազգուշացնելու: Մելմոթը, ում բարեսիրտ Տ.-ն բավական հաճախ Դիեպ էր կանչում, պիտի երեկոյան վերադառնար: Նա վերադարձավ կեսգիշերին:

Ձմեռը դեռ չէր ավարտվել։ Ցուրտ եւ զզվելի օրեր էին: Ողջ օրը ես թափառում էի մարդազուրկ լողափով: Ինչպե՞ս կարող էր Ուայլդը բնակության համար Բերնեւալն ընտրել: Մռայլ վայր է:

Գիշերը վրա հասավ: Ես մտա հյուրանոց` սենյակի համար պայմանավորվելու, հենց այն, շրջակայքի միակ հյուրանոցը, ուր ապրում էր Մելմոթը: Մաքուր, հաճելի կահավորված հյուրանոցում մի քանի անշուք կենվորներ էին ապրում, որոնց հետ ես ստիպված էի սեղանի շուրջ նստել: Տհաճ շրջապատ Մելմոթի համար:

Բարեբախտաբար, հետս գրքեր էի վերցրել: Մռայլ գիշեր էր, ժամը տասնմեկը։ Ես այլեւս չէի ուզում սպասել, մեկ էլ հանկարծ լսեցի, որ սայլակ է բարձրանում… Մսյո Մելմոթը եկավ:

Մելմոթը լիովին ցրտից սառչել էր: Նա ճանապարհին վերարկուն կորցրել էր: Սիրամարգի փետուրը, որ նրան բերել էր ծառան (վատ նշան է), նրան դժբախտություն էր կանխագուշակում` լավ է դեռ, որ ավելի վատ բան չէր պատահել: Նա դողում էր, եւ հազիվ նկատելի բարեւեց ինձ: Օտարների մոտ, համենայն դեպս, նա չէր կամենում արտահայտել իր զգացմունքները: Իմ հուզմունքն էլ հանդարտվեց, հենց ես նկատեցի, որ Սեբաստիան Մելմոթը նման է այն Օսկար Ուայլդին, ում ես մի ժամանակ գիտեի` ոչ թե Ալժիրի մոլեգին քնարերգուին, այլ այն հեզ Ուայլդին, որ դեռ արհավիրք չէր ապրել, թվում էր, որ ես ոչ թե երկու, այլ չորս-հինգ տարի ետ եմ գնացել` նույն նրբին հայացքը, նույն աշխույժ ծիծաղը, նույն ձանը…

Նա երկու սենյակ էր վերցրել, լավագույնները հյուրանոցում, եւ կարգադրել էր դրանք իր ճաշակով կահավորել: Սեղանի վրա բազում գրքեր էին, նա դրանց մեջ գտավ իմ «Երկրային սնունդները», որ վերջերս էր լույս տեսել:

Եվ ահա մենք նստած ենք լուսամփոփի մոտ: Հիմա, երբ նա ավելի լավ է լուսավորված, ես նկատում եմ, որ նրա դեմքի մաշկը կարմրել ու կոպտացել է, ձեռքերն ավելի շատ են կոպտացել, թեպետ նրանց վրա հայտնվել են նախկին մատանիները, նրա ատամները սարսափելի փչացել են:

Մենք զրուցում ենք: Ես խոսում եմ Ալժիրում մեր վերջին հանդիպման մասին: Ես հարցրի, թե նա հիշո՞ւմ է արդյոք, որ դեռ այն ժամանակ ես համարյա կանխագուշակեցի արհավիրքը:

– Արդյո՞ք ճիշտ չէ,- ասացի ես,- չէ՞ որ դուք, ընդհանուր առմամբ, պատկերացնում էիք, թե ինչ է ձեզ սպասում Անգլիայում, դուք նախօրոք գիտեիք վտանգի մասին եւ գլխապատառ նետվեցիք դրա մեջ:

(Այստեղ, թերեւս, լավ կլիներ արտագրել այն թերթիկները, ուր ես շուտով գրանցել էի այն ամենը, ինչ հիշում էի նրա զրույցներից):

– Օ, իհարկե, իհարկե, ես գիտեի, որ արհավիրք է տեղի ունենալու, այդ, թե այլ մեկը, բայց միեւնույն է` ես սպասում էի դրան… Ամեն ինչ, անշուշտ, պիտի այդպես ավարտվեր: Ինքներդ մտածեք, այլեւս առաջ գնալ անհնար էր, այդպես չէր կարող շարունակվել: Ահա թե ինչու, ինքներդ կհասկանաք, որ դա պետք է վերջանար: Բանտն ինձ արմատապես փոխեց… Սակայն երբեք հարկ չկա վերադառնալու անցած ապրելակերպին… Իմ կյանքը նման է արվեստի ստեղծագործության, արվեստագետը երբեք չի կրկնում իր արածը, եթե միայն անհաջողություն չի ունեցել: Մինչ բանտն ինձ հնարավորինս ժպտացել էր: Այժմ դա լիովին ավարտված մի բան է:

Նա ծխախոտ ծխեց:

– Հասարակությունն այն աստիճանի դաժան է, որ այն միշտ դատում է մարդուն իր վերջին արարքով: Եթե ես հիմա Փարիզ վերադառնայի, ինձ կնայեին լոկ որպես մարդասպանի: Ես չեմ ուզում հայտնվել` նախօրոք դրամա չգրած: Իսկ մինչ այդ թող ինձ հանգիստ թողնեն,- եւ նա հանկարծ հավելեց, -Արդյոք ճիշտ չէ՞, որ ես այստեղ եկա: Ընկերներս կամենում էին, որպեսզի ես հարավ գնամ հանգստանալու, որովհետեւ սկզբում ես մեծ հոգնություն էի զգում: Բայց ես խնդրեցի նրանց Ֆրանսիայի հարավում մի փոքրիկ լողափ գտնել, որտեղ ես ոչ մեկին չեմ տեսնի, ուր շատ ցուրտ կլինի, ուր համարյա արեւ չի լինում… Արդյոք ճիշտ չէ՞, ես լավ արեցի, գալով ապրելու Բերնեւալում:

Այստեղ բոլորը շատ բարի են ինձ հետ: Հատկապես քահանան: Ես շատ եմ սիրում այստեղի եկեղեցին: Այն նվիրված է Բերկրանքի Աստվածամորը: Մի՞թե դա հիասքանչ չէ: Եվ հիմա ինձ թվում է, որ ես երբեք չեմ լքի Բերնեւիլը, քանի որ այսօր առավոտյան քահանան ինձ խոստացավ տեղ հատկացնել խորում:

Իսկ այստեղի պաշտոնական ծառայողները: Նրանք այստեղ սարսափելի ձանձրանում էին, ես նրանց հարցրի, թե արդյո՞ք նրանք որեւէ ընթերցելու բան ունեն, ես հիմա միշտ նրանց եմ տանում Դյումա-հոր վեպերը: Արդյոք ճիշտ չէ՞, որ ինձ հարկ է այստեղ մնալ:

Իսկ երեխաները: Ախ, ոնց են նրանք ինձ պաշտում: Թագուհու հոբելյանի օրը ես մեծ տոն սարքեցի, մեծ ճաշկերույթ տվեցի, ես հրավիրեցի քառասուն դպրոցականների, բոլորին, բոլորին, ուսուցչի ղեկավարությամբ, որպեսզի հարգեն թագուհուն: Արդյոք ճիշտ չէ՞, որ դա հիասքանչ է… Գիտեք, ես շատ եմ սիրում թագուհուն: Ես միշտ հետս եմ տանում նրա նկարը:

Եվ նա ինձ ցույց տվեց պատին փակցրած Նիկոլսոնի արած թագուհու դիմանկարը:

Ես ելնում եմ, որպեսզի նրան նայեմ` կողքիս փոքրիկ գրապահարան է, որոշ ժամանակ ես զննում եմ գրքերը: Ես կամենում էի, որ Ուայլդն ինձ հետ լուրջ խոսի: Ես դարձյալ նստում եմ եւ փոքր-ինչ ամաչելով տեղեկանում եմ, թե արդյո՞ք նա կարդացել է «Գրառումներ մեռյալ տնից» վեպը: Նա ուղիղ պատասխան չի տալիս եւ արտաբերում է.

– Ռուս գրողները միանգամայն զարմանահրաշ մարդիկ են: Այն, որ նրանց գրքերն այդքան մեծ է դարձնում, դրանցում ներդրված խղճահարությունն է: Արդյոք ճիշտ չէ՞, որ նախկինում ես շատ էի սիրում «Մադամ Բովարին», բայց Ֆլոբերը չկամեցավ, որ խղճահարությունն իր ստեղծածներում տեղ գտնի, եւ դա նեղացրեց եւ ինքնամփոփ դարձրեց դրանք, խղճահարությունը` դա այն կողմն է, որը բացում է ստեղծագործությունը, այն է, որի շնորհիվ նա մեզ անսահման է ներկայանում: Գիտեք ինչ, սիրելիս, միայն խղճահարությունն ինձ օգնեց, որ ես վերջ չտամ իմ կյանքին: Այո, առաջին վեց ամիսների ընթացքում ես սարսափելի դժբախտ էի, այնքան դժբախտ, որ ես ուզում էի ինքս ինձ սպանել, ինձ պահեց այն, որ զննելով այնտեղ բոլոր մյուսներին, ես տեսա, որ նրանք նույնքան դժբախտ են, եւ ես խղճահարություն զգացի: Օ, սիրելիս, խղճահարությունը հիասքանչ բան է, բայց նախկինում ես դա չգիտեի: (Նա խոսում էր համարյա շշուկով, առանց որեւէ գրգռվածության) -Արդյո՞ք դուք բավականաչափ լավ հասկացաք, թե ինչ հիասքանչ բան է խղճահարությունը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ամեն երեկո երախտապարտ եմ լինում Աստծուն, այո, այո, ծնկաչոք, երախտապարտ եմ Աստծուն այն բանի համար, որ Նա թույլատրեց ինձ ճանաչելու Իրեն: Քանզի բանտ ես մտա քարե սրտով, մտածելով միմիայն հաճույքի մասին, իսկ այժմ իմ սիրտը վերջնականապես փշրվեց, եւ այնտեղ տեղ գտավ խղճահարությունը, եւ ես այդժամ հասկացա, որ խղճահարությունը երկրի երեսին գոյություն ունեցող ամենամեծ, ամենահիասքանչ բանն է… Ահա թե ինչու ես չեմ զայրանում նրանց վրա, ովքեր ինձ դատել են, եւ ընդհանրապես, ոչ մեկի վրա, չէ՞ որ առանց նրանց ես համանման բաներ չէի ճանաչի: Բոզին ինձ հրեշային նամակներ է գրում, նա ասում է, որ ինձ չի հասկանում, նա գրում է, թե չի հասկանում, թե ինչու ես բոլորից չեմ դժգոհում, նա ասում է, որ բոլորն ինձ ատում են… ոչ, նա ինձ չի հասկանում, նա այլեւս չի կարող ինձ հասկանալ: Ես դա կրկնում եմ նրան յուրաքանչյուր նամակում, մենք չենք կարող նախկին ուղով գնալ, նա իր ճանապարհն ունի (եւ այն հիասքանչ է), ես` իմը: Նրա ճանապարհը` Ալքիբիադեսի ճանապարհն է, իմ այժմյան ճանապարհը` դա սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու ճանապարհն է: Դուք ծանո՞թ եք սուրբ Ֆրանցիսկ Ասիզացուն: Ախ, դա հիասքանչ է, հիասքանչ: Ուզո՞ւմ եք ինձ մեծ բավականություն պատճառել: Ուղարկեք ինձ լավագույնը բոլորից` սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու վարքը…

Ես խոստացա, եւ նա նորից խոսեց.

– Այո, հետագայում մեր բանտի տնօրենն էր մի հիասքանչ, բառիս բուն իմաստով հիասքանչ մի մարդ, բայց առաջին վեց ամիսը ես սարսափելի դժբախտ էի: Այն ժամանակ բանտի պարետը մի շատ չար հրեա էր, որ առանձնանում էր մեծ դաժանությամբ, որովհետեւ նա դույզն-ինչ երեւակայություն չուներ։ Այդ վերջին նախադասությունը, որ նա շատ արագ արտաբերեց, շատ ծիծաղելի ստացվեց, ես ծիծաղեցի, ինքը` եւս, եւ կրկնելով այն, նա շարունակեց.

– Նա չգիտեր, թե ինչ հորինի այն բանի համար, որ ստիպի մեզ տառապել… Դուք այժմ ինքներդ կտեսնեք, որ նա դույզն-ինչ երեւակայություն չուներ… Հարկ է նկատել, որ բանտում թույլատրվում է մեկ ժամով դուրս գալ մաքուր օդի, մարդիկ խմբով շրջանաձեւ քայլում են, եւ նրանց խստիվ արգելվում է խոսել: Պահակները հետեւում են ձեզ, եւ կանոնները խախտողը խիստ պատժվում է: Մարդկանց, որ առաջին անգամ են բանտ ընկնում, կարելի է ճանաչել այն բանով, որ նրանք չեն կարողանում առանց շուրթերը շարժելու խոսել… Վեց ամիս անցավ այն բանից ի վեր, որ ես բանտ ընկա, եւ ես ոչ մեկին ոչ մի բառ չէի ասել` ոչ մի խոսք: Մի երեկո մենք խմբով քայլում էինք, ինչպես ես արդեն ասացի, մեկժամյա զբոսանքի էինք ելել, հանկարծ ես լսեցի, որ մեկն արտաբերեց իմ անունը, նա ասաց. «Օսկար Ոայլդ, ես շատ խղճում եմ ձեզ, դուք երեւի թե մեզնից շատ ավելի շատ եք տառապում»: Ես մեծ ջանք գործադրեցի, որ պահակներն ինձ չնկատեն (ինձ թվաց, թե ես ուշաթափվում եմ), եւ առանց շրջվելու` պատասխանեցի. «Ոչ, իմ բարեկամ, մենք բոլորս էլ նույնքան տառապում ենք»: Այդ օրվանից ես ինքնասպան լինելու ցանկություն չունեի:

«Մենք այդպես զրուցում էինք մի քանի օր: Ես իմացա նրա անունը, եւ, թե ինչով է նա զբաղվում: Հիանալի տղա էր, հիասքանչ: Բայց ես դեռեւս առանց շուրթերս շարժելու խոսել չէի սովորել, եւ մի հիանալի երեկո մենք լսեցինք. «33-ը (դա ես էի) եւ 48-ը թող շարքից դուրս գան»: Մենք շարքից դուրս եկանք եւ պահակն ասաց. «Դուք պիտի գնաք տնօրենի մոտ»։ Եվ քանի որ խղճահարությունն արդեն սրտիս մեջ էր, ապա ես վախենում էի բացառապես իմ ընկերոջ համար, իսկ ես, ընդհակառակը, ուրախ էի նրա համար տառապելու համար:

Շարունակելի