Հաշմանդամ Ռոզետայի երազանքը մեկ դրույքով դաստիարակ աշխատելն է

21/02/2012

Լոռու մարզի Աքորի գյուղի մանկապարտեզի դաստիարակ Ռոզետա Սիմոնյանը 2000թ. դժբախտ պատահարի հետեւանքով կորցրել է աջ ձեռքի ամբողջ դաստակը, որից հետո նրան մանկապարտեզում աշխատելու համար Աքորիի նախորդ եւ ներկա գյուղապետերը տվել են կես դրույքով 2-րդ հերթի դաստիարակի աշխատանք: Ներկայում նրա աշխատավարձը 25.000 դրամ է:

3-րդ խմբի հաշմանդամ Ռոզետան իր վիրավոր ձեռքը մշտապես թաքցնում է գրպանում, եւ չիմացողները չեն նկատում նրա հաշմանդամությունը: Այն չեն կարող նկատել նաեւ մանկապարտեզի երեխաները: Հաշմանդամ կինն իր 3 անձից կազմված ընտանիքի միակ աշխատողն է: Ամուսինը երկար տարիներ գործազուրկ է եւ աշխատելու համար օրերս ստիպված մեկնել է Ռուսաստան: Նրանց միակ որդին` Արտակը, մայիսին մեկնել է Հադրութ` զինվորական ծառայության: Արտակն ինքն է ցանկացել ծառայել Արցախում: Որդու բարեխիղճ ծառայության համար Ռոզետան եւ ամուսինը` Ռուդիկ Ավետյանը, արդեն ստացել են զորամասի հրամանատարության շնորհակալագիրը: Ռոզետան ասում է, որ գյուղապետ Կամո Սիմոնյանը տարիներ շարունակ իրեն զրկել է արժանապատիվ ապրելու, նաեւ` իր աշխատանքային ընկերների հետ հավասար պայմաններում աշխատելու իրավունքից: «Գյուղապետից վախենալով` մանկապարտեզի աշխատողները խուսափում են ինձ հետ բացահայտ շփումներից»,- ասում է հաշմանդամը:

Փետրվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ընդունելությանը ներկայացած Ռոզետան մարզպետին պատմում էր, որ մտավախություն ունի, թե Կամո Սիմոնյանը 2-րդ հերթը կփակի, եւ ինքը կմնա առանց աշխատանքի: «Կամո Սիմոնյանն անընդհատ մեր մանկապարտեզի տնօրենին հորդորում է. «Գնացեք Ռոզետային ասեք, որ մենք նախ մանկապարտեզի 2-րդ հերթը փակելու ենք, ինքը չի աշխատելու, դուրս է մնալու աշխատանքից»: Նա չի մոռանում, որ ես իրեն գյուղապետ չեմ ընտրել»,- մարզպետին պատմում էր Ռոզետան եւ խնդրում նրա աջակցությունը: Ռոզետան պատմեց, որ Կ. Սիմոնյանը դեռ 2005թ. խոստացել է մեկ տարվա ընթացքում մեկ դրույքով դաստիարակի աշխատանք տալ իրեն, սակայն խոստումը չի կատարել, որի պատճառով էլ 2009թ. ինքը Կ. Սիմոնյանին չի ընտրել գյուղապետ: «Ես եմ գյուղապետին ասել, որ իրեն չեմ ընտրել»,- ասում է Ռոզետան: Վերջինս դեռ 2005-ից գյուղապետին գրավոր դիմումներ է ուղղել 1 դրույքով աշխատանք ստանալու համար: Մինչեւ 2009թ. դիմումներին գյուղապետի պատասխանները հուսադրող մերժումներ են եղել: «Հնարավորության դեպքում կբավարարենք Ձեր խնդրանքը»,- պատասխանել է Կ. Սիմոնյանը: Ռոզետայի դիմումներին գյուղապետի արհամարհական մերժողական պատասխանները սկսվել են 2009թ.: Ռոզետան 2009թ. օգոստոսին գրավոր դիմումով գյուղապետին խնդրել է իրեն փոխարինող դաստիարակ նշանակել արձակուրդ մեկնող դաստիարակ Ն. Մարտիրոսյանի փոխարեն: «Մինչ այս դիմումը գրելը ես մոտեցա մանկապարտեզի տնօրենին եւ ասացի, որ ես ուզում եմ փոխարինել արձակուրդ մեկնող դաստիարակին: Տնօրենն ինձ ասաց, որ դրա համար պետք է ստանա գյուղապետի համաձայնությունը: Կամո Սիմոնյանն ասել էր` ոչ, Ռոզետան չի աշխատելու»,- պատմում է կինը:

Գյուղապետին ուղղված դաստիարակի դիմումին մանկապարտեզի տնօրենը գրավոր պատասխանել է. «Մինչեւ Ձեր դիմումն ինձ մակագրելը, ես ընդունել եմ այլ ժամանակավոր փոխարինող դաստիարակ»: Ստեղծված իրավիճակում Ռոզետան մտածել է, որ գուցե 1 դրույքով դաստիարակ աշխատելու իր խնդրանքը մերժվում է` հաշմանդամ լինելու պատճառով: Նա 2009թ. դեկտեմբերին գյուղապետին դիմումով խնդրել է փոխել իր աշխատանքի բնույթը կամ մանկապարտեզում բացել հոգեբանի հաստիք ու իրեն նշանակել այդ աշխատանքում: Այս անգամ էլ Կ. Սիմոնյանը պատասխանել է. «Վկայակոչելով մանկավարժական Ձեր բարձրագույն կրթությունը, Դուք պահանջներ եք դրել` հավակնելով մանկապարտեզի վարիչի կամ գյուղապետարանում որեւիցե մեկ այլ հաստիքային միավորի պաշտոնին, որպիսիք եղել են զբաղված: Ինչ վերաբերում է հոգեբանի հաստիք ստեղծելու եւ այն համատեղությամբ Ձեզ տրամադրելու մասին Ձեր պահանջին, ապա այն բավարարել հնարավոր չէ»:

Հաշմանդամ կնոջ` իր մասնագիտությամբ 1 դրույքով աշխատելու խնդրանքը մերժելուց հետո Կ. Սիմոնյանը 2009թ. երաժշտական գիտելիքներ եւ նախադպրոցական աշխատանքի փորձ չունեցող իր կնոջը` Գրետա Մկրտչյանին, գյուղապետարանում նշանակել է կոորդինատոր` գյուղի երաժշտական դպրոցի եւ մանկապարտեզի աշխատանքները կոորդինացնելու համար: Գյուղապետը 2010թ. իր տեղակալ Անուշ Կիրակոսյանի մորը` Էլիչկա Կիրակոսյանին, աշխատանքի տեղավորելու նպատակով 35.000 դրամ աշխատավարձով լվացք անողի հաստիք է հատկացրել մանկապարտեզին: Կ. Սիմոնյանը հաշվապահի հաստիք է բացել նաեւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում սովորող Անի Վարդեւանյանի համար:

Իսկ Ռոզետան 1 դրույքով դաստիարակ աշխատելու իր երազանքով մնացել է լուսանցքում: Հաշմանդամ կնոջ վիրավորանքը, սակայն, անսահման է դարձել, երբ կարդացել է զինվոր որդուն տարեմուտի մի փոքր ծանրոց ուղարկելու համար համայնքի բյուջեից 30.000 դրամ օգնություն ստանալու խնդրանքով 2011թ. դեկտեմբերի 20-ին գյուղապետին իր ուղղած դիմումի պատասխանը: «Համայնքի ղեկավարի առաջարկով ավագանին համայնքի բյուջեից դրամական օգնություն 10.000 դրամի չափով ցուցաբերում է միայն սոցիալապես անապահով ընտանիքներին: Ձեզ դրամական օգնություն, այն էլ` 30.000 դրամի չափով տրամադրվել չի կարող, որովհետեւ Ձեր ընտանիքն այժմ բաղկացած է 2 անձից, Դուք աշխատում եք համայնքի մանկապարտեզում, իսկ Ձեր ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի: Ինչ վերաբերում է Ձեր տղայի բանակում ծառայելուն, ապա Ձեզ` որպես ի գիտություն, տեղեկացվում է, որ ՀՀ բանակը գտնվում է պետության հովանու ներքո եւ զինծառայողների ամբողջ կարիքները հոգում է պետությունը»:

Աքորի համայնքի ավագանու անդամ Վեներա Նիազյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Ռոզետա Սիմոնյանի դիմումը մերժելուց հետո, 3 ավագանու ճնշման արդյունքում, Կ. Սիմոնյանը համաձայնել է զինվորի մորը հատկացնել 10.000 դրամի օգնություն, որից, սակայն, Ռոզետա Սիմոնյանը հրաժարվել է:

Լարիսա ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
hetq.am