Փրկիչ Արթուրը

16/02/2012

«Ես գիտեմ, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե 2008թ. մարտի 1-ի հուզումները ձգձգվեին: Այդ մասին, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՕԵԿ-ը 2008թ. չմիացավ ՀԱԿ-ին: Նաեւ հավելել է. «Նախագահական ընտրություններից հետո մենք երեք ուղի ունեինք. առաջինը, համագործակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բայց դա մեզ համար անհնարին էր: Եթե մենք չկողմնորոշվեինք, մեզ կհարցնեին` դուք 300.000 ձայն եք ստացել, ի՞նչ եք անելու: Այս ժամանակ էլ մենք առաջարկ ստացանք համագործակցել կոալիցիոն կառավարության մեջ եւ ընդունեցինք այն: Ասում են, թե ես միացա կոալիցիային պաշտոնի համար: Ի՞նչ է, ես պաշտոն չունեի՞: Ես խորհրդարանի նախագահն էի: Եթե ուզենայի պահպանել իշխանությունը, չէի կարող: Ինչո՞ւ կառավարությունը ճնշում գործադրեց մեր վրա, ինչո՞ւ 2007թ. պատգամավոր-գործարարները դուրս եկան մեր կուսակցությունից: Ճիշտ է, մենք տարաձայնություններ ունեինք Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ դա լավագույն ապացույցն է, որ մենք գնում ենք մեր ճանապարհով, եւ մեզ համար գլխավորը մեր հայացքներն ու համոզմունքներն են, որոնք քաղաքական կոնյունկտուրայի զոհ չեն գնում»: