Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք հաշմանդամության խնդրին` մասնավորապես ներկայացնելով իշխանական կոալիցիոն կուսակցությունների նախընտրական ծրագրերում զետեղած` այս ոլորտի վերաբերյալ խոստումները, որոնք մինչ օրս չեն իրականացվել:
Նաեւ ներկայացրել էինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի մեկնաբանությունները վերջին տարիների ընթացքում հաշմանդամության ոլորտում իրականացված ծրագրերի վերաբերյալ:
Այս ոլորտում, թերեւս, ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել Հայաստանի կողմից 2010թ. վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» միջազգային կոնվենցիան, որը կպարտավորեցնի ՀՀ իշխանություններին լուրջ բարեփոխումներ կատարել ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ` կհստակեցնի գործադիր մարմնի լիազորությունների շրջանակը: «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանի հավաստմամբ` կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանի համար պետք է առաջնահերթություն դառնա օրենսդրական դաշտը կոնվենցիային համապատասխանեցնելը: Այլ կերպ ասած` կոնվենցիայի, օրենսդրական դաշտի կամ իրավական ակտերի հակասություններն անհրաժեշտ է համահունչ դարձնել կամ վերաձեւակերպել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» միջազգային կոնվենցիային: «Սա Հայաստանի վավերացրած ամենաերիտասարդ կոնվենցիան է: Պետք է նշեմ, որ Հայաստանն ունի վավերացրած «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, որով արդեն պարտավորվեց երկրում լիարժեքորեն իրականացնել երեխայի իրավունքներն` ըստ կոնվենցիայի պահանջների, եւ պարբերաբար նաեւ հաշվետվություն ներկայացնել, թե այդ ոլորտում երկիրն ինչ առաջընթացներ է գրանցել, կամ ինչ խնդիրներ կան»,- ասում է Ս. Թադեւոսյանը` հավելելով, որ ներկայումս իրականացվող երեխաների իրավունքների ոլորտի բարեփոխումներն ու ռազմավարությունը մշակվում են ի նպաստ կոնվենցիայի իրականացմանը: Այսինքն` Հայաստանը` վավերացնելով կոնվենցիաները, շատ դանդաղ քայլերով, հետագայում` նաեւ ճնշումների ենթարկվելով, այնուամենայնիվ, կատարում է ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի պահանջները: Ինչեւէ, հետաքրքրվեցինք, թե կոնվենցիայի պահանջների կատարման վերահսկողության մեխանիզմները որո՞նք են, եւ արդյո՞ք հասարակական կազմակերպություններին ՀՀ կառավարությունը հաշվետու է այս իմաստով: «Մեխանիզմ կա, բայց մեր երկրում դեռ ձեւավորված չէ: Կոնվենցիայի հոդվածներից մեկով երկրներին առաջարկվում է ստեղծել մոնիտորինգի մեխանիզմ: Երկրներ էլ կան, որոնք, օրինակ` ընդունել են հաշմանդամության հարցերով օմբուդսմենի ինստիտուտի մոդելը: Որոշ երկրներ Մարդու իրավունքների գրասենյակն է օգտագործում որպես մեխանիզմ` մոնիտորինգի եւ գնահատման իրականացումը կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ: Երկիր կա, որ նախագահի մակարդակով հատուկ հանձնաժողով կամ երեխաների հարցերով առանձին նախարարություն կամ կոմիտե ունի»,- դրսի փորձի վերաբերյալ իր ունեցած տեղեկություններն է փոխանցում «Հույսի կամուրջի» նախագահը` հիշեցնելով, սակայն, որ վերը նշվածները ոչ թե հասարակական, այլ` պետական ինստիտուցիոնալ կառույցներ են, որոնք ունեն անկախ գործառույթներ: Ամեն դեպքում, ավելի անկախ են համարվում մոնիտորինգի եւ գնահատման հետազոտական ինստիտուտները, որն, օրինակ` ներդրված է Իռլանդիայում, եւ հետազոտական ինստիտուտը ոլորտի խնդիրները վեր հանելու նպատակով պարբերաբար իրականացնում է մոնիտորինգի եւ գնահատման գործառույթ: Ինչեւէ, Հայաստանում կոնվենցիաների պահանջների կատարման վերահսկողական մեխանիզմներ ստեղծելու համար ակտիվ քննարկումներ են իրականացվում, հետեւաբար` դեռեւս պարզ չէ, թե կոնվենցիայի կիրառության համար կստեղծվի՞ առանձին կառույց, թե՞ հաշմանդամության հարցերով ազգային հանձնաժողովին կից կստեղծվի հանձնաժողովի մեկ այլ ենթակառույց (որն, ի դեպ` Դանիայի մոդելն է): Օրինակ, Դանիայում հաշմանդամության հարցերի հանձնաժողովի համանախագահներն են` Սոցապ նախկին նախարարը, հաշմանդամության հարցերով զբաղվող կազմակերպությունների միության ընտրովի ներկայացուցիչը (որը սովորաբար լինում է հաշմանդամություն ունեցող անձ), ինչպես նաեւ` առանցքային այն նախարարությունների ներկայացուցիչները, որոնց դաշտում կա մարդու իրավունքների, առողջապահության, սոցիալական պաշտպանության, տարածքային կառավարման եւ քաղաքաշինական գործառույթ: Հարկ է նշել, որ որպես վերահսկողական մարմնի ներկայացուցիչներ` ընդգրկում են նաեւ փորձագետների, հասարակական կազմակերպությունների եւ Համայնքների միության ներկայացուցիչների, որոնք, մասնակցելով նիստերին, իրավունք ունեն խորհուրդներ տալ, դիտարկումներ եւ առաջարկություններ անել: «Այսօր մենք դեռեւս չունենք վերահսկող մեխանիզմի ընտրած մոդել, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է այդ պարտավորությունը կատարի»,- ասում է Ս. Թադեւոսյանը:
Ինչեւէ, Հայաստանում կոնվենցիաների կատարման վերահսկման մեխանիզմները դեռեւս հստակեցված չեն, սակայն մի բան պարզ է, որ վերահսկող հանձնաժողովների կազմում գերատեսչությունների ներկայացուցիչների մեծաթիվ ընդգրկվածությունն արդյունավետ չի լինելու եւ ընդամենը վերահսկողության իմիտացիա է ստեղծելու: Այլ կերպ ասած` ինչպես լինում է սովորաբար` չինովնիկներն ավելի շատ խոսելու են արածի, քան չարածի մասին եւ, բնականաբար, ոլորտի թերությունները տարիներով կրկին «դոփելու» են: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հաշմանդամության հարցերով ազգային հանձնաժողովի նախագահը նույն ինքը` Սոցապ նախարարն է: Ս. Թադեւոսյանը, սակայն, այս մտահոգությունը չի կիսում` վստահեցնելով, թե հանձնաժողովներում կամ վերահսկող կառույցում 50% մասնակցություն են ունենալու հասարակական կազմակերպությունները: Այսինքն` հանձնաժողովում լինելու է հակակշիռ կողմ. «Այլ հարց է մասնակցության արդյունավետությունը եւ լիարժեք ներդրումը, որպեսզի հանձնաժողովը լավ աշխատի: Հասարակական կազմակերպություններն իրենք կարիք ունեն աճելու, զարգանալու, գիտելիքներով հարստանալու, որպեսզի մասնակցությունը խելամիտ լինի, այլապես հանձնաժողովում ներկայությունը լինում է դե ֆակտո»:
Փաստորեն, Հայաստանը երկու տարի առաջ վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ինչն իսկապես մեծ ձեռքբերում է: Սակայն դեռեւս չի ստեղծվել կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների կատարման վերահսկող մարմին, որն այսօր` երկու տարի անց, կարձանագրեր արված եւ չարված պարտավորությունները: