Արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակիչներից ստորագրություններ եւ անձնագրային տվյալներ են հավաքում «Քեթրին» հիմնադրամի տնօրեն Արթուր Սարգսյանին նույն համայնքի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար: Հիշեցնենք, որ այդ հիմնադրամն իրականում ստեղծել է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս նախ ինքն է ցանկացել առաջադրվել, հետո որոշել է չթողնել ներկայիս պաշտոնը: Մեր տեղեկություններով` Մ.Պողոսյանը թեեւ իշխանությունների հետ բանակցությունների մեջ է այդ ընտրատարածքում իր թեկնածուին առաջադրելու համար, սակայն դեռ համաձայնություն չի ստացել: Մ.Պողոսյանն ամեն ինչ անում է, որ
ՀՀԿ-ն սատարի Ա.Սարգսյանին: Եվ հիմա նրանք, մասնավորապես, համայնքի բնակիչներից փորձում են շատ ստորագրություններ հավաքել, որ ՀՀԿ-ին ցույց տան, թե բնակիչները շատ են ցանկանում, որ Ա.Սարգսյանը դառնա իրենց տարածքի պատգամավորը: Իսկ այդ ստորագրությունների դիմաց բնակիչներին «Քեթրինից» խոստանում են վերանորոգել նրանց շենքերի մուտքերը, ծերերին ու անապահով ընտանիքներին հագուստ եւ սննդամթերք են բաժանում, եւ այլն: Հիշեցնենք նաեւ, որ թիվ 3 ընտրատարածքից այժմ պատգամավոր է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը, ով արդեն հայտարարել է, որ այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու, չնայած մամուլը գրում է հակառակի մասին: