Երեկ մեր խմբագրության էլեկտրոնային փոստով նամակ ենք ստացել Աննա Եղիազարյանից, ով տեղեկացնում է 18-ամյա Արփինե Հարությունյանի առողջական խնդիրների մասին: Ա. Հարությունյանն իր նամակում գրում է. «Հարգելի՛ բարեկամ, մեր օրերում դժվար է գտնել գթասիրտ մարդկանց, ովքեր սրտացավ են ուրիշների նկատմամբ, ովքեր կիսում են ուրիշի հոգսը. առանց այն էլ` հոգսերով լի է այս աշխարհը: Ես 18 տարեկան եմ եւ ունեմ այնպիսի առողջական խնդիրներ, որոնք չէի ցանկանա, որ որեւէ մեկն ունենար այս կյանքում: 2011թ. մայիսի 12-ից սկսեցի սուր ցավեր զգալ: Այնուհետեւ ծնողներս ինձ տեղափոխեցին Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն, որտեղ էլ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ինձ մոտ աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի սարկոմա է: Ես հոգեկան ծանր կացության մեջ ընկա: Հիվանդությունը կանխելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր. ամեն 21 օրը մեկ դեղամիջոց ընդունելու համար ինձ հարկավոր է 400.000 ՀՀ դրամ: Ես արդեն քիմիաթերապիայի 4 կուրս ընդունել եմ, սակայն սա ամենը չէ, սա կազմում է բուժման ընդամենը մի մասը, եւ հարկավոր է շտապ իրականացնել վիրահատություն: Վիրահատության եւ հետագա դեղամիջոցների համար անհրաժեշտ գումարը չենք կարողանում հայթայթել: Գիտակցելով այդ ամենը` խնդրանքով դիմում եմ բոլոր բարի մարդկանց: Օգնե՛ք ինձ ապրել, օգնե՛ք որքանով կարող եք: Սիրելի՛ ընթերցող, իմ կյանքը կախված է յուրաքանչյուր անհատի գթասրտությունից: Խնդրում եմ, ո՜վ բարի մարդիկ, օգնե՛ք ինձ…»:
Արփինե Հարությունյանը նաեւ հեռախոսահամարներ է թողել, որով կարող եք զանգահարել եւ գումար փոխանցել` 055-19-87-88, 055-80-85-19։