ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը համոզված է, որ առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն իր ձայներով զբաղեցնելու է առաջին տեղը, իսկ ԲՀԿ-ն` երկրորդ: Երրորդ «պատվավոր» տեղը Ռ. Պետրոսյանը վերապահում է ՀԱԿ-ին, քանի որ, ըստ նրա` «ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ն ունի ընտրազանգված»: Բավական ուշագրավ է ՀՀԿ-ական Պետրոսյանի դիտարկումը կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի վերաբերյալ: Ըստ նրա` ՕԵԿ-ը լինելու է չորրորդ տեղում, քանի որ «համագործակցում է իշխող կուսակցությունների հետ, եւ դա կարող է հնարավորություն ստեղծի` ինչ-որ չափով օգտվելու ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի իմիջից»: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Ռ. Պետրոսյանն ասել է. «Մենք ունենք բազմաթիվ մեկ ժիգուլիանոց կուսակցություններ, կամ էլ` ՀՅԴ, որը զառամյալ հասակ ունի, բայց, կներեք ինձ, ժողովրդի վստահությունը չի վայելում»: Չնայած այս գնահատականին, ՀՀԿ-ական Պետրոսյանի կանխատեսմամբ` ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկարողանա հաղթահարել 5 տոկոսի արգելապատնեշը: