«Կյանք». ինչի՞ «սկիզբն» է «վերջը»

21/02/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Փարաջանովը նրան համարում էր համաշխարհային մասշտաբի արվեստագետ: Նրա մասին խոսելիս` բոլորը տալիս են նույն բնորոշումը` հանճար: Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի վարպետներից Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Սա առիթ է կինոգետ Դավիթ Մուրադյանի եւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ընկերակցությամբ եւս մեկ անգամ մտորել Վարպետի ֆիլմերի շուրջ` հասկանալու` ի վերջո, ո՞վ ենք Մենք:

– Սերգեյ Փարաջանովը գտնում էր, որ ժամանակակից կինոն թափոն է հիշեցնում: Այն չի նախապատրաստում մարդկանց դիտել Ֆեդերիկո Ֆելինիի, Պիեռ Պաոլո Պազոլինիի, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Այս դիտարկումից ավելի քան երկու տասնամյակ է անցել: Ձեր կարծիքով` ժամանակակից մարդու համար իրո՞ք բարդ է ընկալել Փելեշյանին:

Դ.Մ. – Ֆոլկներին հարցնում են. «Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդուն, ով կարդացել է Ձեր վեպն ու չի հասկացել»: Պատասխանում է. «Թող մեկ անգամ էլ կարդա»: Դժվարանում եմ պատկերացնել նրան, ով կդիտի Փելեշյանի «Մենք»-ը` առանց էմոցիոնալ ցնցումի: Նույնիսկ, եթե այնքան էլ նախապատրաստված չէ բարձրարվեստ կինո ընկալելու: Փելեշյանը հսկայական դեր է խաղացել մեր հոգեւոր կյանքում 60-ականներից մինչեւ նախորդ դարի ավարտը: Հատկապես 60-ականները մեր հայ ժողովրդի համար նորովի ինքնաճանաչման տարիներ էին: Նաեւ «Մենք»-ի եւ «Տարվա եղանակներ»-ի շնորհիվ` մեր ժողովուրդը կարողացավ իր ինչ եւ ով լինելը տեսնել: «Մենք»-ը հոգեբանական գիտակցություն նախապատրաստեց 88-ին Թատերական հրապարակում ազգովի մեկտեղվելու համար, երբ մի ողջ ժողովուրդ ոտքի ելավ իր պատմական եւ բարոյական իրավունքները պաշտպանելու: Այդ տարիներին Փելեշյանի կինոն հաճախ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ:

– Ցուցադրվում է՛ր: Հիմա չի ցուցադրվում:

Տ.Խ. – Կարծում եմ` առանց «Տարվա եղանակներ», «Մենք» ֆիլմերի` հայ մարդը կայացած չէ: Պաթետիկ հայտարարություն է, սակայն ով անցել է մշակութային այդ ցնցումը, կհասկանա. դա այդպես է: Փելեշյանն ապագայի ռեժիսոր է, եւ այսօր` 21-րդ դարում, ավելի սուր եմ դա գիտակցում: Ներեցեք, բայց նա ՀԱՆՃԱՐ է, եւ դա ասում են բոլորը: Հանճարն արվեստում ստեղծում է նոր լեզու, նոր աշխարհ: Եվ այդ աշխարհը 60-70-ականներին պատրաստում էր անկախ Հայաստանը եւ արժանապատվությամբ լցված 88-ի, 90-ականների հայ մարդուն: Հաճախ զգում եմ, որ մենք դեռեւս Փելեշյանի ֆիլմերի պերսոնաժներ ենք: Ճիշտ է, նրա ֆիլմերում դերակատարներ չկան, բայց եթե եւս մեկ անգամ ձեր մտքում պտտեք ժապավենը եւ հիշեք «Մենք»-ի «ԻԼ 18» ինքնաթիռից իջնող հայրենադարձներին եւ նրանց սպասող, արտասվող մարդկանց Երեւանի հին օդանավակայանում, կամ թաղման գերբնական կադրերը, կհասկանաք, որ մենք դեռ այնտեղ ենք, դեռ այն ենք, ինչը նա նկարում էր: Այդ ֆիլմերը մարգարեություն են, որը կատարվել է եւ շարունակում է կատարվել: Եվ դա է պատճառը, որ այդ ֆիլմերը չեն ցուցադրվում:

Դ.Մ.
– Խոսում ենք Փելեշյանի մասին, իսկ այսօրվա ընթերցողներից շատերը նրա ֆիլմերը չեն դիտել եւ դժվար են պատկերացնում` ինչի մասին է խոսքը: Փելեշյանը վավերագրող է, բայց շատ յուրօրինակ վավերագրող: Նա կինոն վերադարձրեց իր նախաստեղծ վիճակին` հրաժարվեց բառից: Նա առաջիններից մեկը հասկացավ` բառը, սկսած 20-րդ դարի 2-րդ կեսից, արժեզրկվել է, կորցրել իր միստիկ իմաստը, որովհետեւ չարչարվել է ու շահարկվել զանազան հակամարդկային գաղափարախոսություններում: Փելեշյանը մեզ հետ խոսեց պատկերով, աշխարհի բնաստեղծ ձայներով: Մի առիթով նրա ֆիլմերն անվանել եմ կինոսիմֆոնիաներ: Այդ ֆիլմերում հայ ժողովրդի մշակույթի, կենսագիտակցության կոդերն են: Եթե մտովի «Մենք» ֆիլմը վերածենք տեքստի, կստանանք Չարենցի պոեզիան: Եթե «Տարվա եղանակները»` Թումանյան, իսկ «Մեր դարը» հասնում է մինչեւ Բախ ու Բեթհովեն: Եվ այս ամենով նա ստեղծել է հողի ու տիեզերքի, ժամանակի ու հավերժության միասնականությունը: Այդ իմաստով ինքն իսկական «արարատյան» մարդ է, ով կարողանում է աշխարհին նայել Արարատի բարձունքից: Այսինքն` ոտքերն ազգային հենակետին են, իսկ հայացքը համաշխարհային է:

Տ.Խ.
– Հիշո՞ւմ եք «Իմ կինոն» գրքի բնաբանը` «Եթե չլիներ Արարատ լեռը, Նոյի աղավնին կդառնար ագռավ»:

– Տիգրան, Դուք ֆիլմ եք նկարել Փելեշյանի մասին` «37 րոպե Արտավազդ Փելեշյանի մասին» վերտառությամբ: Փելեշյանի ֆիլմերը 8-10 րոպեանոց են, ամենաերկարը, թերեւս, «Տարվա եղանակներն» է` 28 րոպե: Այս տրամաբանությամբ` Ձեր ֆիլմը խիստ երկար է թվում:

Տ.Խ. – Նրա ամենաերկար ֆիլմը «Մեր դարն» է: Իրականում իմ ֆիլմն ավելի կարճ է: Կտրեցի երկրորդ նախագահի կողմից նրան շքանշան հանձնելու ծիսակատարությունը, եւ ֆիլմը դարձավ 33 րոպե: Դավիթ Մուրադյանն ասաց, որ Փելեշյանը վավերագրող է: Այդ բառի հանդեպ ներքին դիմադրություն ունեմ: Ես հենց այդ պատճառով էլ կրճատել եմ ֆիլմը: Վարպետին «վավերագրող» անվանեց երկրորդ նախագահը` նրան շքանշան հանձնելիս: Իսկ Փելեշյանն անզուգական է, միակն է պատմության մեջ, ով ՎԳԻԿ-ում (Կինոյի բարձրագույն պետական ինստիտուտ) ստացավ երկու դիպլոմ` որպես խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր: Դավիթ Մուրադյանը նաեւ նկատեց, որ Փելեշյանը խոսում է լուռ: Մի բացառություն կա` «Տարվա եղանակներ» ֆիլմը: Մեր ազգը վերից վար պատռող արտագաղթի պայմաններում միշտ լսում եմ այդ խոսքերը, որոնք, նկատենք, ասվել են 72թ.-ին: Ցուցադրելով հովիվների ծանրագույն, տիտանական աշխատանքը էպիկական մակարդակով, նա իրեն թույլ է տալիս երեք անգամ միջամտել տիտրերով: Առաջինը` «Հոգնել եմ»: Անցնում է ժամանակ. հասցնում ես հոգնել այդ հովիվների հետ, թրջվել, տանջվել, եւ հայտնվում է երկրորդ միտքը. «Կարծում ես ուրիշ տեղ ավելի՞ լավ է»: Եվ վերջում, ես հիմա էլ հիշելիս փշաքաղվում եմ, դասական արիստոտելյան կատարսիսն է` «Սա քո հողն է»: Հողին կառչած եւ դեպի երկինք գնացող այս ֆիլմում կա հեղափոխություն: Այն փոխում է չափանիշները, որոնցով դու ապրում էիր մինչ այդ պահը, եւ ստեղծում է մի նոր աշխարհ, ուր ծնվում ես նորից: Նա մեզ համար ստեղծեց այդ աշխարհը, որը դեռ բնակեցված չէ:

– Կարեւոր ուղերձ է` «Հոգնե՞լ ես», «Կարծում ես ուրիշ տեղ ավելի՞ լավ է», «Սա քո հողն է»: Ո՞ւմ է ուղղված այն եւ որքանո՞վ է համոզիչ, երբ Վարպետն ինքը Հայաստանում չի բնակվում: Թեեւ իր վերջին ֆիլմը` «Կյանք» (1993 թ.), նկարահանել է «Հայֆիլմում»:


Դ.Մ. –
Փելեշյանը վաղուց է բնակվում Մոսկվայում: Նրա մասշտաբի կինոռեժիսորի համար այն տարիներին Մոսկվայում ապրելը ստեղծագործական իմաստով ավելի շահեկան էր, թեեւ նա իր գրեթե բոլոր ֆիլմերը նկարահանել է հայրենիքում, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում: Իհարկե, լավ կլիներ, եթե մեր Գիտության եւ կրթության նախարարությունը Փելեշյանին հրավիրեր դասընթացներ վարելու Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Նման վարպետի ներկայությունը նախեւառաջ հարկավոր է մեզ, այսօրվա ուսանողներին, երեւանյան մշակութային մթնոլորտին: Ինչ վերաբերում է նրա ստեղծագործելուն, ապա դա նուրբ, անհատական հարց է: Չեմ կարծում, որ եթե Փելեշյանն ունենա որեւէ ծրագիր եւ դիմի Հայաստանին, որեւէ մեկը նրան կմերժի:

– Նա ուներ ծրագիր` նկարելու «Homo sapiens» ֆիլմը, որի բյուջեն 1 միլիոն դոլար է, սակայն Հայաստանում այդ գումարը չգտնվեց:

Դ.Մ. – «Homo sapiens» ֆիլմի սցենարը տպագրվել է դեռեւս «Սովետական արվեստ» ամսագրում, 80-ականների սկզբին, եւ այդ ժամանակ էլ քննարկվել «Հայֆիլմում»: «Homo sapiens»-ն այնպես, ինչպես Վարպետն էր մտահղացել, շատ ավելին էր, քան խորհրդային կինոյի գաղափարական ղեկավարների պատկերացումները: Դա համամարդկային հայացք էր: Իսկ 90-ականների վերջերին Հայաստանում որոշ գումար տրամադրվեց, որն, իհարկե, բավական չէր այդպիսի ֆիլմի համար, եւ անհրաժեշտ էին արտասահմանյան գործընկերներ: Թե ինչո՞ւ այդ պատմությունը շարունակություն չունեցավ, չեմ կարող ասել:

Տ.Խ. – Ասել, որ նա Հայաստանում չէ, այնքան էլ արդարացի չէ: Նրա հետ զրուցում եմ գրեթե ամեն շաբաթ: Տեղյակ է ամեն ինչից: Փելեշյանն ապրում է Հայաստանով: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Մնացածը պետք է ձեւակերպեմ զգուշությամբ, քանի որ նրա փոխարեն խոսելու իրավունք ինձ չեմ վերապահում: Ինչպես բոլորս, նա շատ ծանր վիրավորված է: Չեմ ուզում ասել` վիրավորված է Հայաստանից կամ ինչ-որ մարդկանցից: Դա վիրավորանք չէ, էքզիստենցիալ վերք է: Մենք տեսանք այն աշխարհի վերջը, որում ծնվեցինք: Փոխվեց արժեհամակարգը, ինչը մենք, իսկ նրա պես հանճարը` առավել եւս, տանում է շատ ցավոտ: Ի դեպ, «Homo sapiens»-ը նրա վերջին նախագիծը չէ: Վերջին նախագիծը, որը նա երազում էր եւ առ այսօր չի հրաժարվել, ֆիլմ է, որի անգամ պայմանական անունն էլ կա` «Տեղ»: Դա մի եզակի նախագիծ էր` այնպիսի էպիկական շնչով, որ անգամ ստվերում էր մեր թվարկած ֆիլմերը: Այն իրագործելու համար, որքան լսել եմ, անհրաժեշտ է մոտ 1 մլն դոլար: Սերիալների՛ համար է Հայաստանը հատկացնում 1 մլն դոլար: Բացի դա` նա պայմանավորվել էր այստեղ ինստիտուտ բացել, ուր ինքը պետք է դասավանդեր: Արդեն շենքի մասին էին խոսումգ Եթե Հայաստանին պետք չէ Փելեշյան, ուրեմն, ինչպես Շեքսպիրը կասեր, դանիական թագավորության հիմքերը փտած են: Սա մեր երկիրն է, որտեղ Փելեշյանը տեղ չունի: Ասելով` Փելեշյան, նկատի չունենք կոնկրետ մարդու` Արտավազդ Փելեշյանին, ով վաղը կբոլորի իր 74-ամյակը: Այլ այն, որ նա չունի տեղ, տուն, կինո, իսկ մենք, պայմանականորեն, ունենք տուն եւ նկարահանում ենք ֆիլմեր: Ինձ համար դա անձնական վիրավորանք է:

Դ.Մ. – Տարիներ առաջ ռուսական մամուլում հարցազրույց էր իր եւ ֆրանսիացի «խռովարար» ռեժիսոր Գոդարի հետ: Եվ այդ զրույցում Փելեշյանն ասում է. «Ես քիչ ֆիլմեր եմ նկարել, բայց դրա մեջ պետք չէ մեղադրել համակարգին: Ես այդպիսին եմ»: Այդ կարգի արվեստագետներն օրումեջ չեն նկարահանում: Նրանց ամեն մի ֆիլմում տասնյակ ֆիլմերի ասելիք է խտացված:

– Ինչ արժե միայն «Մենք» ֆիլմում երեխայի հայացքը: Այդ կադրն անվերջ է թվում:

Տ.Խ.
– Իսկ «Մեր դարը» ֆիլմում արդեն այլ հայացք է: Եվ Դավիթ Մուրադյանը դիպուկ է բնորոշել այդ հայացքը. «Ոչ ոք չկարողացավ Աստծուն նկարել. Փելեշյանը կարողացավ»:

Դ.Մ.– Այո՛, «Մեր դարը» ֆիլմն ավարտվում է, երբ տիեզերական խորխորատներից մի աստղ է թարթում, եւ լսվում է սրտի բաբախյուն: Դա ոչ միայն մարդու զարկերակն է, այլ տիեզերական ռիթմ: Առաջանում է պատրանք, որ մի ամբողջ հավերժություն նայում ես էկրանին: Եվ հանկարծ սկսում ես հասկանալ, որ ոչ թե դու ես նայում, այլ քեզ են նայում. վերեւից ամենատես մի աչք հարցնում է` ո՞վ ես դու, ի՞նչ ես անում այս աշխարհում, արժանի՞ ես արդյոք այս հայացքին:

– Մտածողության նյութով եւ այդ նյութն արտահայտելու եղանակով խիստ նման են Փելեշյանն ու Ավետ Տերտերյանը: Զարմանալի է, որ Փելեշյանն իր ֆիլմերում չի օգտագործել Տերտերյանի երաժշտությունը:

Տ.Խ. – Հետաքրքիր է, թե ինչպես է Փելեշյանն ընտրում իր ֆիլմերի երաժշտությունը: «Մեր դարը» ֆիլմի համար առաջարկում էի Թարիվերդիեւի երաժշտությունը: Նա կտրուկ մերժեց եւ ընտրեց Շոստակովիչից հատվածներ: Դավիթ Մուրադյանն արտակարգ բանաձեւ ասաց. սովորաբար մենք դիտում ենք ֆիլմեր: Փելեշյանի ֆիլմերը մեզ են դիտում: Չեխովն իր օրագրում գրել էր. «Քանի Տոլստոյը ողջ է, ամոթ է սրիկայություններ անել»: Փելեշյանն այն մարդկանցից է, ում ֆիզիկական ներկայությունը փոխում է մթնոլորտը: Նրա ներկայությամբ գորշությունն ավելի է գորշանում, փչած կեղծ հեղինակությունները նրա ներկայությամբ չեն երեւում: Նրա ներկայությունն անհրաժեշտ է ոչ թե կինոյի համար, այլ մեր արժեհամակարգի: Այն մարդիկ, ովքեր ձեւավորում են հոգեւոր պահանջարկը, վանում են նրան եւ նրա տեսակը: Երկրորդ նախագահն ասում էր` մեզ փարաջանովներ ու ֆելինիներ պետք չեն, մեզ պետք են ֆիլմեր ժողովրդի համար: Այդպիսի անհեթեթություն չէի լսել: Սակայն, ցավոք, սա թյուրիմացություն չէր: Սա ախտորոշում էր:

Դ.Մ. – Այստեղ վիճելու տեղ չկա` մեզ անհրաժեշտ է Փելեշյանի ներկայությունը: Բայց Փելեշյանն էլ ունի Հայաստանի կարիքը: Նրա ֆիլմերը վկայում են, որ ա՛յս հողից ու ա՛յս ջրից է ծնվել նրա արվեստը: Այնպես որ` վատ չի լինի, եթե մեր Ազգային կինոկենտրոնը կապի մեջ մտնի մեծ վարպետի հետ, հետաքրքրվի նրա ստեղծագործական ցանկություններով: Հնարավոր է, դա դառնա փելեշյանական մի նոր հայտնության Սկիզբը:

Հ.Գ. «Կյանք», «Սկիզբ», «Վերջ». սրանք Փելեշյանի ֆիլմերի վերնագրերն են: