Կոալիցիան ռեւերանսներ կանի

21/02/2012

«Ես հակված եմ, որ նախարարները լինեն քաղաքական դեմքեր, ոչ թե բացառապես արհեստավարժ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` միաժամանակ բնական համարելով, որ ընտրություններից հետո համամասնական ցուցակով ներկայացվածները ընդգրկվեն գործադիր իշխանության կազմում: Երկու անգամ մեծամասնական, երկու անգամ էլ համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Այվազյանը դեռ չգիտի` ինչ կարգով է առաջադրվելու այս ընտրություններում: Կամ ընդհանրապես առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Այվազյանը իր վրդովմունքն է հայտնել այն խոսակցությունների շուրջ, որ գործարարները չպետք է լինեն ԱԺ-ում: Ըստ նրա, ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովն է հեղինակել նստաշրջանների 80 տոկոսի օրենսդրական նախաձեռնությունները: «Ինչո՞ւ չպետք է գործարարները լինեն խորհրդարանում: Ի՞նչ է, համամասնական ցուցակով Դաշնակցությունը գործարար չի՞ անցկացրել, ի՞նչ, անուններ ասե՞մ. բոլորդ գիտեք… Քաղաքական թիմը որոշում է կայացնում` բիզնեսի ներկայացուցիչներին տանե՞լ խորհրդարան, թե՞ ոչ: Բայց մեծամասնականով ինչո՞ւ չառաջադրվեն գործարարներ»,- հարցրել է նա` չհամաձայնելով դիտարկումներին, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները պասիվ են: «Եթե չեք ցանկանում, որ տվյալ անձը մտնի խորհրդարան, նա կարող է մտնել համամասնական ցուցակով` ո՞նց եք նրա մուտքը ԱԺ խոչընդոտելու, ինչպե՞ս եք սահմանափակելու: Չեք կարող, չէ՞: Ձեւի համար ասում եք` մեծամասնականը վատ է»,- ձեւի համար ասել է Վ.Այվազյանը: Խոսելով քաղաքական դաշտի վերադասավորումների մասին` նա նշել է, որ անակնկալներ չեն լինի: «Կոալիցիոն կառավարությունն առկա է, կոալիցիոն քաղաքական ուժերը միմյանց ռեւերանսներ են անելու… Մայիսի ընտրություններից հետո, վստահ եմ, որ ՀՀԿ-ն ֆավորիտ կլինի: Գործունեությամբ, գործընկերներով, ներքին ուժով, անցած ուղիով, համոզվածությամբ ՀՀԿ-ն մեծ ներուժ ունի: ՀՀԿ-ն ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում, ամեն անկյունում»,- հայտարարել է նա: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստին` Վ. Այվազյանն ասել է, թե ՀՀԿ-ն խանդով չի վերաբերվում դրան: «Լուրջ վտանգ չենք տեսնում, ինչո՞ւ պետք է խանդենք: Աստված իրենց հետ: Կգան խորհրդարան` կտեսնենք, դրսից այնքան հեշտ է ասել… Խորհրդարանը ամենօրյա քրտնաջան աշխատանք է»,- հայտարարել է Այվազյանը: Ի դեպ, նա չի ժխտում, որ իր կուսակցական գործընկերներն Ազգային ժողովի քվեարկությունների ժամանակ ուրիշների փոխարեն կոճակ են սեղմում: «Տեսել եմ: Ո՞նց սուտ խոսամ, որ տեսել եմ, է, բայց ես չեմ արել»,- ասել է Վ. Այվազյանը: Նա թեեւ ուրիշի փոխարեն կոճակ սեղմելը հաճելի երեւույթ չի համարում, սակայն ունի երեւույթի վերաբերյալ իր բացատրությունը: «Լինում է, որ երկու րոպեով դուրս ես գալիս, խնդրում ես` քո փոխարեն քվեարկեն: Ընդհանրապես չի կարելի ուրիշի փոխարեն քվեարկել: Բայց պարզ խոսում ենք: Ձեզ հարց եմ տալիս: Դուք եք խորհրդարանում ու իրար կողք հինգ տարի նստել եք: Խնդրում է` սեղմես: Չե՞ք անի, թե՞ կասեք` մեղա քեզ, տեր Աստված, ու չեք քվեարկի»,- ասել է նա ու ինքն իր ասածի վրա ծիծաղել: