«Մաշտոցի պուրակում բնապահպանները փորձում են արդարացնել իրենց տրված գրանտները»,- երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել երիտհանրապետական Մենուա Հարությունյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակում անցկացվող նստացույցին: Մենուան սաստիկ մտահոգված է այն հանգամանքով, որ փորձում են երիտասարդ քաղաքապետին դեմ գործողություններ անել: «Իրենց տված վնասն ավելի շատ է, քան նույնիսկ, եթե այդ երկու ծառը կտրեն: Բարոյականության մասին ավելի շատ եւ բարձր խոսում են անբարոյականները»,- անկեղծորեն հայտարարել է Մենուան: «Ես երեկ եղել եմ Մաշտոցի պուրակում եւ տեսել հայտնի մարդկանց, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր իրենց կարծիքն են հայտնում: Ամեն օր մենք մեր հեռուստաալիքները փոխում ենք, որպեսզի մեր երեխաները նրանց հումորը չլսեն»,- ասել է Մենուան` ավելացնելով, որ այդպիսի մարդիկ ավելի մեծ խնդիր են: Նա, բնականաբար, ոչինչ չի ասել այն մասին, թե ինչպես են վարվում մարդիկ, երբ հեռուստաէկրանին տեսնում են սույն «քաղաքական մեկնաբանին», ով համարում է, որ պետք է պայքարել բնապահպանների դեմ, իսկ Տարոն Մարգարյանը Երեւանը սիրող երիտասարդ գործիչ է: Այսքանից հետո երիտհանրապետականը չէր կարող չխոսել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց ժամանակ «արեւի տակ», ավելի ճիշտ` ցուցակում տեղ ունենալու ակնկալիքով սկսվել է այս իշխանահաճության շքահանդեսը: «Եթե սերնդափոխությունը պետք է լինի ձեւական, այսինքն` բերենք երիտասարդ պատգամավորի, որը ուրիշի փոխարեն կքվեարկի, ապա նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Մենուան` ավելացնելով, որ անհայրենիք մարդիկ չպետք է մտնեն համակարգ, պետք է մտնեն խորհրդարան նրանք, ովքեր իրենց կյանքում ստեղծում են որեւէ բան: