Կիրակի օրը նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ: Կոնգրեսականները Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին: Կոնգրեսական պատվիրակության պատվին Ս. Սարգսյանի տված պաշտոնական ճաշին ներկա են եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամները եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ` անկախությունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար,- ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` ասել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով,- Այս տարի լրանում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա»: ԱՄՆ կոնգրեսականները կարեւորել են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը: «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայությանը օրինակ կարող է լինել շատ-շատերի համար»,- ըստ նույն աղբյուրի, ասել է կոնգրեսական Դեյվիդ Դրայերը, ով նաեւ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահն է: Նա ընդգծել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների տեսանկյունից եւ կոչ է արել կառավարությանն ու բոլոր քաղաքական կուսակցություններին` «անել իրենցից կախված ամեն ինչ` ապահովելու ազատ, արդարացի եւ վստահարժան ընտրություններ»: Պատվիրակությունը հետաքրքրություն է հայտնել ՀՀ ազգային ժողովի եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ կապերի սերտացման վերաբերյալ: Նշենք, որ Կոնգրեսականները Հայաստան են ժամանել որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամներ: Այն երկկուսակցական հանձնաժողով է, որի կազմում ներառված են 20 կոնգրեսականներ: Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը հիմնադրվել է 2005թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից` նպատակ ունենալով աջակցել անկախ, ժողովրդավարական օրենսդիրներին: Հանձնաժողովը նպատակ ունի փորձի փոխանակման ծրագրերի, անդամների ու աշխատակազմի ներկայացուցիչների համար ուսուցողական դասընթացների եւ թիրախավորված նյութական աջակցության միջոցով օգնել գործընկեր օրենսդիր կառույցներին կարողությունների զարգացման հարցում այնպիսի կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են օրենսդրական վերահսկողությունը, բյուջեի վերլուծությունը, հանձնաժողովների գործունեությունը, ընտրազանգվածի հետ հարաբերությունները, գրադարանային եւ հետազոտական ծառայությունները: Սա Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկրորդ այցն էր Հայաստան: Պատվիրակության կազմում ընդգրկված են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Դրայերը (հանրապետական, Կալիֆոռնիա), Ջեյմս Մորանը (դեմոկրատ, Վիրջինիա), Ջո Վիլսոնը (հանրապետական, Հարավային Կարոլինա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Քենի Մարչանթը (հանրապետական, Տեխաս), Ներկայացուցիչների պալատի հոգեւոր հովիվ Պատրիկ Կոնրոյը եւ աշխատակազմի անդամներ: ԱՄՆ-ի կոնգրեսականներին ընդունել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: