Մեծամասնականի բերած, մեծամասնականի տարած

16/02/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում կայացան 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների առաջարկած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ լսումները:

Հիշեցնենք, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու թեման, ավելի քան երկու ամիս է, արժանացել է քաղաքական ու հասարակական շրջանակների բուռն քննարկմանը: Եվ հատկանշական է, որ այդ գաղափարին կողմ է Հայաստանի ողջ` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարին կողմ լինելու մասին շաբաթներ առաջ հայտարարել էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները: Եվ հենց այդ պատճառով էլ դրա հետ կապված շարժումը ստացավ «Կոնսենսուս մինուս 1» պայմանական անվանումը: Այդ մեկը իշխող ՀՀԿ-ն է, որը դեմ է մեծամասնական ընտրակարգի վերացմանը: Նույն դիրքորոշումը ՀՀԿ-ն, բնականաբար, արտահայտեց նաեւ երեկ: Ընդ որում, ՀՀԿ-ն ոչ թե դեմ արտահայտվեց ընդհանրապես գաղափարին, այլ պատճառաբանեց, թե ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ընտրակարգ փոխելը նպատակահարմար չէ:

Իսկ ընդդիմությունը դեմ է մեծամասնական ընտրակարգին նաեւ այն պատճառով, որ համապետական ընտրությունների ժամանակ 41 ընտրատարածքներն ու դրանցում մեծամասնական թեկնածուների առաջադրումը դառնում է ընտրակեղծիքներ իրականացնելու հիմնական մեխանիզմներից մեկը: Բացի այդ, մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած 41 անձանցից շատ քչերն են զբաղվում օրենսդրական աշխատանքով, նրանք ԱԺ գրեթե չեն գալիս եւ որեւէ քննարկման չեն մասնակցում: Ընդամենը իրենց ընտրատարածքներում հատուկենտ ընտրողների մանր սոցիալական հարցերն են լուծում: Այդ պատգամավորներն իրենք էլ դա խոստովանում են: Եվ, որ ամենակարեւորն է, մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են դառնում հիմնականում տեղական օլիգարխներն ու մեծահարուստները, որոնք խորհրդարանում գերազանցապես ապահովում են իշխանության մեծամասնությունը: Այսինքն` եթե իշխանական կուսակցությունները մի փոքր կորուստ ունենան համամասնականի դեպքում, ապա դա լիովին փոխհատուցվում է մեծամասնական պատգամավորների թվաքանակի հաշվին: Ահա թե ինչու է մեծամասնական ընտրակարգն այդքան կենսական իշխանությունների համար, եւ այդքան մերժելի` ընդդիմության կողմից:

Երեկ այդ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերն ու հասարակական կառույցների ներկայացուցիչները հիմնականում քննադատեցին մեծամասնական ընտրակարգն ու Հայաստանի համար անհրաժեշտ համարեցին ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցումը: Օրինագծի հեղինակներից ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասաց, որ եթե ժողովուրդն ուզենա խորհրդարանական ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, ապա դա գործնականում անհնար կլինի: «Որովհետեւ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ընդդիմությունը, անգամ, եթե կրկնապատիկ անգամ ավելի ձայներ հավաքի համամասնական ընտրակարգով, միեւնույն է, խորհրդարանում կարող է չունենալ մեծամասնություն: Իշխանությունը միշտ ունենում է առնվազն 70 տոկոսով երաշխավորված մեծամասնություն: Սա է բուն պատճառը, որ ՀՀԿ-ն ատամներով պաշտպանում է մեծամասնական ընտրակարգը»,- հայտարարեց Ա.Ռուստամյանը:

Մեծամասնականը վերացնելու` ՀՀԿ-ի պատճառաբանություններից մեկն էլ այն է, թե այդպիսով կկտրվի ընտրող-պատգամավոր կապը: Այսինքն` տարբեր ընտրատարածքներից պատգամավոր դարձած անձինք ապահովում են ընտրող-իշխանություն կապը: Եվ եթե ընտրակարգը փոխվի ամբողջությամբ համամասնականի, ապա ընտրողները հնարավորություն չեն ունենա իրենց խնդիրների մասին տեղեկացնել պետական կառույցներին: «Որեւէ մեկը կաշկանդված չի լինի, եթե ընտրված լինի համամասնական ցուցակով եւ գնա Սյունիքի մարզ` Մեղրի, Ագարակ, Կապան, ներկայացնի այնտեղի բնակիչների իրավունքները եւ շահերը: Շատ մեծամասնական պատգամավորներ գրեթե կապ չունեն այդ տարածաշրջանի հետ, շատ եմ ցավում, բայց լինելով տարբեր մարզերում` լսում եմ, որ մարդիկ ցանկանում են պատգամավոր տեսնել, զրուցել իրենց խնդիրների մասին: Ասում են, թե իրենք իրենց մեծամասնական պատգամավորին տեսել են մեկ անգամ կամ ընդհանրապես չեն տեսել»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

100 տոկոս համամասնական ընտրակարգին կողմ են նաեւ արտախորհրդարանական ՀԱԿ-ը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը լսումների ժամանակ նշեց, թե ամբողջությամբ համամասնական ընտրակարգի ներդրումը իրենց ծրագրային դրույթներից է, քանի որ «Ազատ դեմոկրատները» ստեղծման օրվանից հայտարարել է խորհրդարանական կառավարման համակարգին անցման անհրաժեշտության մասին: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր կուսակցական ծրագրային դրույթն այսօր այսպիսի լայն հանրային հնչեղություն է ստացել եւ գրեթե անհնարին թվացող` ընդդիմության միավորման հիմք է հանդիսացել: 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու համար շատ են իշխանության կողմից ներկայացվող հակափաստարկները, բայց դրանցից մի քանիսը շատ են չարչրկվում: Մասնավորապես` ընտրողների հետ կապը: Մենք այդպիսով նսեմացնում ենք ԱԺ-ի` իշխանության հակակշիռ լինելու դերը` խորհրդարանը դարձնելով որոշակիորեն համատիրության գործառույթ ունեցող մարմին: Եվ այստեղ ընտրողի հետ կապ ասվածն արտահայտվում է միայն կենցաղային հարցերի մակարդակով, որոնք գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն են: Այսինքն` իշխանությունն ասում է, թե ունենալով մեծամասնություն տեղական ինքնակառավարման մարմիններում` ես լավ չեմ աշխատում: Եկեք թույլ տանք, որ մեծամասնականով ընտրված պատգամավորը գա, լրացնի այդ աշխատանքը… Մյուս փաստարկն այն է, թե մեծամասնական ընտրակարգի վերացումը մարդու իրավունքի խախտում է, քանի որ այդպիսով անհատները չեն կարող առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու: Դա լուծելի խնդիր է, քանի որ մեծամասնականով առաջադրվող որեւէ պատգամավոր, այսպես թե այնպես, իր ընտրողին ներկայանում է որեւէ ծրագրով: Հայաստանում, բարեբախտաբար, չկա որեւէ գաղափարական հոսանք, որը ներկայացնող կուսակցություն չլինի: Եվ բոլոր կուսակցություններն ունեն, այսպես կոչված, համակիրների ինստիտուտ ու համամասնական ցուցակներում ընդգրկում են նաեւ այդպիսի անձանց: Ակնհայտ է, որ այս հարցում անհրաժեշտ է միայն իշխանության քաղաքական կամքը: Իշխանությունը կամ պետք է խոստովանի, որ սա ուղղակի համակարգ է զուտ մեծամասնություն ապահովելու համար, կամ գնա այդ բարեփոխմանը»,- հայտարարեց Գ.Գեւորգյանը` թերահավատություն հայտնելով, որ իշխանությունը պատրաստ է դրան: Իսկ այս համակարգի պահպանման դեպքում, ըստ Գեւորգյանի, գոնե պետք է խմբագրական փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում` «մեծամասնական ընտրակարգ» անվանումը փոխարինելով «իշխանության համար մեծամասնություն ապահովող ընտրակարգ» ձեւակերպմամբ:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե մեծամասնական ընտրական համակարգը Հայաստանում վերածվել է մեծագույն չարիքի: «Այն իրականում դարձել է մի սիմբիոզ` տեղական օլիգարխների կամ հեղինակությունների եւ իշխող կուսակցության միջեւ, որը գործում է հետեւյալ պարզագույն սցենարով: Իշխանությունները հովանավորում են տեղական հեղինակությանը վարչական ռեսուրսով եւ ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ, օգնում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքում, իսկ տեղական հեղինակությունը կամ օլիգարխն այդ ծառայության դիմաց ներդնում է ֆինանսական, ուժային եւ կրիմինալ ռեսուրսներ` ընտրողներին կաշառելու եւ ահաբեկելու նպատակով: Մեծամասնական համակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օղակը»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը գտնում է, որ այդ ընտրակարգը թշնամացնում է մարդկանց, ընտրողներին, ընտանիքներին, հարեւաններին ու բարեկամներին: «Մեծամասնականով ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի, եւ բոլոր այն բացասական երեւույթները, որ ուղեկցում են ընտրությունները, անմիջականորեն կապված են մեծամասնականով ընտրապայքարի հետ: Եվ ոչ մի ընտրության արդյունք չարժի թեկուզ 2 հայ մարդու թշնամանքը, որ սկսվում է մեծամասնականով: Մենք այսօր պատրաստ չենք մեծամասնականով քաղաքակիրթ ընտրության: Ինչ վերաբերում է, թե մենք կկորցնենք ընտրողի հետ կապը, ես դրա հետ համաձայն չեմ: Ես իմ ընտրատարածքի ոչ միայն գյուղերը գիտեմ, այլ գյուղացիներին անուն առ անուն գիտեմ: Եվ եթե պատգամավորը ցանկանա զբաղվել որեւէ տարածքի խնդիրներով, դա մարդու խարակտերից է կախված»,- ասաց պատգամավորը:

Նա նաեւ ավելացրեց, թե ինքը մի շարք օրինագծեր է դրել շրջանառության մեջ, սակայն գործընթացն առաջ չի գնում մի պարզ պատճառով` ինքը որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում: «Չեն պաշտպանում, չեն համագործակցում, ինձ համար դա դժվար է: Եթե ես լինեի քաղաքական որեւէ կուսակցության անդամ, ինձ համար ավելի հեշտ կլիներ խորհրդարանում իմ ծրագրերն իրականացնել»,- ավելացրեց Լ.Խաչատրյանը:

Ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու` ՀՀ քաղաքական դաշտի գաղափարն ու այս բոլոր փաստարկները թեեւ ընդունելի էին իշխանությունների կողմից, սակայն նրանք դա չեն ընդունում: «Արդյո՞ք մենք պատրաստվում ենք ընդունել կամ դրական եզրակացություն տալ ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը: Ամենապարզագույն պատասխանը հետեւյալն է` ոչ, թեկուզ այն պատճառով, որովհետեւ ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չեն փոխում»,- իշխանության արդեն իսկ հայտնի որոշման մասին հայտարարեց լսումները վարող` ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը: