Պաշտոնական վիճակագրությունը երեկ հրապարակել է հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները։ Ճիշտ է, դրանք նախնական են, կամ, ինչպես ասում են՝ շտապ հավաքագրված, այդուհանդերձ, պատկերացում տալիս են ընթացիկ վիճակի մասին։
Հունվարը տնտեսական տեսանկյունից սովորաբար համարվում է «մեռած» ամիս։ Առաջին հերթին` այն պատճառով, որ հունվար ամսվա գրեթե առաջին կեսը ողջ հանրապետությունն անցկացնում է արձակուրդի մեջ։ Հունվարի տնտեսական գործունեությունը շատ պասիվ է նախորդ ամսվա՝ դեկտեմբերի նկատմամբ, ինչը երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրության ցուցանիշներից։ Օրինակ՝ շինարարության ծավալն այս տարվա հունվարին գրեթե 10 անգամ ավելի փոքր է եղել 2011թ. դեկտեմբերի ցուցանիշից։ Առեւտրի շրջանառության ծավալը ցածր է եղել 3 անգամ, գյուղատնտեսական արտադրանքինը՝ նույնքան։ Սակայն, չնայած սեզոնային անկմանը՝ վիճակագրությունն արձանագրել է տնտեսության ակտիվացում նախորդ տարվա նույն ամսվա՝ հունվարի համեմատ։ Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) հունվարին կազմել է 4.4%։ Սա վատ ցուցանիշ չէ, եւ, անկասկած, լինելու է տնտեսության մասին պաշտոնական ելույթների կարեւոր կետերից մեկը։ Սակայն լավատեսական ելույթների մեխը լինելու է ոչ թե ՏԱՑ-ի, այլ արդյունաբերության ցուցանիշը։ Ըստ ԱՎԾ տվյալների, այս ոլորտի արտադրանքը հունվար ամսին աճել է 21%-ով՝ 2011թ. հունվարի համեմատ՝ կազմելով 71.5 միլիարդ դրամ։ Ըստ էության, հենց արդյունաբերության ոլորտի աճն է ապահովել տնտեսական ակտիվության ցուցանիշի բարելավումը։ Մյուս ոլորտները (բացի ծառայությունների ոլորտից) գրեթե զրոյական աճ են ունեցել։ Այսպես, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 0.1%-ով՝ կազմելով 15.7 միլիարդ դրամ, շինարարության ծավալը՝ 0.5%-ով (8.5 միլիարդ դրամ)։ Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 6.7%։
Ի դեպ, 2011թ. հունվարին ծառայությունների ոլորտն էր աճի ռեկորդակիրը՝ 24.7%-ով։ Եվ հիմնականում հենց ծառայությունների ոլորտի շնորհիվ 2011թ.հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 7.7%։
Արդյունաբերության աճի ֆոնին տրամաբանական է դիտվում նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումը։ Ըստ ԱՎԾ զեկույցի, 2012թ. հունվարին հանրապետությունում արտադրվել է 764.2մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 7.4%-ով եւ կազմել 113.052 դրամ։ Ընդ որում, պետական հիմնարկների աշխատավարձն աճել է ավելի շատ՝ 9.9%-ով, եւ կազմել 92.701 դրամ, իսկ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճը եղել է 4.8% (137.085 դրամ)։
Լավատեսական ցուցանիշներն այսքանով, թերեւս, սահմանափակվում են։ Մնացածը կարելի է անվանել ոչ այնքան լավատեսական, երբեմն նաեւ՝ անհասկանալի։ Սկսենք հենց նույն աշխատավարձից։ Օրինակ, եթե հավատանք ԱՎԾ-ի թվերին, ապա ստացվում է, որ միջին ամսական աշխատավարձը մեկ ամսվա ընթացքում (դեկտեմբերից` հունվար) նվազել է 23%-ով։ Թե ինչո՞ւ՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ տարեկան կտրվածքով աշխատավարձերն աճել են, միեւնույն է՝ գնաճի գործոնը դա ամբողջությամբ չեզոքացնում է։ Վիճակագիրները հպարտությամբ արձանագրել են, որ գնաճը (սպառողական գների ինդեքսը) հունվարի համեմատ կազմել է 4.8%։ Մինչդեռ բոլորին է հասկանալի, որ այդ ցուցանիշը նորմատիվային է, եւ տարվա ընթացքում գնաճը եղել է 7-8%-ի շրջակայքում։ Սա նշանակում է, որ հանրապետության վարձու աշխատողների կյանքի պայմանները տարվա ընթացքում չեն բարելավվել։
Անցնենք նաեւ առեւտրի ցուցանիշներին։ Վիճակագրությունն այս տարվա հունվարին արձանագրել է շուրջ 106 միլիարդ դրամի ներքին առեւտրաշրջանառություն։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` այս ցուցանիշն աճել է ընդամենը 0.1%-ով։ Այսինքն՝ գրեթե անփոփոխ է մնացել։
Եվ, վերջապես, անդրադառնանք արտաքին առեւտրաշրջանառությանը։ Նախորդ տարվա ամփոփիչ ցուցանիշները բավականին տպավորիչ էին՝ արտահանումն աճել էր շուրջ 27 %-ով, ներմուծումը` 10%-ով։ Այս տարին, սակայն, նույնքան պլպլան ցուցանիշներով չի սկսվում։ Ներմուծումն այս տարվա հունվար ամսին կազմել է 74.4 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 6.6%-ով ավելի։ Իսկ արտահանումն աճել է ընդամենը 0.4%-ով՝ կազմելով 71.5 միլիոն դոլար։ Ովքեր համեմատությունների հետ սեր ունեն, հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարը ամփոփել էինք արտահանման 21.3% աճով, իսկ ներմուծման ծավալը նվազել էր 1.7%-ով։
Իհարկե, այս ցուցանիշները դեռ որոշ ժամանակ կշրջանառվեն։ Հաշվի առնելով, որ շատ շուտով ընտրություններ են՝ իշխանությունները փորձելու են օգտագործել ցանկացած դրական թիվ։ Սակայն չափից շատ ոգեւորվելու տեղ, այսպես թե այնպես, չկա. նույն վիճակագրությունը փաստում է նաեւ արտագաղթի, գնաճի, աղքատության մակարդակի մասին։ Եվ ընդհանրապես, ավելացնենք, որ ամսական, անգամ եռամսյակային ցուցանիշները դեռ ոչինչ չեն նշանակում։ Առավելեւս, երբ խոսքը վերաբերում է հունվարին։ Այսինքն՝ ոչ պետք է դրական ցուցանիշներով ոգեւորվել, ոչ էլ բացասական ցուցանիշներից ողբերգություն սարքել։