Հեռակա դիմել է մարտական ընկերոջը

18/02/2012

«Եթե ես ընտրություններին անցնեի, Սերժ Սարգսյանի համար ավելի լավ կլիներ, նա կազատվեր մի քանի կաշառակերներից` Կովալից, Արամ Դանիելյանից: Ես կլինեի ժողովրդի իրավունքների պաշտպանը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ով մասնակցում էր փետրվարի 12-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին եւ 1573-ով ավելի քիչ ձայն էր ստացել, քան գործող քաղաքապետը: «Ես հիմա էլ Սերժ Սարգսյանի մարտական ընկերն եմ ու չեմ ամաչում դրանից: Եթե որոշ հարցերում դեմ եմ նրան, դա դեռ չի նշանակում, որ նա իմ մարտական ընկերը չէ: Դա Աստծո տված բան է»,- ասել է Սասուն Միքայելյանը` տեղեկացնելով, որ չի բողոքարկելու քաղաքապետի ընտրությունների արդյունքները:

«Ո՞ւր դիմեմ: Եթե ամբողջ պետությունն ինձ դեմ է եղել, ես դիմեմ այդ պետությանն, ասեմ` ինձ արդարացրե՞ք, կամ չեղյա՞լ համարեք ընտրությունները… Ես չեմ ուզում շոու սարքեմ»,- հայտարարել է Միքայելյանը: Հարցին` մի՞թե ընտրություններից առաջ չգիտեր այդ մասին, եւ ինչո՞ւ առաջադրեց իր թեկնածությունը, Միքայելյանը պատասխանել է. «Իմաստ ուներ: Ես այս երկրի, պետության համար ամեն ինչ ներդրած մարդ եմ եղել: Եվ իմ ժողովրդի, իմ պետության համար մտածում եմ: Ո՞նց իմաստ չուներ… Ինչ կարգի մարդ ուզում է լինի, ինչ ձեւի աշխատել է 10 տարի, մի 4 տարի էլ թող գա փաթաթվի այս ժողովրդի վզի՞ն… Ես այդպես չեմ մտածում»: Սասուն Միքայելյանը երեկ ասել է նաեւ, որ անկախ ընտրությունների արդյունքից, ինքը դա հաղթանակ է համարում` հաշվի առնելով քարոզարշավի շրջանում եւ քվեարկության օրը առկա վախի մթնոլորտը եւ համատարած ճնշումներն իշխանության կողմից: Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ Հրազդանի ընտրությունները իշխանությունների համար նախավարժանք էին առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, ապա Սասուն Միքայելյանը չի կիսում այդ կարծիքները: «Հրազդանի մոդելը խորհրդարանական ընտրություններին այդ չափով չի կիրառվի: Այդ չափերի չի կարող հասնել: Որովհետեւ այնտեղ պայքարի արդյունքն ընդհանուր է, մի քանի կուսակցություններ իրենց շահն են ներկայացնում: Ինչ-որ չափով այդքանի չի հասնի: Այսինքն` բոլորը շահագրգռված կլինեն, որ արդար ընտրություններ լինեն,- ասել է նա` ավելացնելով,- Մեկ է` էս երկրում ամեն ինչ փոխվելու է: Վաղը վիճակը փոխվելու է: Հիմա Հայաստանում ապագա չեմ տեսնում: Բայց մարդիկ կամաց-կամաց իրենց միջից հանում են վախի զգացողությունը: Ես չեմ հուսահատվում, իմ կարգի մարդը որ հուսահատվի, ո՞նց կլինի. ես չեմ հուսահատվում: Ուղղակի ամեն ինչ արեցին` զրպարտեցին, վախեցրին, որ մարդիկ ինձ ձայն չտան: Հրազդանի ՋԷԿ-ի ղեկավարությունը թույլ չտվեց, որ հանդիպեմ աշխատողների հետ, «Միկա» ցեմենտը` եւս: Պետական բոլոր ենթակառուցվածքներով պայքարում էին իմ դեմ»: Անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Հայաստանում ԱՄՆ դեսպանի տված դրական գնահատականին` Սասուն Միքայելյանն ասել է, որ դա իր համար անակնկալ չէր. «Միշտ էլ ասում են, դրա համար էլ էս օրն ենք ընկել»: Միքայելյանը նշել է, որ հնարավոր չէր ՏԻՄ ընտրություններին Հրազդանում ավելի քան 90 տոկոս մասնակցություն ապահովել: «Ընտրակաշառքները կրել են համատարած բնույթ: Կնիքներն առավոտ շուտ թաց են եղել, օգտագործվել է «կարուսելի» մեթոդը, եղել է ավելի քան 800 անվավեր քվեաթերթիկ: Չգիտեմ` ինչ մեթոդներ են գործի դրել, բայց ինձ փողով չէին կարող հաղթել: Բոլորն իմ դեմ են աշխատել: Իմ քրոջ որդուն անգամ ցանկացել են ստիպել, որ չմասնակցի սեփական քեռու նախընտրական քարոզարշավին»,- ասել է նա` համոզմունք հայտնելով, որ իրականում Հրազդանում իշխանությունը գրեթե համակիրներ չունի: «ՀՀԿ-ն Հրազդանում հազիվ 10 տոկոս ձայն ունի, եւ Կոտայքի մարզպետ Կովալը ու Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքը իրենց սեփականությունն են դարձրել: Այս ամենով հանդերձ` ուզում եմ շնորհակալություն հայտնել այն 12.000 մարդուն, ովքեր քվեարկել են իմ օգտին եւ ոչ մի բանից չեն վախեցել: Ես խոնարհվում եմ այդ մարդկանց առաջ, որ մտածում են իրենց երեխաների ապագայի մասին»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը: Ի դեպ, նա ասել է նաեւ, որ ընտրություններից հետո հավաքույթ է կազմակերպել իր համակիրներին շնորհակալություն հայտնելու համար: «Երեք օր առաջ խնջույք ենք կազմակերպել, ուրախացել ենք, իսկ փող բաժանողները հիմա ռազբորկաների մեջ են. իրար կրծում-թափում են: Իսկ ես ընտրակաշառքներ չեմ բաժանել, հակառակ դեպքում` իմ տղաներին ուղղակի կկալանեին, այդպիսի մի առիթ են փնտրում: Բայց չեմ բողոքում, իմաստ չունի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր հայտարարել, թե ընտրակաշառք բաժանել են նաեւ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբից, որի ապացույցը հաղթող կողմն ունի: Ի պատասխան` երեկ Միքայելյանն ասել է. «Հերիք ա փողերով գործ անես, Ահարոն Ադիբեկյան: Դե, եթե փաստեր ունեն, թող բողոքեն, ինչի՞ մինչեւ հիմա չեն բողոքել: Ինձի գումար որտեղի՞ց, որ ես ընտրակաշառք բաժանեմ, կալանավոր մարդը փող ունի՞: Ես պայքարի ու գաղափարի մարդ եմ ու այս անգամ էլ չեմ հուսահատվել: Մենք հաղթել ենք, իսկ Արամ Դանիելյանը նշանակվել է քաղաքապետ: Ես ընտրություններին մասնակցել եմ հաղթելու տրամաբանությամբ եւ հաղթել եմ: Միաժամանակ, եթե Արամ Դանիելյանը արդար ճանապարհով հաղթած լիներ, կշնորհավորեի նրան, հիմա նրա կեղծիքնե՞րը շնորհավորեմ»: Սասուն Միքայելյանը դեռ չի որոշել` մեծամասնական ընտրակարգով առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը Հրազդանն ընդգրկող ընտրատարածքում: Ասել է, որ ապրիլին կհայտարարի այդ մասին: «Ես պայքարել եմ ու պայքարելու եմ: Ինչքան էլ գումար դնեն, չեն կարող ինձ հաղթել: Ժողովուրդը կտա իր գնահատականը»,- ասել է նա: