Ռուսական աչքով

21/02/2012

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հայազգի հոդվածագիր Յուրի Սիմոնյանը, ով գրում էր նաեւ «168 Ժամի» համար, «ԱՊՀ երկրները. վաղվա օրվա համար մտահոգվելով» անունով հրապարակման մեջ անդրադարձել է ԱՊՀ մի քանի երկրների ներքաղաքական կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին. «Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած շաբաթ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Զամանին Գլխավոր շտաբի պետ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակեց: Դրանից որոշ ժամանակ առաջ նա Դմիտրի Սալամատինին պաշտպանության նախարար էր նշանակել: «Ժամանակակից մարտահրավերներին արժանավայել ձեւով պատասխանելու անհրաժեշտությամբ» պայմանավորված վերադասավորումներն այս փուլում նա ավարտեց Ազգային անվտանգության եւ պաշտպանության քարտուղարի պաշտոնում Անդրեյ Կլյուեւի նշանակմամբ: «Անվտանգության հատվածն անհրաժեշտ է զարգացնել նոր պայմաններում`մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին համապատասխան»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Լուրջ վերադասավորումներ են սպասվում նաեւ Թուրքմենստանի կառավարությունում. դրանք, սակայն, պլանային են: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, նախագահական ընտրություններում հաղթանակ տանելով, Սահմանադրության համաձայն, պետք է նոր կառավարություն ձեւավորի: Իրենց տեղերը, սակայն, կպահպանեն ոչ բոլոր նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները: Նման ենթադրության հանգեցնում են իր ենթականերից «պրոգրեսիվ մտածողություն եւ վաղվա օրվան նայել» պահանջող Թուրքմենստանի նախագահի քննադատական խոսքերը: Ըստ Սիմոնյանի, վաղվա օրվա մասին մտահոգվեց նաեւ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը: Այստեղ կրկին ակտիվացել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: Դրա անուղղակի վկայությունը կարելի է համարել նախկին արտգործնախարար, ազդեցիկ «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելը, կուսակցություն, որ Հանրապետական կուսակցության հետ դեռ իշխող կոալիցիա է կազմում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը ժամանակին նախաձեռնել էր Քոչարյանը, եւ, ինչպես վստահեցնում էին փորձագետները, այդպիսով նա իր համար քաղաքական հենարան էր պատրաստել: Վերջին շրջանում հանրապետականների եւ իշխանության գլխավոր կուսակցության վստահությունը կորցնող «բարգավաճականների» միջեւ հարաբերությունները նկատելիորեն սրվել են Քոչարյանի վերադարձի մասին լուրերի պատճառով: Եվ այդ լուրերը, ակնհայտորեն, անհիմն չեն: Օսկանյանը «Քոչարյանի մարդն» է համարվում: Պատահական չէ, որ Հանրապետական կուսակցության առաջնորդները խիստ դյուրագրգիռ ընդունեցին Օսկանյանի առաջին ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի կարգավիճակում նկատի ունենալով` չի հասցրել համալրել «բարգավաճների» շարքը, արդեն ինչ-որ ծրագիր է առաջ քաշում: «Հարց է` ում ծրագիրը»,- գրում է Յուրի Սիմոնյանը: