Առողջացնող բողկը
Գիտական անվանումն է` Raphanus sativa, այն պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին։ Տարեկան բողկը միամյա-երկամյա բույս է։ Առաջին տարում զարգանում են տերեւավարդակը եւ արմատապտուղը, երկրորդ տարում` ճյուղավորվող ցողունը եւ ողկույզների մեջ հավաքված` սպիտակ, վարդագույն, մանուշակագույն ծաղիկները։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պատիճավոր պտուղը հասունանում է ծաղկելուց մեկ ամիս անց։ Տարեկան բողկը մեղրատու բույս է` 1 հեկտարից մեղուները կարող են «արտադրել» մինչեւ 90 կգ մեղր։ Արագ է բյուրեղանում, պիտանի չէ որպես մեղուների ձմեռման շրջանի կեր։ Ամսական բողկը քիմիական եւ բուժիչ հատկություններով նման է տարեկան բողկին, սակայն այս երկու տեսակների «նախնիները» տարբեր են։ Ամսական բողկը բուծվել է ոչ թե մշակովի տարեկան, այլ բնության մեջ աճող դաշտային (R.raphanistrum) բողկից։ Հայկական լեռնաշխարհում բողկը մշակվել է հազարամյակներ առաջ, ՀՀ-ում մշակվող արտաշատյան տեսակը իր սննդարարությամբ եւ բուժիչ հատկություններով լավագույններից մեկն է աշխարհում։
Ամսական բողկի մասին կան հիշատակումներ Քեոփսի դամբարանում հայտնաբերված գրառումներում, իսկ ավելի ուշ (Ք.ա.1500թ.)` չինական տեղեկատուում։
Բողկի բոլոր մասերում պարունակվում է ազդեցիկ հակամանրէ հատկություն ունեցող միացություն` լիցոզիմ։ Պտղարմատը հարուստ է կալիումով (300-1200 մգ հարյուր գրամ հումքի մեջ), կալցիում, մագնիում, կրեմնիում, ծծումբ, կոբալտ, բրոմ, երկաթ, 20 մկգ բետա-կարոտին, 10-55 մգ ասկորբինաթթու, 60 մկգ պիրիդոքսին (B6), 250 մկգ նիկոտինաթթու, 180 մկգ պանտոտենաթթու (B5), 30-ական մկգ B1 եւ B2 վիտամիններ, քոլին։ Ամսական բողկը պարունակում է նաեւ 6 մկգ ֆոլիացին (B9)։
Բողկը պարունակում է 1,8 տոկոս բջջանյութ, այս ցուցանիշով այն չունի իր հավասարը այլ բանջարեղենի մեջ, 5-6 տոկոս շաքարներ, եթերային յուղ, ամինաթթուներ, ներկանյութ, օրգանական թթուներ։ Ա. Ամասիացին հանգամանորեն նկարագրել է բողկի բուժիչ հատկությունները. «Հյութը մաքրում է աչքը եւ փայլ է տալիս։ Իսկ սերմերը բացում են ձայնը, առատացնում կնոջ կաթը, բայց նպաստում են մազերի սպիտակելուն։ Եթե բողկն ուտեն ճաշելուց հետո, կնպաստի մարսողությանը, իսկ ճաշից առաջ ուտելը վնաս է։ Բողկի հյութի եւ մեղրի խառնուրդը բուժում է չարորակ խոցերը։ Եթե մեկին կծել է կարիճը, թող բողկ ուտի, այն կչեզոքացնի թույնը։ Շատ օգտակար է ոսկրացավի դեպքում, օգտագործման օրական չափաբաժինը 30 գրամ է։ Բողկի վնասակար հատկանիշները չեզոքացնում է մեղրը»։
Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, խորխաբեր, ցավամոքիչ, հանգստացնող հատկություն։ Բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում ջղակծկումները, կանխարգելում ուռուցքների առաջացումը։ Կորեացիներն օգտագործում են սերմերը` ստամոքսաբորբի, վատ մարսողության, քրոնիկ բրոնխիտի, բրոնխների ասթմայի դեպքում, արմատապտուղը` այտուցի, ցիստիտի, շաքարային դիաբետի, եփուկը` քրոնիկ լուծի, հյութի ջրային լուծույթը` ստոմատիտի դեպքում, տրորած տերեւը դնում են կապտուկներին։
Հակացուցումներ։ Չի կարելի օգտագործել սիրտ-անոթային հիվանդությունների, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Պետք է զգուշանալ պանկրեատիտի, լեղաքարային հիվանդության, հոդերում «աղերի կուտակման» դեպքում։
Հիպերտոնիա.
– Խառնեք 200-ական մլ բազուկի եւ բողկի հյութեր, տրորած հապալաս, մայիսյան մեղր, 20 մլ կոնյակ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ընդամենը 20-25 օր։
– 200-ական գ բազուկ, գազար, բողկ, մեղր, 1 թ/գ 30 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ, խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ, շարունակեք 2-3 ամիս։
Ցավեր հոդերում, մկաններում.
– Քսեք մեղր, ծածկեք կտորով, վրայից` բողկի (գոլ վիճակում) քերվածք, հետո` պոլիէթիլենային թաղանթով փաթաթեք։
– Խառնեք 200-ական մլ բողկի քերվածք եւ օղի, 1 ճ/գ մանանեխի փոշի, դրեք թրջոց։
Արթրիտ. Խառնեք 30 գ բողկի հյութ, երկու գրամ աղ, 100 գ կարմիր պղպեղի փոշի, 100 մլ օղի։ Շփեք ցավոտ մասերը, ծածկեք կտորով, փաթաթեք տաք շալով։ Պահպանեք զգուշություն, չտրորեք աչքերը։
Օստեոխոնդրոզ.
– Քերվածքը լցրեք երկարավուն պարկիկի (զուգագուլպայի) մեջ, ամրացրեք ողնաշարին, պառկեք։
– Շփեք հյութով ողնաշարը, տաք պահեք։
Ռադիկուլիտ. Խառնեք 1 տրորած սխտոր, 100 գ բողկի քերվածք, ամրացրեք գոտկատեղին։
Լյարդի, լեղապարկի հիվանդություններ. Խառնեք 200 մլ բողկի հյութ 300 գ մեղրի հետ (2։3)։ Խմեք 50-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց 20-30 րոպե առաջ։ Կանխարգելում է քարերի առաջացումը լեղապարկում, լավացնում մարսողությունը։
Լեղամուղ. Խմեք մեկական թ/գ սպիտակ բողկի հյութը օրը 3 անգամ, սնվելուց 20-30 րոպե առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։
Որդաթափ. Խառնեք 1 ճ/գ բողկի (դառը) եւ կես թ/գ ձիթապտղի յուղ։ Խմեք օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք` 20, ընդմիջեք 7 օր, կրկնեք։
Մարսողությունը լավացնող. Բողկի մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է աղիների գործունեության ակտիվացմանը։ Սակայն կարեւոր է իմանալ, որ մեկ բաժին աղցանում բողկի չափաքանակը 30-50 գ է, ավելի շատի դեպքում կարող է առաջանալ փքվածություն։ Պատրաստեք հետեւյալ առողջաբեր աղցանը. խառնեք 50 գ բողկի, 200 գ կեղեւով խաշած բազուկի քերվածքները, 50 գ եռջրում 20-25 րոպե թրմված սեւ շլորաչիր, բուսայուղ։
Մրսածություն, հազ.
– Բողկը մանր կտրատեք, խառնեք մեղրի հետ (1։1)։ Երեք ժամից խմեք 3 ճ/գ առաջացած հյութի առաջին չափաբաժինը եւ կրկնեք յուրաքանչյուր 3 ժամը մեկ։
– Հանեք բողկի միջուկի կեսը, տեղը լցրեք շաքար (մեղր), ծածկեք բողկից առանձնացրած միջուկի վերեւի մասով։ Բողկը դրեք բաժակի վրա եւ ներքեւի մասում փոքր անցք բացեք։ Խմեք 5-10 թ/գ բաժակի հատակին իջած հյութը, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
– Տրորեք սխտորը, խառնեք բողկի քերվածքի հետ (1։3), շփեք մարմինը քնելուց առաջ։
– Խառնեք 100-ական մլ հյութ եւ ջուր, 1 ճ/գ մեղր։ Փոքր կումերով խմեք օրվա ընթացքում։
– Կտրատեք 1 միջին բողկը, ավելացրեք այնքան ջուր, որ ծածկի հումքը, խաշեք, կերեք 2 օրվա ընթացքում, եփուկը խմեք։
Այտուց. Բողկը 10 րոպե խաշեք եռջրում (2։5), 1 լ հեղուկում լուծեք 1 թ/գ աղ։ Կարելի է խմել ջրի փոխարեն։
Պեպեններ. Տրորեք բողկի սերմը, ավելացրեք օղի (1։5), թրմեք 2 շաբաթ` պարբերաբար թափահարեք։ Օրը 1-2 անգամ քսեք պեպեններին։
Դժվար բուժվող վերքեր. Փոշիացրեք սերմը, մշակեք վերքը վուշի յուղով, ցանեք փոշին։
Մաշկային ցան. Սերմերը 15-30 րոպե թրմեք գոլ ջրի մեջ (1։1), լցրեք պարկիկի մեջ եւ դրեք թրջոց։ Օգնում է կապտուկների եւ սուր հոդացավի դեպքում։