Բեկորների կյանքը

16/02/2012

Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցությունը Փետրվարի 17-ին քննարկում կանցկացնի ՀՅԴ-ի, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ` պարզելու իրենց առաջիկա անելիքները: «Մենք պետք է այս ավանդական կուսակցությունների հետ քննարկենք եւ պարզենք, թե ինչքանով են նրանք կարեւորում համազգային կառույցների համակարգի հարցերը առաջիկա քաղաքական անցուդարձի մեջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Հարցին, թե արդյոք ԱԺԴ-ն կհամագործակցի՞, իր խոսքով` «ավանդական կուսակցությունների» հետ, Արշակ Սադոյանը պատասխանել է. «Ամեն ինչ քննարկումներից է կախված: Մենք այս շրջանում ուսումնասիրում ենք բոլոր կուսակցությունների ծրագրերն ու մոտեցումները, որից հետո պարզ կլինի մեր հետագա անելիքը»: Սադոյանը նաեւ նշել է, որ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ իրենց համագործակցությունը քիչ հավանական է, քանի որ գաղափարական ընդհանրություններ առայսօր չեն ունեցել: Կուսակցությունը վերջնական որոշում կընդունի փետրվարի վերջին: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը դեռեւս չի որոշել նաեւ ԱԺՄ-ն, որի նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ այդ հարցում իրենք որոշում կկայացնեն փետրվարի վերջին:

«Ընտրությունները մայիսին են, դեռ շատ ժամանակ կա: Բայց ամեն դեպքում փետրվարի վերջին համագումար ենք ունենալու, որտեղ կորոշենք մեր անելիքները»,- նշել է նա: