ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Դատախազության կայքէջից տեղեկանում ենք, որ Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության տնօրենը 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՍՊ ընկերության միջեւ 2007թ. մարտի 16-ին կնքված հանձնարարության պայմանագրի հիման վրա, Բուզանդի 103, 105 եւ 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ 2007թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին կնքել է «Հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքից, տնօրինումից, տիրապետումից եւ օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագիր:
Ըստ այդմ` պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել եւ սեփականատերերին տրամադրել համարժեք բնակմակերեսներ կամ այլ փոխհատուցում: Մինչդեռ, ըստ ուսումնասիրված նյութերի, հիշյալ ՍՊԸ-ի տնօրենը վերոհիշյալ հասցեների սեփականատերերի` շուրջ 380.809.204 դրամ գույքը 2008թ. օգոստոսի 27-ին գրավադրել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, իսկ ստացված գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն` տնօրինել է իր հայեցողությամբ, ծախսել անձնական եւ այլ նպատակներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: