Ինչո՞ւ են հայերը նվնվում

25/11/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Ինչ խոսք` ընդհանուր առմամբ մենք հպարտ ազգ ենք: Բայց առանձին-առանձին մենք շատ ենք սիրում նվնվալ:

Ընդհանրապես նվնվոցը հատուկ է երեխաներին: Երբ չի կատարվում երեխայի ինչ-որ քմահաճույք, սկսվում է հայտնի նվնվոցը, որը կտրվում է միայն այն պահին, երբ ծնողը կատարում է երեխայի ուզածը: Հենց այս դիտարկումից ելնելով, կարելի ենթադրել, որ նվնվոցը հայերի «մանկական հիվանդությունն» է, որն այդպես էլ չի բուժվում, քանի որ հայ ծնողները երբեք չեն պայքարում այդ հիվանդության դեմ: Ընդհակառակը, այդ պրոբլեմը հայերի մոտ տարիքի հետ ավելի է սրվում:

Բոլոր հայերը նվնվում են, որ կյանքը շատ վատ է, իրենք փող չունեն: Բայց քաղաքի կաֆեներում եւ ռեստորաններում տեղ չկա: Սփյուռքահայերը նվնվում են, որ շատ են կարոտում իրենց Հայրենիքը, բայց, սպանես, մեկը հետ չի գա Հայրենիք (երկքաղաքացիության կտերը չեն անցնի): Բոլորը նվնվում են, որ աշխատանք չկա: Բայց հենց աշխատանքի են ընդունվում, չեն իմանում` ո՞նց անեն, որ չաշխատեն:

Օրինակ, ճապոնացիներն ասում են, որ մինչեւ վեց տարեկան երեխային «ՉԷ» ասել չի կարելի: Իսկ մերոնցից ոչ մի ծնող իր երեխային «ՉԷ» չի ասի, անգամ եթե այդ երեխային արդեն դժվար է երեխա ասել (հատկապես, եթե ծնողը հնարավորություն ունի): Ստացվում է այնպես, որ 15-55 տարեկան հայ «երեխաները» մեծանում են «չաղ ու բախտավոր»: Եվ մեծանալուն պես սկսվում են պրոբլեմները: Որովհետեւ քառասուն տարեկան հասակում արդեն դժվար է լինում մարդուն բացատրել, որ ինքը կենդանուց տարբերվում է նրանով, որ, օրինակ, կենդանին իրոք չգիտի, որ «կարմիր լույսի տակ» չի կարելի խաչմերուկն անցնել 150 կմ/ժ արագությամբ:

Ես կարծում եմ, որ այս երեւույթը շատ լավ ուսումնասիրել են մեր քաղաքական գործիչները, որոնք աշխատում են «նվնվոցի» սկզբունքով: Հետո հենց կամ մի բան են տալիս, կամ մի բան խոստանում` ձենները կտրում են: Օրինակ, հենց Պարույր Հայրիկյանին խոստացան, որ օմբուդսմենն, անպայման չէ, որ կին լինի, հայ քաղաքականության «ամենա, ամենա, ամենա»-ն շատ արագ նվնվոցը կտրեց: Դա էլ հերիք չի, հլը մի բան էլ «այո»-ա երգում: Կամ, ասենք, Սեյրան Ավագյանը: ԱԺՄ-ում նվնվաց նվնվաց, տեսավ` Վազգեն Մանուկյանը ոչ մի բան չի կարողանում իրեն տալ, ուրիշ «պապա» գտավ, որն իրեն «սամալյոտի միս» տվեց: Միանգամից հանգստացավ: Ինչ վերաբերում է հայ քաղաքական իրականության նվնվոցի «սուպերադամանդ» Արտաշես Մամիկոնովիչին, ապա նա «կապրիզնի երեխայի» նման միշտ նվնվալու է: Որովհետեւ, նախ` դա դաշտում մնալու նրա միակ հույսն է եւ, երկրորդ` նրան միշտ տասն անգամ քիչ են տալու: Սերգո Երիցյանը նվնվում էր, որ վատ ա ապրում: Տեսա՞ք, հենց «ծնողները» նրա համար նախարարություն առան, էլ չի նվնվում: Ավելին, ուրիշների նվնվոցից ինքը «զզվում է ու նյարդայնանում»: Իսկ դաշնակները, որոնք ժամանակին շատ էին նվնվում, հիմա քիչ են նվնվում: Բայց համոզված եմ, հենց ԱԺ փոխխոսնակի աթոռը փոխարինվի ոստիկանապետի կամ, ասենք, պաշտպանության նախարարի աթոռով, Հայաստանում կոռուպցիան, ըստ դաշնակների, մի գիշերում կհավասարվի զրոյի (ու այդ ժամանակ կոռուպցիան շատ հեշտ կլինի չափել): Ինչ վերաբերում է հանրապետականներին, ապա քանի Երեւանում կան երթուղային տաքսիներ, նրանք չեն նվնվա (չհաշված ԱԺ մյուս փոխխոսնակին, որն անկախ ամեն ինչից նվնվալու է): Այս պատմության մեջ կան մարդիկ, ովքեր մեծանում են: Օրինակ, երբ ՀՀՇ-ից իշխանությունը խլեցին, նրանք երկար ժամանակ նվնվում էին: Բայց հետո տեսան, որ մեկ ա, իրենց իշխանություն հետ տվող չկա, հանգստացան (այս օրինակը շատ ուսուցողական է վերոհիշյալ Հայրիկյանի համար): Րաֆֆի Հովհաննիսյանն էլ տեսավ, որ նվնվոցը որոշ հարցերում չի օգնում, չգիտես ինչու, սկսեց միանգամից բարձր գոռալ: Համ էլ երեւի Ամերիկայում նվնվալն ընդունված չէ:

Օլիգարխները նվնվում են, որ հարկերը բարձր են, կարծես, որ ցածր լինեն` պետք է մուծեն: Ով որ օլիգարխ չի, նվնվում է, որ «կռիշ» չունի, բայց հենց ունենա` կսկսի «կռիշից» բողոքել ու նվնվալ: Ընդդիմությունը նվնվում է, որ հենց փողոց են դուրս գալիս, իրենց ջրում են, կամ իրենց առաջ փշալար են դնում: Բա հո գորգ չե՞ն փռելու ձեր առջեւ: Ամեն տեղ էլ իշխանություններն ընդդիմության դեմ պայքարում են: Շատ դեպքերում` բավական դաժան մեթոդներով: Չեք հավատո՞ւմ, Արթուր Բաղդասարյանից հարցրեք: Յուշչենկոն հաստատ պատմած կլինի:

Իհարկե, այս թեման կարելի է անվերջ շարունակել, սակայն իմ հոռետեսությունն այսքանով սահմանափակվում է, որովհետեւ ես լավատես եմ եւ համոզված եմ, որ մեր ապագա սերունդները կնվնվան մինչեւ 6 տարեկան (վատագույն դեպքում` մինչեւ 10 տարեկան): Իսկ հետո կհասկանան, որ ոչ թե նվնվալ է պետք, այլ սովորել ու աշխատել: Եվ այդ պարագայում ինքդ կարող ես հասնել այն ամենին, ինչը ծնողը կամ «պապան» քեզ չի տալիս կամ չի կարողանում տալ:

Նվնվոցից «զայլահան» եղած հայ`  Ա.Ք.