Կրթության անորսալի պետ

18/02/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին: Հիշեցնենք, որ վերջերս «Հելսինկյան կոմիտեն» մոնիտորինգ էր իրականացրել եւ հանրապետությունում արձանագրել էր պարտադիր կրթությունից դուրս մնացած մեծ թվով երեխաների փաստը: Միայն Շենգավիթ համայնքում հայտնաբերվել էր նման յոթ երեխա, սակայն, չնայած դրան, «Հելսինկյան կոմիտեի» երեխաների իրավունքների պաշտպանության համակարգող Հասմիկ Հովհաննիսյանը ենթադրում էր, որ այդ թիվն ավելի մեծ է: Մեր այս հրապարակումից հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք Շենգավիթ վարչական շրջանի Կրթության բաժին` պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: Մինչ օրս, սակայն, մեզ չի հաջողվել կապ հաստատել Կրթության բաժնի պետի հետ. մեր գրեթե ամենօրյա հեռախոսազանգերին ստանում ենք «Տեղում չէ» պատասխանը: Պարզվում է` երեք շաբաթից ավելի Շենգավիթ վարչական շրջանի Կրթության բաժնի պետն իր տեղում չէ, սակայն այդ «տեղի» համար նա ստանում է աշխատավարձ: Այս երեք շաբաթվա ընթացքում մենք բազմիցս թողել ենք նաեւ հեռախոսահամար` հույս ունենալով, որ «տեղում» լինելուց հետո Կրթության բաժնի պետն, այնուամենայնիվ, կարձագանքի, սակայն` անօգուտ: Օրեր առաջ մեր հեռախոսազանգին կրկին պատասխանեց բաժնի աշխատակիցներից մեկը: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ իրենց «անորսալի» պետը տեղում չէ, նա պատասխանեց. «Նա միշտ էլ տեղում է, բայց հիմա տեղում չէ»: Այսինքն` ստացվում է, կա՛մ Կրթության բաժնի պետը տեղում է, բայց մեզ ասում են, որ նա տեղում չէ, կամ էլ` տեղում չէ, ասում են` տեղում չէ: