«Հիվանդ» արտահանում, ավելի խոցելի տնտեսություն

18/02/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մաքսային կոմիտեն երեկ հրապարակել է ՀՀ արտաքին առեւտրի 2011 թվականի տվյալները, որտեղից պարզ երեւում է, թե որքան «տպավորիչ» են իրականում դրանք։

Ավելի վաղ Ազգային վիճակագրական ծառայությունն էր հրապարակել արտաքին առեւտրի ցուցանիշները՝ ազդարարելով արտահանման 27.7% եւ ներմուծման 10.7% աճ։ Ըստ ԱՎԾ տվյալների, արտահանումը 2011թ. կազմել էր շուրջ 1.33 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 3.74 միլիարդ։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը հսկայական է` 2 միլիարդ 182 միլիոն դոլար։ Սակայն մեր իշխանավորներին այդ ճեղքվածքը այնքան էլ չէր անհանգստացնում։ Նրանք գերադասում էին ուշադրություն դարձնել, այսպես ասած, միտման վրա։ Ասել է թե՝ արտաքին առեւտրի բացասական ճեղքվածքը մեծ է, սակայն արտահանումն աճել է առաջանցիկ տեմպերով, եւ նման կերպ շարունակվելու դեպքում մենք կամաց-կամաց կկրճատենք բացասական սալդոն։ Գերլավատեսությանն ի պատասխան` շատերը նշում էին, որ արտահանման 27.7% աճով չափից դուրս ուրախանալ պետք չէ, քանի որ դա հիմնականում եղել է հանքարդյունաբերական արտադրանքի՝ մասնավորապես, մետաղների գների աճի հաշվին։ Սակայն դա ոգեւորությունը չմարեց։ Ավելին՝ սկսեցին հնչել փայլուն տնտեսական հեռանկարների մասին խոստումներ, որոնցից ստացվում էր՝ շատ շուտով Հայաստանը դառնալու է արտահանման ուղղվածություն ունեցող երկիր։

Հիմա կրկին վերադառնանք մաքսային կոմիտեի տվյալներին։ Բանն այն է, որ ի տարբերություն ԱՎԾ հրապարակման, մաքսային վիճակագրությունը ներկայացնում է առանձին ապրանքատեսակների տվյալները՝ ըստ բնեղեն ծավալների եւ մաքսային արժեքի։ Այսինքն՝ այս տվյալները հնարավորություն են տալիս հաշվարկել գնաճի գործոնը։ Եվ մոտավոր պատկերացում կազմել, թե աճի համար որքանով ենք պարտական գների աճին։

Աղյուսակը կազմել ենք մաքսային վիճակագրության՝ առավել բարձր արժեք ունեցող ապրանքների արտահանման ցանկի հիման վրա։ Ընդ որում,՝ հաշվի ենք առել միայն մետաղները։

Եթե համեմատենք 2011 եւ 2010թ. ցուցանիշները, ապա կտեսնենք, որ բնեղեն արտահայտությամբ արտահանումն իսկապես աճել է։ Սակայն գներն ավելի շատ են աճել։ Օրինակ՝ հենց առաջին կետը՝ պղնձի հանքաքարի արտահանում, բնեղեն արտահայտությամբ աճել է 2%-ով, սակայն գինը՝ մեկ տոննայի հաշվով, աճել է 21%-ով։ Արդյունքում՝ արտահանման ցուցանիշն աճել է 23.7%-ով՝ 210.6 միլիոնից դառնալով 260.5 միլիոն։ Իսկ որքա՞ն կլիներ նույն պղնձի հանքաքարի ցուցանիշը, եթե գինը չփոխվեր (մնար 2010թ. մակարդակին)։ Աղյուսակի վերջին սյունակը հենց այդ հարցին է պատասխանում՝ 214.9 միլիոն։ Այսինքն, պատկերավոր ասած, վերջին աղյուսակում ինդեքսավորել ենք արտահանման ցուցանիշը՝ զրոյացնելով գնաճի գործոնը։ Արդյունքում, 11 խումբ ապրանքների արտահանման ցուցանիշը 725.3 միլիոնի փոխարեն` դարձել է 642 միլիոն։ Ստացվում է, որ միայն վերը նշված 11 ապրանքատեսակների գծով գների աճը առաջացրել է 83.3 միլիոն դոլարի աճի ցուցանիշ։ Իսկ դա, բնականաբար, իրական աճ համարել չի կարելի։ Կարելի էր այդ ազդեցությունը հաշվել նաեւ մնացած բոլոր արտահանվող ապրանքատեսակների դեպքում։ Չի բացառվում, որ արդյունքում պարզվեր, որ արտահանման իրական աճը (առանց գնաճի) մոտ է զրոյական մակարդակին։

Սակայն մաքսային վիճակագրությունը մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ է ի հայտ բերում։ Միայն մետաղների արտահանումը՝ ընդամենը 11 անուն ապրանք, կազմում է ողջ արտահանման ծավալի կեսից ավելին։ Հիշեցնենք, որ ողջ արտահանումը՝ 852 անուն ապրանքներ, 2011թ. կազմել է 1.33 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ մեր արտահանման կառուցվածքը «հիվանդ» է եւ կախված է հիմնականում հանքարդյունաբերության (մասնավորապես՝ մետաղների) արտահանումից։

Միգուցե ոմանք կհակադարձեն՝ ասելով, որ դա նորություն չէ։ Որ պետությունն ինքն էլ ընդունում է այդ թերությունը եւ հայտարարում, որ ամեն ինչ անում է արտահանման (բնականաբար, նաեւ արդյունաբերության) կառուցվածքը փոխելու համար։

Համաձայն ենք՝ դեռ 2009 թվականից սկսած կառավարությունը խոսում է ճգնաժամի դասերի եւ հանքարդյունաբերության ոլորտի դերի սահմանափակման անհրաժեշտության մասին։ Կարելի էր կարծել, որ վերջին 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ պետք է արձանագրվեր։

Դա ստուգելը դժվար չէ։ Օրինակ՝ եթե հաշվենք, թե վերը նշված 11 ապրանքատեսակների տեսակարար կշիռն ընդհանուր արտահանման մեջ որքան է կազմել նախորդ տարիներին, պարզ կդառնա` իրականում ինչ-որ բան արվե՞լ է արտահանման վիճակը շտկելու համար։ 2011թ., ինչպես արդեն նշվեց, այդ ապրանքատեսակների տեսակարար կշիռը կազմել է 54%։ 2010 թվականին եղել է 58.6%։ Այսինքն՝ 2010թ. համեմատ դրական միտում կա։

Սակայն, երբ ավելի ենք ետ գնում, վիճակը փոխվում է։ Այսպես, 2009 թվականին 11 անուն մետաղական ապրանքատեսակների արտահանումը կազմել էր ընդհանուր արտահանման 50.1%-ը։ Իսկ 2007 եւ 2008թթ., համապատասխանաբար, 48% եւ 46.3%։ Այսինքն, արտահանման կառուցվածքն այսօր ավելի հիվանդ է, քան ճգնաժամից առաջ։

Իսկ դա արդեն վտանգավոր է։ Եթե հաշվի առնենք համաշխարհային տնտեսության (մասնավորապես, եվրոյի գոտու) հնարավոր անկումը, ապա մեր տնտեսությունն այսօր ավելի խոցելի է, քան 2008-2009 թվականներին։