Մտարոնականն՝ ընդդեմ քաղաքացիների

18/02/2012

Հայաստանում մտավորականի տեղի ու դերի, ավելի ճիշտ` դրանց բացակայության մասին քննարկումներն ակտիվանում են հատկապես ընտրություններից առաջ: Այդ ժամանակ էլ իրենց մտավորական համարողները ցույց են տալիս իրենց իսկական դեմքը` ապացուցելով, որ բովանդակային առումով ոչնչով չեն տարբերվում իշխանական սափրագլուխներից: Երեկ Երեւանի Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանն իր պահվածքով ապացուցել է, որ արժանի է պատվավոր տեղ զբաղեցնել, ասենք, իշխանական որեւէ կուսակցության համամասնական ցուցակում: Մաշտոցի պողոտայում, Մարգարյանի հիվանդանոցին հարակից այգում իրականացվող շինարարության դեմ ակցիայի ժամանակ, վերջինս, ով նաեւ Երեւանի ավագանու անդամ է, Ոստիկանության ուղեկցությամբ մոտեցել է բնապահպան ակտիվիստներին` հայտարարելով, որ բողոքի ակցիան անօրինական է: «Դուք այսօր փորձում եք անել այն, ինչ ձեր նման մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանը` Քաջարան գյուղում: Դուք փորձում եք պաշտպանել իշխանությունների ապօրինությունը: Այստեղ ապօրինի շինարարություն է տեղի ունենում: Դուք որպես ո՞վ եք եկել այստեղ»,- դիմելով Երնջակյանին` հայտարարել է բողոքի ակցիային մասնակցող` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչին ի պատասխան` «մտավորականն» ասել է, որ ինքն այդտեղ է «օրենքի համար»: Ապա իրեն «իսկական երեւանցի» համարող Երնջակյանը բողոքի մասնակիցներին անվանել է «թափթփուկներ» ու հեռացել: Նման դեպքերում, որպես կանոն, ընդունված է մեղադրել իշխանություններին, ասել, որ իշխանությունը փչացնում է մտավորականներին, եւ այլն: Բայց հանուն արդարության` պետք է արձանագրել, որ իշխանությունը, մեղմ ասած, մեղավոր չէ: Վստահ ենք, Երնջակյանին որեւէ մեկը, այդ թվում` նրանք, ում նա ցանկանում է հաճոյանալ, չի պատվիրել իջնել այս աստիճանի: Պարզապես Երնջակյանը երեւի մտածել է, որ լավ առիթ է, եւ կարելի է ավելի «բարձր գնով ծախվել»: Թող մտավորականները չծախվեն, տեսնենք, ինչպես է իշխանությունը նրանց օգտագործելու: Այնպես որ` եթե վաղը որեւէ հատված պուրակում կառուցված էլիտար շենքում Երնջակյանը բնակարան ստանա, պետք չէ զարմանալ: Իսկ իրականում իսկական երեւանցիներ ու իսկական մտավորականներ են այն ակտիվիստները, նրանց աջակցող այն հասարակական ու քաղաքական գործիչները, ովքեր բառի բուն իմաստով` ոստիկանների հետ կռիվ տալով, գոնե մինչեւ երեկ, թույլ չեն տվել այդ շինարարությունը: