«Հայաստանի դատական համակարգը խնդիրներ ունի»,- ասում է Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը

18/02/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եվրոպացի դատավոր Մարկուս Շնայդերը Հայաստան էր եկել տնտեսական անբարեխիղճ մրցակցության մասին դասախոսություն կարդալու նպատակով: Վերջինիս վարած դատական գործերը մեծամասամբ առնչվում են տնտեսական դաշտի խնդիրներին ու դրանց դեմ պայքարի ձեւերին: Նրա վարույթում են գտնվում աշխարհահռչակ մի շարք բրենդերի դատական գործեր:

– Պարոն Շնայդեր, երկրորդ անգամ եք գտնվում Հայաստանում, արդյո՞ք հասցրել եք ծանոթանալ Հայաստանի տնտեսական դաշտին:

– Ճիշտ է, երկրորդ անգամ եմ գտնվում Հայաստանում, բայց բավականաչափ տեղյակ չեմ Հայաստանի եւ հայերի խնդիրներից: Հայաստանի մասին գիտենք այն, թե ինչ էր կատարվել 100 տարի առաջ Թուրքիայում, ինչպես նաեւ այն, որ Հայաստանը Խորհրդային Միության մաս էր կազմում: Անկեղծ ասած, Հայաստանի Հանրապետությունը շատ հեռու է մեր երկրից, ինչպես, օրինակ, Ադրբեջանը կամ Վրաստանը, եւ դժվար է հասկանալ տեղի տնտեսական խնդիրները: Դժբախտաբար, գերմանական թերթերը որեւէ տեղեկատվություն չեն հայտնում Հայաստանի մասին: Նույնը չենք կարող ասել Անգլիայի կամ Ֆրանսիայի մասին. պարոն Սարկոզիի քայլի` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին բավական ակտիվորեն գրվել էր թերթերում: Գերմանիայում մենք եւս քննարկում էինք Ֆրանսիայի այդ քայլն ու Թուրքիայի ռեակցիան:

– Իսկ, մասնավորապես, ի՞նչ դիտարկումներ հնչեցին այդ քննարկումների ժամանակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիայում բնակվում են մեծ թվով թուրքեր:

– Այո՛, Դուք ճիշտ եք` Գերմանիայում բնակվում են մեծ թվով թուրքեր, բայց, կարծում եմ` թուրքերն ու Թուրքիայի կառավարությունը շատ տարբեր են: Իմ ֆրանսիացի ընկերներից ոմանք Թուրքիայի կառավարության արձագանքը` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագծի վերաբերյալ, խելահեղ արարք համարեցին: Նրանք զարմացել էին Թուրքիայի իշխանության բարձրացրած աղմուկից: Գերմանիան 20 տարի շարունակ քննարկում էր իր անցյալը` Երկրորդ համաշխարհային պատերազմն ու հրեաների հետ կատարածը` Հոլոքոստը: Զարմանալի է` գրեթե 100 տարի է անցել Թուրքիայի` անցյալում գործած հանցագործությունից, բայց այդ մասին որեւէ քննարկում չկա այնտեղ: Կարծում եմ` սա սարսափելի է, բայց պարոն Սարկոզիի այդ քայլը բավական հուսադրող է: Գերմանիայում մենք ունենք նման օրենք, ըստ որի` նա, ով ժխտում է Հոլոքոստը, ոչ միայն դրամական տուգանք է կրում, այլեւ ազատազրկվում է:

– Այնուամենայնիվ, տնտեսական անբարեխիղճ մրցակցության մասին երկու անգամ դասախոսություն եք կարդացել Հայաստանում: Ըստ Ձեզ` ի՞նչ կարող են փոխել այդ դասախոսությունները, եթե երկրում իշխում է մենաշնորհը, եւ ինչպե՞ս պետք է պայքարել դրա դեմ:

– Գիտեք, մշակույթները շատ տարբեր են: Ուզում եմ հատկապես ընդգծել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին քայլերը, որոնք վկայում են, որ ամեն ինչ ճիշտ ուղու վրա է: Չնայած դրան, ես որոշակի տեղեկություններ եմ ստացել Հայաստանի դատական համակարգի մասին: Հայաստանի դատական համակարգը մեծ խնդիրներ ունի: Լավ է, որ Հայաստանը նայում է զարգացած երկրներին` դիտարկելով դրանց դրական եւ բացասական կողմերը: Ցավոք, իմ տեղեկություններն այդքան էլ շատ չեն Հայաստանի մասին: Գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում անցկացրած իմ ժամանակը շատ կարճ է:

– Պարոն Շնայդեր, այսօր աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվում է Գերմանիայի տնտեսությունը: Ո՞րն է Ձեր երկրի տնտեսության արագ զարգացման գաղտնիքը:

– Չգիտեմ, չգիտեմ: (Ժպտում է.- Մ.Մ.): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի տնտեսության կառուցվածքը փոխվեց, քանդվեց, եւ դրվեց նոր մեկնարկ:

Իհարկե, ես հասկանում եմ Ձեր հարցի էությունը, բայց տվյալ պարագայում` խնդիրը նաեւ մշակույթների առանձնահատկությունն է: Իսկապես, Գերմանիայի տնտեսությունը տարբերվում է Իտալիայի կամ Ֆրանսիայի տնտեսություններից իր արագ զարգացմամբ: Մենք շատ ենք աշխատում, բայց նույնկերպ աշխատում են նաեւ ֆրանսիացիները: Այսօր Իտալիան իր տնտեսության զարգացմամբ հետընթաց է ապրում, կամ Հունաստանը, որ հայտնվել է աղքատ երկրների շարքում: Հունաստանի տնտեսության հիմնական, այսպես ասած, եկամուտը ձեւավորվում է զբոսաշրջությունից: Նույն պատկերն է նաեւ զարգացած երրկներից մեկում` Իսպանիայում, որտեղ ամուր հիմքերի վրա էին գտնվում ավիացիան, բանկային համակարգը, բնակարանաշինությունը: Բավական բարդ է պատասխանել Ձեր հարցին, եւ կարելի է մի շարք գործոններ թվարկել: Կարծում եմ` գլխավոր գործոններից մեկն այն է, որ Գերմանիայում արդարադատության համակարգը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը չենք կարող ասել Իտալիայի մասին: Կարծում եմ` յուրաքանչյուր որոշում պետք է բխի ոչ թե տվյալ պահին «լավ» ծառայություն մատուցելու, այլ մոտակա ապագայի մասին մտահոգությունից:

– Մինչ հարցազրույցը Դուք բազմիցս ընդգծում էիք Ձեր դատական համակարգի ազատության մասին, ինչպես նաեւ նշեցիք, թե ինքներդ լիովին ազատ եք: Նկատի ունեք Կառավարության ճնշումներից ազատ լինելու հանգամա՞նքը:

– Գերմանիայի արդարադատության համակարգը լիովին ազատ է: Մենք` դատարանի նախագահող դատավորներս, կատարում ենք ամենօրյա աշխատանք եւ որեւէ ազդեցություն չենք կրում իշխանությունների կողմից: Ես բացարձակ ազատ եմ, եւ գիտե՞ք` այդ ազատությունն առավել քան պատասխանատվություն է պարունակում: Իմ աշխատանքն ավարտվում է ժամը 17:00-ին, մինչդեռ երբեմն աշխատում եմ մինչ ուշ երեկո: Որեւէ մեկն ինձ չի պարտադրում այդքան աշխատել, բայց ես իմ աշխատանքը կատարում եմ հաճույքով: Դատական գործերը շատ-շատ են, որոնք հիմնականում վերաբերում են տնտեսական անբարեխիղճ մրցակցությանը` պատենտավորման, շուկայական ապրանքանիշի, որոշ գործեր էլ` հակամենաշնորհային օրենքներին: Ի դեպ, նշեմ, որ հակամենաշնորհային օրենքի խախտման դեպքերն ամենակարեւոր հատվածն է: Իսկ ինչ վերաբերում է մեր ազատությանը, ապա ընդգծեմ, որ դատարանի նախագահի հետ մենք միայն ադմինիստրատիվ հարցեր ենք քննարկում, եւ ոչ ավելին: