Իշխանությունը մնացել է Երնջակյանի հույսին

18/02/2012

Երեկ Ոստիկանության միջամտությամբ Մաշտոցի այգում վերսկսվել են Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների կառուցման աշխատանքները, ինչի դեմ բնապահպաններն ու ակտիվիստները բողոքի ակցիաներ էին իրականացնում մեկ շաբաթ շարունակ:

Երեկ, սկզբում մի քանի տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, որի ներսում սկսել են կատարվել կրպակի երկաթե կմախքի մոնտաժման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախօրեին բնապահպանները կարողացել էին այգուց հեռացնել բեռնատարը, որը ապագա կրպակի տարածքի համար բետոն էր բերել: Երեկ նույն այդ բեռնատարը կրկին բերվել է այգի, սակայն այս անգամ էլ, հանդիպելով բնապահպանների դիմադրությանը, մեքենան չի կարողացել մոտենալ շինարարության վայրին: Առավոտից բնապահպանների հետ այգում է եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով պարբերաբար բանակցություններ է վարել բնապահպան-ակտիվիստների եւ Ոստիկանության միջեւ: Երեկ Մաշտոցի այգի է եկել նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը` հայտարարելով, որ այդտեղ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Ըստ նրա, Ոստիկանությունը այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմումներ է ստացել եւ՛ կառուցապատողից, եւ՛ բնապահպաններից: Մաշտոցի այգի է եկել նաեւ Երեւանի քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, ով փաստաթղթեր է ներկայացրել, որոնք, ըստ նրա, հիմնավորում են կրպակի կառուցման օրինականությունը: Բնապահպանները եւ Զարուհի Փոստանջյանը, ծանոթանալով փաստաթղթերին, հայտարարել են, որ դրանք չեն հիմնավորում կրպակի կառուցումը: Բնապահպանները պնդում են, որ կրպակների կառուցումը հանրային տարածք հանդիսացող այգում` կանաչ գոտում, անթույլատրելի է: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, սակայն, հավաստիացնում են, թե ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում:

Երեկ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ուղեկցությամբ Մաշտոցի այգի է գնացել նաեւ Երեւանի ավագանու անդամ, Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանը: Գնացել ու հայտարարել է, թե այդ հավաքը անօրինական է: Իսկ երբ Զարուհի Փոստանջյանը նրան հարցրել է, թե ինչու է եկել, եթե օգնելու փոխարեն` մարդկանց վնասում է, Երնջակյանը ասել է` «օրենքի համար»: «Դուք այսօր փորձում եք անել այն, ինչ ձեր նման մտավորական Մերուժան Տեր-Գուլանյանը` Քաջարան գյուղում: Դուք փորձում եք պաշտպանել իշխանությունների ապօրինությունը: Այստեղ ապօրինի շինարարություն է տեղի ունենում: Դուք որպես ո՞վ եք եկել այստեղ»,- դիմելով Երնջակյանին` հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: Դրանից վրդովված` Երնջակյանը հայտարարել է, որ ինքը երեւանցի է եւ Երեւանի մասին ներկաներից ավելի շատ է մտածում: Այս խոսքերից հետո մարդիկ վանկարկել են` «ա-մոթ», ինչպես նաեւ` նման վարքագիծ դրսեւորող մտավորականի համար շատ ավելի բնորոշ արտահայտություններ: Ի դեպ, «իսկական երեւանցի» Արա Երնջակյանը իր խոսքում Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստներին անվանել է թափթփուկներ: Ավելի ուշ բնապահպանները տարածել են հայտարարություն` տեղեկացնելով, որ իրենք շարունակելու են ակցիան, մինչեւ այգի չգա քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բնապահպանները նաեւ կոչ են արել տարածքում գտնվող քաղաքացիներին` հանդարտություն հանդես բերել, երգել, պարել, ուրախանալ, բայց զերծ մնալ Ոստիկանության աշխատակիցների հետ ընդհարումից: Ավելի ուշ, ոստիկանների հետ բանակցության արդյունքում` համաձայնություն է ձեռք բերվել, որ բնապահպանները չեն մտնի շինհրապարակ, փոխարենը` ոստիկանների մեծ մասը կլքի տարածքը, եւ այնտեղ կմնան միայն մի քանի ոստիկաններ` հասարակական կարգը պահպանելու համար: