Ինչո՞ւ էր արթնացել «բարոյական պահը»

21/02/2012

«Ես մատաղացու գառ չեմ»,- երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած հարցաքննության ժամանակ հայտարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը` որոշակիորեն նոր մանրամասներ ներկայացնելով իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Մասնավորապես, Մ. Օհանյանն ասել է, որ 2011թ. ապրիլից իր եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջեւ ծագել է ծառայողական տարաձայնություն. ինքը համաձայն չի եղել Սարգսյանի կադրային քաղաքականության եւ որոշ աշխատանքների կազմակերպման ձեւի հետ: Ոստիկանապետն էլ նշյալ տարաձայնությունը տեղափոխել է անձնական հարթություն, ինչի արդյունքում, ինչպես Մարգար Օհանյանն է ասել, «ծնվել է այս շինծու քրեական գործը»: Նշենք, որ դատական նիստի սկզբում` ցուցմունքներ տալիս, Օհանյանն օգտագործել է «Ոստիկանության ղեկավարություն» ձեւակերպումը եւ հարցերին պատասխանելու ժամանակ է մասնավորեցրել, որ խոսքն Ալիկ Սարգսյանի մասին է: «Իսկ Ոստիկանության 6-րդ, 7-րդ վարչության ու Գլխավոր շտաբի պետերը եղել են կատարողները` բիրտ ուժի կիրառմամբ: Ես ոչ դրամական միջոցներ եմ յուրացրել, ոչ էլ բենզին»,- հայտարարել է Մ. Օհանյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ 2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ ավագ քննիչ Տիգրան Թամամյանն իրեն կանչել է հարցաքննության` որպես վկա, սակայն հարցաքննությունից հետո քննիչի քաղաքային հեռախոսին ինչ-որ մեկը զանգել է, ինչի արդյունքում` քննիչը տեղեկացրել է, որ ինքն արդեն կասկածյալ է: «Ամեն ինչ իրոք կանցնի, բայց ես դավաճանությունը չեմ կարող ներել,- երեկ դատարանում ասել է Մ. Օհանյանը` ավելացնելով,- Արդեն 6 ամիս է` լրատվամիջոցներն ասում են` ինչո՞ւ Ալիկ Սարգսյանի անունը չեմ տալիս: Ես գործ սարքողի այդքան նմա՞ն եմ: Դա, կարող է` Ոստիկանության այն ժամանակվա ղեկավարներին էր հարիր, ինձ հարիր չէ, ես ցեխ շպրտող մարդ չեմ, ես չեմ կարող զրպարտել»: Մ. Օհանյանի երեկվա հայտարարություններին շատ օպերատիվ արձագանքել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ես սարքելուց շատ հեռու եմ, կյանքում ոչ մեկի գլխին չեմ սարքել, ուր մնաց` իրա, էդքան բան կարամ ասեմ: Սարքելը ինձ հատուկ չէ, հարիր չէ ոչ մի նորմալ մարդու: Ես սարքող չեմ, սարքող են ման գալիս, թող ուրիշ տեղ ման գան»,- henaran.am-ին ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` նշելով, որ անսպասելի եւ զարմանալի է համարում Մարգար Օհանյանի` իր հասցեին արված հայտարարությունը: Մարգար Օհանյանի երեկվա հայտարարությունները կարելի է սենսացիոն համարել այն իմաստով, որ դրանք լույս են սփռում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` մինչ այժմ անհասկանալի թվացող վարքագծի վրա: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ անցած տարեվերջին Մ. Օհանյանը դատարանում հայտարարեց, թե առաջիկայում որոշ մարդկանց անուններ կհնչեցնի, շատ արագ հարցազրույց տվեց այդ օրերին արդեն ոստիկանապետի պաշտոնից ազատված եւ նախագահի խորհրդական դարձած Ալիկ Սարգսյանը եւ ասաց, թե իր կարծիքով` Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի, ու նա պետք է ազատության մեջ լինի: «Նա Ոստիկանության բարձրաստիճան սպա է եղել: 30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք` մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժի նրան դատել որպես սովորական հանցագործի… Կարծում եմ, այստեղ բարոյական պահ կա: Ես որ անհարմար չզգայի, ինքս կգնայի այսօր դատարան, դատավորին կխնդրեի. ով ինչ կուզեր` թող իմ մասին մտածեր, ես եմ գործը հասցրել մինչեւ վերջ, ես էլ գտնում եմ, որ նա այսօր պիտի դրսում լիներ: Ես իմ կողմից կուզենայի խնդրել, որպեսզի դատարանը մեղմ վերաբերվեր: Ուրախ եմ, որ դուք ինձ զանգել եք, այս խոսքերս սրտանց եմ ուզում ասել` ոչ թե, որ Մարգար Օհանյանը կամ նրա հարազատները լսեն, ուղղակի ես իմ բարոյական պարտքն եմ կատարում, ճիշտ կլինի, որ այդ մարդը դրսում լինի»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել էր Ալիկ Սարգսյանը, ով, հիշեցնենք, զբաղեցնում էր ոստիկանապետի պաշտոնն այն ժամանակ, երբ կալանավորվեց Մարգար Օհանյանը: