Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը տարածել է հայտարարություն` հայ ժողովրդին շնորհավորելով ղարաբաղյան շարժման սկզբնավորման խորհրդանիշ հանդիսացող` փետրվարի 20-ի օրվա առիթով: «Քսանչորս տարի առաջ` փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդն ընդունեց ազգային ինքնորոշման իր իրավունքը հաստատող պատմական փաստաթուղթ: Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի փլուզման առաջին խորհրդանիշը հանդիսացող այդ փաստաթուղթն ազդարարեց մեր պայքարի սկիզբը հանուն մարդու իրավունքների լիարժեք իրացման եւ հանուն հայրենի հողում մարդու խաղաղ եւ ստեղծագործ կյանքի: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին այս խորհրդանշական օրվա առիթով, որը սկիզբն էր դեպի ազատություն, անկախություն եւ արդարություն տանող մեր հարատեւ եւ լավատեսական ճանապարհի»,- ասված է «Ազատ դեմոկրատների» հայտարարության մեջ: