Տարիներ առաջ, մասնավորապես` 1998-2000 թվականներին տրամադրված շուրջ 1 մլրդ դրամի վարկերի համարյա կեսը մինչեւ այսօր չի վերադարձվել, որի հիմնական պատճառը, ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, այդ տարիներին առանց գրավի վարկերի տրամադրումն է: Տեղեկացնենք, որ անցյալում վարկ էր տրամադրվում համայնքի ղեկավարի կամ համայնքի մի խումբ բնակիչների երաշխավորագրի հիման վրա:
Նախարարի հավաստմամբ, ժամկետանց վարկերը այժմ վերադարձվում են դատարանի միջոցով: Ինչպես նշվում է karabakh-online.com-ում, դատարաններում գտնվում են մի քանի տասնյակ գործեր, որոնք վերաբերում են չվերադարձված վարկերին: Վարկերի մեծ մասի տրամադրման գրավ է հանդիսացել համապատասխան արժեքը չունեցող հողը: Այժմ վարկ վերցնողները համաձայն են պարտքի դիմաց պետությանը հանձնել գրավ դրած հողերը, իսկ պետությունն, իր հերթին, գտնում է, որ այդ հողերի արժեքը չի փակում վարկի գումարը, ինչի հետ համաձայնում է դատարանը:
Չնայած ծագող բավականին լուրջ խնդիրներին, Ղարաբաղում շարունակվում է վարկերի տրամադրման գործընթացը` տարեցտարի ընդլայնելով շրջանակները: Հայտնի է, որ 2006 թվականին նախատեսվում է տրամադրել 800 մլն դրամի վարկ` խաղողագործության, անասնապահության զարգացման եւ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար, որը կիրականացվի Զարգացման արցախյան գործակալության միջոցով: Ներկայումս վարկատուն` «Արցախբանկը», վարկ է տրամադրում միայն գրավի առկայության դեպքում (գրավ են հանդիսանում Ստեփանակերտում գտնվող բնակարանը կամ թանկարժեք մետաղները), բացառությամբ խաղողագործության համար տրամադրվող վարկի, երբ կոլեկտիվ հայտերի դեպքում կառավարությունն առաջին երեք տարում հանդես է գալիս որպես երաշխավոր, որից հետո գրավ է հանդիսանում հիմնված խաղողի այգին:
Ստացվում է այնպես, որ գյուղացին, ով չունի գրավի առարկա կամ վերոնշյալ կոլեկտիվի անդամ չէ, հնարավորություն չունի օգտվել տրամադրվող վարկերից: Նա սեփական միջոցներ չունենալու պատճառով ստիպված է լինում իր հողատարածքները վարձակալության հիմունքներով տալ մեկ ուրիշին` ընտանիքի գոյությունը պաշտպանելու համար: «Ափսոսանք եմ զգում, երբ իմ սեփական հողը չեմ կարողանում մշակել: Դուրս է գալիս, որ այն օգտագործում է մեկ ուրիշ ունեւոր ընտանիք»,- մեր զրույցի ժամանակ նշեց գյուղացիներից մեկը, որի կարծիքով, վարկերն էլ են նախատեսված ունեւոր խավի համար:
Ազգային ժողովի քննարկումների ժամանակ ԱԺ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը վարկերի տրամադրման գործընթացը համարեց չհիմնավորված, մանավանդ, որ դրանք հետագայում շատ դժվար է լինում վերադարձնել: Ա. Հարությունյանն` անդրադառնալով խաղողագործության զարգացման համար տրամադրվող վարկերին, մտավախություն հայտնեց, որ խաղողի առկա բերքատվության տեմպերի դեպքում մի քանի տարի հետո կկանգնենք մի շարք խնդիրների առջեւ` կապված բերքի իրացման, վերամշակման եւ գնի հետ, ինչպես հիմա, ասենք, ցորենի խնդիրն է: ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանը, հարցին ի պատասխան, ասաց, որ քայլեր կձեռնարկվեն նաեւ վերամշակման ուղղությամբ: Պատգամավոր Ա. Հարությունյանը կարեւորեց վարկերի տրամադրումից առաջ հստակ հաշվարկների կատարումն ու պահանջվող ուղղությունների զարգացման ծրագրի մշակումը: