Հայտնաբերել են մաքսանենգ ոսկյա զարդեր

21/02/2012

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները փետրվարի 14-ին` «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վահե Հարությունյանի ուղեբեռը, որում հայտնաբերվել են սպիտակ ոսկուց, թանկարժեք քարերով չհայտարարագրված 10 զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 125 գրամ, իսկ մոտավոր արժեքը` նախնական գնահատմամբ` 19.000 ԱՄՆ դոլար: Փետրվարի 16-ին նույն վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկին «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Դուբայ-Երեւան չվերթով ժամանած Հնդկաստանի քաղաքացի Ջիգնեշ Մեհտայի ուղեբեռը: Արդյունքում` նրա ուղեբեռում հայտնաբերել են սպիտակ եւ դեղին ոսկուց, թանկարժեք քարերով, չհայտարարագրված 9 զարդեր` 40,5 գրամ ընդհանուր քաշով, ըստ նախնական հաշվարկների` մոտ 25.000 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով: