Տարոնից հիասթափվածները

16/02/2012

Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից այգում կրպակներ տեղադրելու որոշման դեմ արտահայտվող բնապահպանները երեկ «Ա1+»-ին փոխանցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման մանրամասները: Ակտիվիստ Կարեն Մարությանի խոսքով` Տ. Մարգարյանի հետ հանդիպումից իր տպավորությունը «բավականին բացասական է» եղել: «Քաղաքապետի հետ զրույցը ոչ մի հույս չտվեց, որ մոտ ժամանակները ինքն ինչ-որ բան կձեռնարկի»,- իր հերթին նշել է բնապահպան Արմո Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ակտիվիստներին հանդիպման էր հրավիրել Տ. Մարգարյանը` Մաշտոցի պողոտայի հարակից այգում ընթացող շինարարական աշխատանքների օրինականության հարցը քննարկելու համար: Բնապահպանների խոսքով` իրենք Տարոն Մարգարյանին ներկայացրել են շինարարության եւ Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պուրակ տեղափոխվելու պատճառով խախտված օրենքները, սակայն, ակտիվիստ Լենա Նազարյանի խոսքով` «քաղաքապետը ասաց, որ իր հետ օրենքով չխոսենք»: Արդեն 5-րդ օրն է, բնապահպանները մինչեւ ուշ երեկո ակցիա են անցկացնում Մաշտոցի պուրակում` վերջին կանաչ տարածքները փրկելու հույսով։ Եղանակային ցուրտ պայմանները հաշվի առնելով, նրանք հերթափոխով են հսկում տարածքը: Եթե Երեւանի քաղաքապետարանը չդադարեցնի այգում ընթացող շինարարական աշխատանքները, ակտիվիստները խոստանում են չբավարարվել միայն բողոքի ակցիաներով: Իսկ քանի դեռ խնդիրը իրավական լուծում չի ստացել, այգու հարակից շենքի բնակիչը` Ալբերտ Վարդանյանն, առաջարկում է կրպակները տեղափոխել ԱԺ բակ: Նրա կարծիքով, դրանք ավելի օգտակար կլինեն պատգամավորներին. «Որ դուրս գան` առեւտուր անեն, ուտեն-խմեն, քեֆ անեն»: