Տարոնը բնապահպաններից վիրավորվե՞լ է

21/02/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ Երեւանի քաղաքապետարանի բակում կազմակերպված բնապահպանական ակցիան պայմանականորեն կարելի է անվանել դրամա` 2 գործողությամբ: Մի կողմից` բնության համար ազնիվ պայքարողներն էին, մյուս կողմից` ոստիկանական ուժերը, որոնք իրենց իրավունք էին վերապահել հանդես գալ քաղաքային իշխանությունների անունից:

Քաղաքապետի «բանբեր-ոստիկանները»

Մաշտոցի պուրակում ավելի քան 10 օր պայքարող երիտասարդ ակտիվիստները երեկ` «Կանաչ, մաքուր Երեւան», «Ո՛չ բուծիկներին», «Ձեր բուծիկներն ուրիշ տեղ բուծեք» կոչերով` Մաշտոցի պուրակից երթով գնացին Երեւանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը երիտասարդ ակտիվիստները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել էին պուրակ` տեղում քննարկելու համար, թե որքան աննպատակահարմար է Մաշտոցի պուրակում «բուծիկներ» կառուցելու քաղաքապետարանի նախաձեռնությունը: Ու քանի որ Տ. Մարգարյանը չէր գնացել պուրակ, երիտասարդներն իրենք էին երեկ որոշել այցելել նրան: Երեկվա բնապահպանական ակցիան կազմակերպել էր «Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, որին միացել էին նաեւ բնապահպաններ եւ ՀՀ այն քաղաքացիները, որոնց համար բնությունը դեռեւս բետոնահայելապատ տարածքը չէ: «Մի կառուցեք մեր այգում ձեր կրպակը/, Մի թելադրեք մեզ ձեր ճաշակը/, Մի վաճառեք մեզ ձեր ապրանքը/, Եվ մի տվեք մեզ ձեր բարիքը/,- կրկնում էին բողոքի ակցիայի մասնակիցները: Այդ ընթացքում Ոստիկանությունը ցուցադրաբար պատնեշեց քաղաքապետարանի մուտքը, մի քանի ոստիկաններ էլ գրպաններից հանեցին տեսագրող սարքերը: Բնապահպանները մոտենալով շենքին` այս անգամ սկսեցին կոչեր ուղղել Երեւանի քաղաքապետին` «Տա՛-րոն, ի-ջի՛ր, Տա՛-րոն, ի-ջի՛ր», «Տար-ON Տար-OUT» վանկարկումներով: Քիչ անց բակ իջավ ոչ թե Երեւանի քաղաքապետը, այլ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը: Վերջինս բնապահպաններին ասաց, որ քաղաքապետը զբաղված է, եւ որ ինքը կարող է փոխանցել ակցիայի մասնակիցների խոսքը, ապա, լսելով նշյալ վանկարկումը` «Տա՛-րոն, ի-ջի՛ր», նշեց, թե նման ձեւով վիրավորում են քաղաքապետին: Ինչեւէ, բնապահպանական ակցիայի ակտիվիստները հարկադրված էին պարոն Մակարյանին հանձնել այն նամակը, որտեղ նշել էին Մաշտոցի այգում ընթացող շինարարության ապօրինությունները, ինչպես նաեւ` նամակին կից ստորագրահավաքի արդյունքները: Քաղաքապետարանի աշխատակիցը խոստացավ բնապահպաններին փոխանցել քաղաքապետի պատասխանը, իսկ բնապահպանները շարունակում էին սպասել` միաժամանակ գոռալով` «Ա-մոթ, ա-մոթ»:

«Սերգեյ Մակարյանին մենք ներկայացրեցինք բոլոր այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել այգին «բուծիկավորելու» պրոցեսի ընթացքում: Ինքն ուղղակի իջել էր այդ նամակը վերցնելու, ինչպես նաեւ այս կարճ ժամանակում հավաքված շուրջ 2000 ստորագրությունները, որոնք «ապաբուծիկավորման» պահանջ էին ներկայացրել»,- քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպման մասին ասաց բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը: «Մեր իշխանավորները դեռ իրենց զգում են թագավորի կարգավիճակում, եւ նույնիսկ վիրավորվում են, երբ իրենց անունով են դիմում, ես հիշում եմ, օրինակ,երբ Վրաստանում ժողովուրդը Սահակաշվիլուն դիմում էր Միշա-ով, Սահակաշվիլին դրանից շատ չէր վատանում»,- ասաց Ա. Զոհրաբյանը: Ավելի ուշ ոստիկանները ակցիայի մասնակիցներին հրահանգեցին հեռանալ քաղաքապետարանի բակից` նշելով, որ իրենք ակտիվիստներին տարածքից հեռացնելու մասին հանձնարարական են ստացել: ՀՀ Ոստիկանության Երեւանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը ակցիայի մասնակիցներին հորդորում էր հեռանալ` ասելով. «Ես քաղաքապետարանի աշխատակից չեմ, մասնագետների հետ խոսում եք, չեք հասկանում, հարցերը ոստիկաններին ե՞ք տալիս: Ասեցի սպառիչ այն, ինչ որ գիտեի: Երդվում եմ` ոչ մի բան թաքուն չեմ պահում: Քաղաքապետին նամակ է ուղղվել: Կետ առ կետ նշվել են բոլոր տեսակի խախտումները, եթե չեմ սխալվում` նաեւ օրինազանցությունների մասին: Ըստ կետերի, ըստ մասնագիտական ուղղվածությունների` ինքը հանձնարարել է տարբեր մասնագետների, տարբեր բաժնի պետերին, որ դրանք քննարկեն, վերլուծեն, ամբողջը քննության անցկացնեն, եւ քաղաքապետը կարողանա ձեզ սպառիչ պատասխան տալ: Հանդիպումն այսօր, այս պահին տեղի չի ունենա, որովհետեւ մինչ ինքը չպատրաստի այն ամենը, հավանական է, ձեզ հետ չի հանդիպի: Էստեղ սպասելը երկար կտեւի, անիմաստ ա»: Այդ «խորհուրդ-հորդորից» հետո բնապահպանները շարժվեցին դեպի Մաշտոցի այգի, որպեսզի չթույլատրեն հանրային տարածքի բետոնապատումն ու «բուծիկավորումը»: Ի դեպ, նշենք, որ բողոքի ցույցի ընթացքում մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանից: Վերջինս նախ ասաց, որ ինքն ասելիք չունի, ապա նշեց, թե Երեւանի քաղաքապետարանն իր դիրքորոշումը հայտնել է հունվարի 30-ին, ըստ որի` «բուծիկները» տեղադրվելու են ոչ կանաչապատ տարածքում, ապա մեզ խորհուրդ տվեց հարցերը գրավոր ուղարկել իրենց` «տեսնեն»` կպատասխանե՞ն, թե՞ ոչ:

«Բուծիկավորվող» այգում

Մինչ Երեւանի քաղաքապետարանի մոտ բնապահպանները բողոքում էին, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ պատուհաններից թաքուն նայում էին, Մաշտոցի այգում շինարարությունը նոր «թափ» էր ստանում: Ավելին` այնքան բուռն էր ընթանում, որ շինհրապարակի աշխատակիցները նույնիսկ ուշադրություն չէին դարձնում բողոքի ակցիայի մասնակիցներին: Վերջիններս էլ այլեւս այլընտրանք չունենալով` ստիպված էին իրենց սեփական միջոցներով կասեցնել շինարարությունը: Բնապահպան ակտիվիստ Եղիա Նազարյանը հորդորեց հավաքվածներին ջարդել բոլոր պատնեշներն ու մտնել շինհրապարակ: Չնայած ոստիկանների դիմադրությանը, բնապահպաններին հաջողվեց ներթափանցել տարածք, որտեղից ոմանք դուրս էին նետում քարերը, ոմանք լարերն էին հավաքում: «Քաղաքապետարանի նման պահելաձեւն ինձ համար ահավոր վրդովեցուցիչ է, որովհետեւ իրենք ընդհանրապես չեն հասկանում, որ իրենց պաշտոնը ժողովրդին ծառայելու համար է ստեղծված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անգամ Ֆեյսբուքի էջն է փակել, եւ թույլ չի տալիս որեւէ բան գրել: Փաստորեն, քաղաքապետը ոչ միայն վիրտուալ, այլեւ իրական տարածքում է փակ: Այսինքն` ի՞նչ է նշանակում` նեղանում է, երբ ժողովուրդն իրեն անունով է դիմում: Եվ քանի որ պաշտոնատար անձինք չեն կատարում իրենց գործառույթները, ժողովուրդը ստիպված է գալ ու ինքը պաշտպանել իր իրավունքը»,- ասաց բնապահպան ակտիվիստ Արփինե Գալֆյանը` զրույցից անմիջապես հետո միանալով կիսակառույց տաղավարի ներսում հավաքված բնապահպաններին, ովքեր շարունակում էին անդրդվելի մնալ ոստիկանական ուղերձներին, երգել, ըմբոստ կոչեր հղել քաղաքապետին: Իսկ այդ ընթացքում բողոքի ակցիային միացան նաեւ երգիչներից Արամոն, Արթուր Իսպիրյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, իրավապաշտպաններ, ինչպես նաեւ` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ գնահատական կտա քաղաքապետ Մարգարյանի քայլին, Ր . Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ Երեւանի քաղաքապետին` որպես երջանկահիշատակ վարչապետի որդի: Մարդ իր սեփական համայնքում գիտակից եղել է թե՛ համաքաղաքացիների, եւ, հատկապես, կանաչ տարածքների, մեր բնության, մեր ծառերի իրավունքին, եւ հույս եմ տածում, որ ինքն արժանի լուծում կգտնի»: ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն էլ դիմելով ակցիայի մասնակիցներից, ասաց. «Հիմա խնդրում եմ մեր բնապահպաններին դուրս գալ: Ակցիան շարունակեք, ես ղեկավարությանն ասեմ: Ես իմ կարծիքը կարող եմ ասել` վերականգնել նախկին իրավիճակը, ես ղեկավարությանը կասեմ: Մենք հարգանքով ենք մոտենում ձեզ: Մենք երեւի սխալ էինք, որ օրենքի տառին համապատասխան` ձեզ թողեցինք, որ 6 ժամ ակցիա կազմակերպեք: Ես հիմա ավելի կո՞շտ լինեմ: Ես էլ ասում եմ` բերեք վերականգնեք առավոտվա ստատուս-քվոն, եւ շարունակենք մեր բանակցությունները: Ես հիմա միջոցառում եմ անելու, բերեմ-վերականգնեմ նախկին վիճակը»: Ընդ որում` փոխոստիկանապետի այս հայտարարությունից րոպեներ անց Ոստիկանությունը նոր ուժեր համալրեց այգում, ովքեր, ըստ երեւույթին, պատրաստվում էին իրականացնել փոխոստիկանապետի «կոշտ» քայլերի մասին սպառնալիքը:

Ինչեւէ, երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակով դիմել է նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` առաջարկելով հանրային քննարկում հրավիրել Մաշտոցի պուրակի վերակառուցման խնդրի համար: Թե ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում, դժվար է ենթադրել, բայց այն, որ ակցիայի մասնակիցները պայքարելու են մինչեւ վերջ` փաստ է:

Հ.Գ. Հիշեցնենք, որ կիրակի օրը Մաշտոցի պուրակ էին գնացել նաեւ դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, Հայկոն, Մկոն եւ Հովոն: